Հաճախ տրվող հարցեր
Հարգելի՛ դիմորդներ,
ձեզ ենք ներկայացնում 2021-2022 ուստարվա ՀՊՏՀ ընդունելության գործընթացին առնչվող հաճախ տրվող հարցերը և դրանց պատասխանները:
– Ինչպե՞ս է կատարվելու 2021-2022 ուստարվա ընդունելության հայտագրումը:
– 2021-2022 ուստարվա ընդունելության հայտագրումը կատարվելու է առցանց եղանակով՝ www.dimord.am կայքի միջոցով, ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, ժամը 18:00-ն:
– Քանի՞ բուհ և քանի՞ մասնագիտություն կարելի է նշել ընդունելության հիմնական փուլում:
– Ընդունելության հիմնական փուլում նշվում է 1 բուհ և 1 մասնագիտություն:
– Ո՞րն է նախորդ տարվա համեմատ այս տարվա 1 բուհ՝ 1 մասնագիտությամբ հայտագրվելու առավելությունը:
– 1 բուհ՝ 1 մասնագիտություն սկզբունքով հայտագրվելու առավելությունն այն է, որ դիմորդը հստակորեն ընդունում է մասնագիտության ընտրության որոշում, իսկ արդեն լրացուցիչ փուլում, ի տարբերություն նախորդ տարվա, ունենալու է թափուր մնացած տեղերին դիմելու ավելի մեծ հնարավորություն, ինչի շնորհիվ դրական միավորներ ունեցող դիմորդներն ավելի քիչ դուրս կմնան:
– Ինչպե՞ս են անցկացվելու անվճար և վճարովի ընդունելության մրցույթները:
– Անվճար տեղերի մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդը մասնակցում է տվյալ մասնագիտության վճարովի տեղերի մրցույթին:
– Քննությունից հավասար միավոր ստանալու դեպքում ո՞ւմ է տրվում առավելությունը:
– Ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`
- ոչ մրցութային առարկայի քննության առավել բարձր գնահատական ստացած դիմորդներին,
- մեդալակիր դիմորդներին,
- արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին,
- հանրակրթական ուսումնական հաստատություններում 10-12 դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
- ցանկում տվյալ մասնագիտության տողում առկա աստղանիշով (*)՝ մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով(*)՝ մեկից ավելի առարկաների դեպքում՝ այդ առարկաների գնահատականների միջին թվաբանականի առավել բարձր միավոր ունեցող դիմորդներին,
- պետական ավարտական քննություններից միջին թվաբանական առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին,
- տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:
– Ե՞րբ հայտնի կդառնան առկա բակալավրիատի ընդունելության արդյունքները:
– Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների հիմնական փուլի արդյունքներն ամփոփվում են մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը: Մրցույթի արդյունքը հաստատվում է հանրապետական ընդունող հանձնաժողովում, որից հետո բուհի ռեկտորը հրամանագրում է ուսանողներին:
– Որքա՞ն միավոր է պետք ՀՊՏՀ որևէ մասնագիտությամբ ընդունվելու համար:
– Ցանկացած մասնագիտությամբ ընդունվելու համար անցողիկ միավորների շեմը հայտնի է դառնում հայտագրվելուց և քննությունները հանձնելուց հետո՝ կախված այն հանգամանքից, թե քանի դիմորդ կա տվյալ մասնագիտության համար և քննությունների արդյունքում քանի միավոր են վաստակել: 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների անցողիկ շեմը յուրաքանչյուր քննության համար 7.5 միավորն է:
– Հնարավո՞ր է հանձնել միասնական քննություն, սակայն դիմել հեռակա բակալավրիատի ընդունելության համար:
– Այո՛, հնարավոր է: Միասնական քննությունների դրական արդյունքները պահպանվում են մինչև մեկ տարի, և պահպանելով գնահատականը՝ կարող եք դիմել հեռակա բակալավրիատի ընդունելությանը:
– Ինչպե՞ս է տեղի ունենալու փաստաթղթերի հավաքագրումը առկա բակալավրիատում:
– Առկա բակալավրիատում դիմորդը ԳԹԿ կոդի միջոցով առցանց եղանակով լրացնում է հայտը, հայտագրվելուց կամ քննության արդյունքները հայտնի դառնալուց հետո առցանց և անցանց եղանակով հավաքագրվելու են դիմորդների փաստաթղթերը:
– Ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել:
– Դիմորդը պետք է ՀՊՏՀ ներկայացնի.
- անձը հաստատող փաստաթուղթ (ծննդյան վկայական, անձնագիր, ID քարտ) և պատճեն
- 3*4 չափի 6 լուսանկար
- ատեստատ կամ դիպլոմ
- ԳԹԿ-ի կողմից վկայական քննությունների արդյունքների մասին
- տղաների դեպքում՝ զինգրքույկ կամ կցագրման վկայական
- սոցիալական անապահովության թուղթ (առկայության դեպքում)
- արտոնությունով դիմորդների համար՝ համապատասխան փաստաթղթերը:
– Որո՞նք են արտոնությամբ ընդունվելու կարգի կետերը:
– Արտոնյալ են համարվում.
- առանց ծնողական խնամքի մնացած ուսանողները և նրանց թվին պատկանող անձինք` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի,
- 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի,
- զոհված զինծառայողի երեխա-ուսանողները, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողները` համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի:
– ՀՊՏՀ-ում գործո՞ւմ է զեղչային համակարգ:
– Այո՛, 2-րդ կիսամյակից սկսած՝ կարող եք դիմել զեղչերի համար, մանրամասն կարգին կարող եք ծանոթանալ www.asue.am կայքի «Փաստաթղթեր» բաժնում՝ հետևյալ հղումով:
–Ինչպե՞ս կարող ենք կապ հաստատել ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի հետ:
– ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն աշխատում է ապրիլի 9-ից, կարող եք կապ հաստատել 010 58-94-43 հեռախոսահամարով կամ գրել dimord@asue.am էլփոստի հասցեին։
Ընդունելության գործընթացի մասին ամբողջական տեղեկատվությունը հրապարակվում է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում, որը պարբերաբար թարմացվում է։ Հետևեք սույն խորագրին, իսկ ձեր հարցերը կարող եք գրել «ՀՊՏՀ դիմորդ» խմբում, որտեղ կպարզաբանվեն ընդունելության գործընթացի վերաբերյալ ձեզ հուզող հարցերը։
Մաղթում ենք ձեզ հաջողություն:
ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով