ՀՊՏՀ գիտական գրադարանը՝ Libway-2022 քառօրյա գիտաժողովի մասնակից
Սույն թվականի մարտի 14-18-ը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի պետական հանրային գիտատեխնիկական գրադարանի կողմից կազմակերպված «Գիտությունը, տեխնոլոգիաները և գիտական ինֆորմացիան գրադարաններում» թեմայով Libway-2022 քառօրյա գիտաժողովը, որին մասնակցում էր նաև ՀՊՏՀ գիտական գրադարանը: Այն անցավ հեռավար ձևաչափով, աշխատանքային լեզուներն էին անգլերենն ու ռուսերենը և նվիրված էր գիտական հաղորդակցության, գիտության, գրքի մշակույթի, գրադարանային-տեղեկատվական գործունեության կազմակերպման ոլորտում արդիական հարցերին, փորձին և հետազոտական մեթոդներին: Գիտաժողովի հիմնական խնդիրներն ու թեմաները մի կողմից վերաբերում էին թվային մշակույթին գլոբալ անցմանը և դրա ազդեցությանը գիտական հաղորդակցության համակարգի և գիտության կազմակերպման վրա, մյուս կողմից՝ գիտական ժառանգությունը ձեռագիր և տպագիր ձևաչափով պահպանելու ուղիներին։
Գիտաժողովի ձևաչափը հետևյալն էր. այն բաժանված էր առանձին թեմաներով պանելային քննարկումների: Զեկուցումներով հանդես եկան Միխայիլ Աֆանասևը՝ Ռուսաստանի պետական հանրային գրադարանի տնօրեն, Ռուսաստանի գրադարանային ասոցիացիայի նախագահ, Յակով Շրայբերը՝ Ռուսաստանի պետական հանրային գիտատեխնիկական գրադարանի գիտական ղեկավար, Սվետլանա Տարասովան՝ Նովոսիբիրսկի պետական տարածաշրջանային գիտական գրադարանի տնօրեն: