ՀՊՏՀ շրջանավարտը` ցանկալի հյուր
“Оценка эффективности инвестиций в инфраструктуру” նորահրատարակ մենագրությունն արդեն հասանելի է ՀՊՏՀ գրադարանի ընթերցասրահում: Գրքի հեղինակային կազմում է բուհի ՏԿՄՏՀ ֆակուլտետի 2012 թ. շրջանավարտ Արգիշտի Գինոսյանը, ով, ասպիրանտական կրթությունն ստանալով Մոսկվայում, ներկայում աշխատում է ՌԴ նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայում:
Օրերս հարազատ բուհ այցելելով՝ Արգիշտի Գինոսյանը գրքի մեկական օրինակ նվիրեց տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետին և գրադարանին: Մենագրության մեջ հիմնավորվում են նախագծային և մակրոտնտեսական մակարդակներում կառուցվածքային ներդրումներին ուղղված մեթոդաբանական մոտեցումները: Գրքի առանձին գլուխներում ներկայացված են ներդրումների արդյունավետության գնահատման օտարերկրյա մեթոդաբանական մոտեցումները և դրանց` ռուսաստանյան պայմաններում հնարավոր կիրառումը, էլեկտրաէներգետիկայի, ատոմակայանների նախագծման, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում ներդրումների արդյունավետության գնահատման յուրահատկությունները: Մենագրության պատասխանատու խմբագիրն է տ.գ.դ. պրոֆ. Ռ. Մ. Մելնիկովը: Արգիշտի Գինոսյանի կապը հարազատ բուհի հետ շարունակական է լինելու. տնտեսագետն առաջիկայում կրկին անակնկալ է խոստացել: