Նոր մենագրություն «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցների համահեղինակությամբ
Վերջերս հրատարակվել է նոր կոլեկտիվ մենագրություն՝ «Հայաստանի Հանրապետության մարզերի զբոսաշրջային երթուղիները» վերտառությամբ, որի հեղինակներն են «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, կենտրոնի ավագ հետազոտող, ՀՀ ՊԿԱ դասախոս, տնտեսագիտության թեկնածու Գայանե Թովմասյանը և ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահագն Գրիգորյանը։ Մենագրությունը հրատարակության է երաշխավորել ՀՊՏՀ գիտական խորհուրդը։
Կոլեկտիվ մենագրությունը բաղկացած է 10 մասից՝ համապատասխանաբար ներկայացնելով ՀՀ 10 մարզերի զբոսաշրջային երթուղիները։ Յուրաքանչյուր մասում ներկայացված է տվյալ մարզի բնութագիրը, առաջարկվող երթուղիները, յուրաքանչյուր երթուղու հանգրվանների պատմությունը, աշխարհագրությունը, տեսարժան վայրերը, պատմական հուշարձանները, նկարներ։ Յուրաքանչյուր մարզ ընդգրկում է մինչև 10 երթուղի։
Ըստ հեղինակների՝ ՀՀ մարզերն իրենց ռեսուրսներով զբոսաշրջության զարգացման հսկայական ներուժ ունեն՝ պատմամշակութային հարուստ ժառանգություն, գեղատեսիլ բնություն, գյուղական կենցաղավարության ավանդույթներ, համեղ խոհանոց, առողջարանային բուժիչ ռեսուրսներ և այլն։ Այնինչ, դրանք ամբողջությամբ ներառված չեն զբոսաշրջային երթուղիներում։ Միևնույն ժամանակ, համայնքների ներառումը երթուղիներում կնպաստի դրանց սոցիալ-տնտեսական զարգացմանը, մշակութային ժառանգության և բնական ռեսուրսների պահպանմանը։
Մենագրության հեղինակները փորձել են, ըստ նախընտրելի երթուղիների, ընդհանրացնել ՀՀ մարզերի զբոսաշրջային հնարավորությունները: Յուրաքանչյուր մարզի համար առաջարկվել են տարբեր երթուղիներ, որոնք ներառում են մի քանի համայնքներ։ Համառոտ ներկայացնելով երթուղու հանգրվանների պատմությունը, աշխարհագրությունը, տեսարժան վայրերը, պատմական հուշարձանները և բնակչության զբաղմունքը՝ միաժամանակ ներդիրների ու լուսանկարների միջոցով ամբողջական տեղեկություն է տրվում առավել կարևոր հուշարձանների ու դեպքերի մասին: Աշխատանքում մարզերի զբոսաշրջային ռեսուրսների պահպանման, վերաարժևորման ու զարգացման նպատակով առաջարկվում է զբոսաշրջային երթուղիների քարտեզ, ինչը կարող է կիրառվել ներքին և ներգնա զբոսաշրջության կազմակերպման ժամանակ։
Գիրքն իր բնույթով առաջինն է, քանի որ ՀՀ մարզերի զբոսաշրջային ներուժն ընդգրկող երթուղիների վերաբերյալ գիտական հետազոտություն դեռևս չկա։
Նոր հրատարակությունը կարող է հետաքրքրել զբոսաշրջային ոլորտի բոլոր շահառուներին՝ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, ուսումնական հաստատություններին, զբոսաշրջիկներին։ Այն կարող է կիրառվել պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ զբսաշրջության զարգացման ծրագրեր մշակելու, զբոսաշրջային կազմակերպությունների կողմից՝ զբոսաշրջային երթուղիներ նախագծելու համար: Բացի դրանից, ուսումնական հաստատությունների զբոսաշրջային մասնագիտությունների ուսանողների համար այն արժեքավոր ուսումնաօժանդակ ձեռնարկ է, իսկ ներդրողները կարող են կիրառել զբոսաշրջային գրավչություն ունեցող վայրերում զբոսաշրջային նշանակության օբյեկտների կառուցման ներդրումային ծրագրեր իրականացնելիս:
Մենագրությունն օգտակար կարող է լինել նաև ընթերցողների լայն շրջանակի համար, քանի որ ուշագրավ տեղեկություններ է հաղորդում ՀՀ բնական և պատմական հուշարձանների, համայնքների պատմության, բնակչության կենցաղի ու խոհանոցի մասին: