Հաճախ տրվող հարցեր
1. Ե՞րբ է սկսվում առկա բակալավրիատի ընդունելությունը:
- 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության համար դիմորդներն ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ 2020թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, ժամը 18.00՝ միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցելով 1500 դրամ:
2. Ինչպե՞ս է կատարվում հայտագրումը, քանի՞ մասնագիտության համար կարելի է դիմել:
- Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ առկա ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրած բոլոր մասնագիտությունների համար սահմանված է ընդունելության մրցութային միևնույն առարկայի քննությունը:
Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք առանց տարիքի սահմանափակման:
3. Ե՞րբ են անցկացվելու առկա բակալավրիատի ընդունելության քննությունները:
- Միասնական քննություններն անցկացվում են մեկ փուլով` հուլիս ամսվա առաջին տասնօրյակում:
4. Ինչպե՞ս են անցկացվելու անվճար և վճարովի ընդունելության մրցույթները:
Անվճար և վճարովի ուսուցման ընդունելության մրցույթներն անցկացվում են երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ:
Մասնագիտությունների մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ: Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր:
Ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին:
5. Քննությունից հավասար միավոր ստանալու դեպքում ո՞ւմ է տրվում առավելությունը:
Ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`
1) մեդալակիր դիմորդներին.
2) արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին.
3) հանրակրթական ուսումնական հաստատություններում 10-12 դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին.
4) ցանկում տվյալ մասնագիտության տողում առկա աստղանիշով (*) մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով(*) մեկից ավելի առարկաների դեպքում՝ այդ առարկաների գնահատականների միջին թվաբանական առավել բարձր միավոր ունեցող դիմորդներին.
5) պետական ավարտական քննություններից միջին թվաբանական առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին.
6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:
6. Ե՞րբ կլինեն առկա բակալավրիատի ընդունելության արդյունքները:
Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների հիմնական փուլի արդյունքներն ամփոփվում են մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:
Մրցույթի արդյունքը հաստատվում է հանրապետական ընդունող հանձնաժողովում, որից հետո բուհի ռեկտորը հրամանագրում է ուսանողներին:
7. Ե՞րբ և ինչպե՞ս է անցկացվելու լրացուցիչ փուլը:
Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով 2020թ. հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը, ժամը 18.00:
Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի:
Համաձայն ընդունելության դիմում-հայտի դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի վճարովի մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին՝
եթե ընտրած մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությունից ունի դրական միավոր.
եթե դրական միավորով քննությունը տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային քննությունը չէ, բայց ընդգրկված է տվյալ մասնագիտության քննությունների ցանկում:
Առավելությունը տրվում է տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությանը:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները հաստատում է 2020թ. հուլիսի 25-ին:
8. ՀՊՏՀ-ն ի՞նչ բակալավրական ծրագրեր ունի և որքա՞ն է վարձը:
- ՀՊՏՀ բակալավրիատի ծրագրերի ցանկը, ուսման վարձերի չափը, ինչպես նաև քննությունները ներկայացված են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Կրթական ծրագրերի հակիրճ նկարագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
9. ՀՊՏՀ-ն ի՞նչ մագիստրոսական ծրագրեր ունի և որքա՞ն է վարձը:
- ՀՊՏՀ մագիստրոսական ծրագրերի ցանկը, ուսման վարձերի չափը, ինչպես նաև քննությունները ներկայացված են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Կրթական ծրագրերի հակիրճ նկարագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
10. Ովքե՞ր կարող են դիմել ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրա:
- ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրա կարող են դիմել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձինք։ Մագիստրոսի աստիճան ունեցող դիմորդները երկրորդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով։
11. Ինչպե՞ս է կատարվում մագիստրատուրայի ընդունելությունը:
- Առկա մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է երկու փուլով:.
Առաջին փուլում անվճար ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել միայն ՀՊՏՀ առկա բակալավրիատի 2019-2020 ուսումնական տարվա համապատասխան որակավորում ունեցող այն շրջանավարտները, որոնց դիպլոմի հավելվածում գրանցված ուսումնառության բոլոր կիսամյակների արդյունքում կուտակված միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է առնվազն 86։ Թափուր տեղերի առկայության դեպքում մրցույթին կարող են մասնակցել նաև տվյալ մասնագիտությամբ այլ բուհեր ավարտած դիմորդները։
Ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ ըստ դիմորդների ՄՈԳ-երի (հարյուրերորդականի ճշտությամբ)։
Դիմորդների հավասար ՄՈԳ-ի պարագայում առաջնահերթության կարգով հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ չափանիշները՝
- գերազանցության դիպլոմի առկայությունը,
- ավարտական աշխատանքի պաշտպանությունից ստացած միավորը,
- մասնագիտական և մասնագիտացման առարկաներից ստացած միավորների գումարը։
Բանակից զորացրված դիմորդների համար նախատեսված տեղերի շրջանակներում տվյալ կրթական ծրագրով առկա անվճար ուսուցման մագիստրատուրայի ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ՀՊՏՀ բակալավրի համապատասխան որակավորում ունեցող, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և վերջին երեք տարվա ընթացքում զորացրված դիմորդները։ Ընդունելությունը կատարվում է առանց շեմային քննության, մրցութային կարգով` նախորդ ուսումնառության դիպլոմի հավելվածում գրանցված ՄՈԳ-ի հիման վրա։
Երկրորդ փուլում առկա մագիստրատուրայի վճարովի համակարգ կարող են դիմել ՀՊՏՀ և այլ պետական ու ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհերի առկա և հեռակա ուսուցման ընթացիկ և նախորդ տարիների բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող շրջանավարտները։
Սահմանված տեղերի շրջանակներում, առանց մասնագիտական շեմային քննության, ընդունելության մրցույթին մասնակցում են համապատասխան որակավորման ՀՊՏՀ շրջանավարտները։
Անվճար ուսուցման համակարգի մրցույթից դուրս մնացած, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և վերջին երեք տարվա ընթացքում զորացրված դիմորդները կարող են մասնակցել վճարովի համակարգի ընդունելությանը՝ մրցութային կարգով։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և ավելի քան երեք տարի առաջ զորացրված դիմորդների ընդունելությունը կատարվում է միայն վճարովի համակարգում՝ մրցութային կարգով։ Ընդունելության վերաբերյալ որոշումը կայացնում է ընդունող հանձնաժողովը:
12. Ե՞րբ է դիմորդը մասնակցում շեմային քննության:
-Ըստ կրթական ծրագրերի ընդունելության շեմային քննությանը դիմորդը մասնակցում է, եթե ՀՊՏՀ համապատասխան որակավորման կամ այլ բուհի նույն մասնագիտության բակալավրիատի շրջանավարտ չէ: Դիմորդն իր հայտագրած կրթական ծրագրի (ծրագրերի) համար շեմային քննություն է հանձնում:
13. Ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ մագիստրատուրայի շեմային քննությունների հարցաշարերին:
-Մագիստրատուրայի շեմային քննությունների հարցաշարերը հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում և կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
14. Քանի՞ մագիստրոսական ծրագրի կարող է դիմել դիմորդը:
-Դիմում-հայտում դիմորդը կարող է հայտագրել 2 (երկու) մագիստրոսական կրթական ծրագիր` ըստ նախապատվության։ Հայտում նշված առաջին ծրագրի չբացվելու կամ մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդը մասնակցում է երկրորդ ծրագրի մրցույթին։ Ծրագիրը չի բացվում, եթե ուսանողների թիվը չի համապատասխանում ՀՊՏՀ գիտական խորհրդի 2019 թվականի հունիսի 18-ի N 2 որոշմամբ սահմանված պահանջին: Եթե դիմորդի հայտագրած ծրագրերից ոչ մեկը չի բացվում, ապա ընդունող հանձնաժողովը նրան առաջարկում է որևէ այլ կրթական ծրագիր, որտեղ առկա են թափուր տեղեր՝ տվյալ կրթական ծրագրի մուտքային պահանջները բավարարելու կամ շեմային քննությունը հանձնելու պայմանով:
15. Ի՞նչ փաստաթղթեր են պետք ՀՊՏՀ մագիստրատուրա դիմելու համար:
- Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
- մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ (լրացվում է էլեկտրոնային եղանակով),
- բարձրագույն կրթության դիպլոմի և դրա հավելվածի բնագրերն ու պատճենները,
- անձնագրի բնօրինակը և պատճենը,
- 2 լուսանկար (3 x 4 չափսի),
- զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը և պատճենը,
- վերջին 3 տարվա ընթացքում ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները, ովքեր տվյալ մասնագիտության գծով մասնակցում են բանակից զորացրվածների (ԲԶ) համար հատկացված տեղերի մրցույթին, ներկայացնում են նաև տեղեկանք զինկոմիսարիատից՝ ծառայությունից զորացրվելու վերաբերյալ,
ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի երեխա լինելու, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դառնալու, առանց ծնողական խնամքի մնացած` մինչև 23 տարեկան երեխա լինելու մասին):
16. Ե՞րբ կարող ենք ներկայացնել մագիստրատուրայի ընդունելության դիմումները:
-Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով` ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետներում 1-ին փուլով` հունիսի 15-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ, 2-րդ փուլի ժամկետները և շեմային քննությունների օրերը կհրապարակվեն ավելի ուշ: