ՀՊՏՀ-ն ամփոփել է առցանց ուսուցման կազմակերպման մեկնարկային շրջանը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ամփոփվել են կրթական գործընթացի ընդհատման հետևանքով մարտի 16-27-ն ընկած հատվածում առցանց ուսուցման կազմակերպման և կառավարման առցանց համակարգի գործարկման ընթացքի արդյունքները: Չնայած նրան, որ գործընթացի մեկնարկը տրվեց արտակարգ պայմաններում, այդուհանդերձ համալսարանի անձնակազմի և ուսանողության գործադրած ջանքերը հնարավորություն են ընձեռել ապահովել տպավորիչ արդյունքներ: Առցանց ուսուցման գործընթացը ներառել է առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերը:
Առցանց եղանակով իրականացվել են գարնանային կիսամյակի դասընթացների շուրջ 95%-ը, ընդ որում 85%-ը ներառել են LIVE դասախոսություններ: Առցանց դասախոսություններին ուսանողների մասնակցությունը կազմել է շուրջ 80%: Համալսարանն առցանց կրթության կազմակերպման նպատակով գործարկել է մի շարք տեխնոլոգիական լուծումներ, որոնցից ամենաառանցքայինը Մուդըլ համակարգի ներդրումն է: Համալսարանի դասախոսները LIVE ռեժիմով 783 դասախոսություններ և գործնական քննարկումներ են կազմակերպել: ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը asue.am-ի խնդրանքով մեկնաբանել և գնահատել է գործընթացի կազմակերպումն ու արդյունքները:
Պետք է նշել, որ առաջին քայլերը ձեռնարկել ենք մարտի սկզբից, երբ ռեալ գիտակցեցինք, որ կարանտինի հայտարարման հավանականությունը շատ մեծ է: Համալսարանի Մուդըլ հարթակը թեստավորման փուլում էր և ընդամենը 5-6 դասախոս էր համակարգ նյութեր վերբեռնում և փորձում ուսուցումը կազմակերպել համակարգում: Իսկ մենք էլ պարբերաբար դիտարկում և վերլուծում էինք արդյունքները, 2020 թվականի սեպտեմբերից համակարգը լիարժեք գործարկելու համար: Մինչ մարտի 12-ը հասցրել էինք Մուդըլ համակարգում ձևավորել առկա բակալավրիատի բոլոր ՄԿԾ-ների մոդուլները՝ ըստ դասացուցակների, իսկ արդեն մագիստրատուրայի մոդուլները ձևավորել ենք կարանտինից հետո: Պետք է արժանին մատուցել համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին, ովքեր այս կարճ ժամանակահատվածում ուղղակի ջանքերի գերլարման և փոխօգնության հաշվին կարողացան արագորեն յուրացնել մեր առաջարկած տեխնոլոգիական լուծումները, ձևավորել վիրտուալ լսարաններ և լիարժեք անցում կատարել առցանց դասապրոցեսին: Ընդ որում, նախորդ շաբաթ ուսումնական գործընթացը կազմակերպվել է դասացուցակներին համաձայն՝ ընդամենը 5-10% շեղումներով կամդ ասաձախողումներով:
14 օրվա ընթացքում ավելի քան 780 դասախոսությունը ֆանտաստիկ արդյունք է: Հավելենք, որ հաշվետվությունը, բոլոր մանրամասներով, կարող եք դիտելայստեղ: