Հայաստանյան գիտական ամսագրերը՝ միջազգային հարթակներում
ՀՊՏՀ գիտական գրադարանի՝ սույն թվականի ապրիլի 15-ին առցանց ձևաչափով կազմակերպած վեբինարը «Հայաստանյան գիտական ամսագրերը միջազգային հարթակներում» վերտառությամբ էր: Այն նախատեսված էր ոչ միայն դասախոսների և ուսանողների, այլև գրադարանավարների համար: Հիմնական զեկուցողն էր գրադարանի աշխատակից Վարսիկ Սարգսյանը: Վեբինարին մասնակցում էին հայաստանյան շուրջ 15 գրադարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Արփենիկ Մուրադյանը: Մասնակիցների թվում էին Հայաստանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դասախոսները և մագիստրանտները, Հայ-ռուսական համալսարանի գիտական գրադարանի, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի և դրա Վանաձորի մասնաճյուղի, Հայաստանի ազգային գրադարանի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի, Հայաստանի լեզվաբանական համալսարանի, Հանրապետական գիտաբժշկական գրադարանի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, մարզային գրադարանների աշխատակիցները և գրադարանավարները: Զեկուցողն անդրադարձավ Հայաստանի գիտական ամսագրերի ընդգրկվածությանը Web of science և Scopus շտեմարաններում, թեմատիկային և առաջնահերթություններին, ինչպես նաև գրադարանների մատենաչափական աշխատանքներին: Հիմնական զեկուցման շուրջ ծավալվեց մտքերի փոխանակություն և քննարկում: Զեկուցմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հղմամբ: