Մեր լսարանն ընդարձակվում է. համալսարանի ռեկտորը նվերներ հանձնեց ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջի 10.000-րդ «հավանողին»

Սիրելի այցելուներ, ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջի «հավանումները»  հատեցին 10.000-ի շեմը: Այս առիթով ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պատրաստել էր յուրօրինակ անակնկալներ՝ 10.000-րդ «հավանողի» (like) համար:
Եվ այսպես, մեր ֆեյսբուքյան էջը երջանիկ պատահականությամբ 10.000-րդ հավանողը դարձավ  բնօգտագործման տնտեսագիտության առկա բակալավրիատի այս տարվա շրջանավարտ Նաիրի Իսրայելյանը, ում այս առիթով այսօր իր աշխատասենյակում ընդունեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նրան հանձնելով նվերների փաթեթ՝ հատուկ պատվիրված ՀՊՏՀ լոգոյով ամառային գլխարկ, «ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին» վերտառությամբ բաժակ, «ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջի 10.000-րդ հավանողը ԵՍ ԵՄ» մակագրությամբ շապիկ:
«Շնորհավորում եմ Ձեզ մեր համալսարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի 10.000-րդ հավանողը դառնալու առիթով: Ուրախալի փաստ է, որ մեր համալսարանի կայքի, ֆեյսբուքյան պաշտոնական էջի այցելուների թիվը օրեցօր մեծանում է, ինչը վկայում է մեր նկատմամբ հասարակության վստահության մասին»,- ասաց համալսարանի ռեկտորը: Կորյուն Աթոյանը հետաքրքրվեց Նաիրի Իսրայելյանի հետագա անելիքներով, տեղեկացավ, որ մեր շրջանավարտը ցանկանում է ուսումը շարունակել հարազատ համալսարանի մագիստրատուրայում: ՀՊՏՀ շրջանավարտը նշեց, որ համալսարանի բակալավրիատն ավարտում է դրական տպավորություններով և լիահույս է, որ առաջիկայում սիրելի կրթօջախն ավելի կզարգանա, ավելի լավը կդառնա: Համալսարանի ռեկտորը  Նաիրի Իսրայելյանին մաղթեց հաջողություններ, կոչ արեց հետագայում ևս սերտ կապ պահպանել բուհի հետ՝ համագործակցության ցանկացած ձևաչափով:
Սիրելի այցելուներ, հիշեցնենք, որ  «Facebook» սոցիալական ցանցում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական էջը բացվել է 2011թ. նոյեմբերի 11-ին: «Մենք փոխվում ենք» խորագրի ներքո համալսարանում տրված բարեփոխումների մեկնարկի համատեքստում համալսարանի ղեկավարության կողմից մեծապես կարևորվում է  համալսարան-ուսանող-դասախոս շփումը, հանրային կապերի զարգացումը:
«Facebook» սոցիալական ցանցում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական էջը  եղել է իր ընթերցողների՝բուհական հսկայական լսարանի կողքին՝ ներկայացնելով ամենօրյա տեղեկատվություն բուհի անցուդարձի, ընթացիկ իրադարձությունների, սպասվելիք դեպքերի մասին, հանդես եկել տարատեսակ հրապարակումներով, հայտարարություններով, անհրաժեշտ տեղեկատվությամբ, լուսանկարային շարքերով՝ շուրջ 2500 հրապարակում: Անցած ժամանակաշրջանում մենք քայլ առ քայլ ստեղծել ենք մեր լսարանը, դարձել վստահելի տեղեկատվական աղբյուր, ձեռք բերել համակիրների մեծ բանակ: Եվ այս ամենին մենք հասել ենք առանց «արհեստական միջամտության»՝ մեր աշխատանքը կառուցելով օպերատիվության, անաչառության, օբյեկտիվության, համակողմանիության «ոսկե կանոնների» հիման վրա, որոնք անխախտ սկզբունքներ են ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի համար:
Մեր լսարանին այնքան անհրաժեշտ տեղեկատվությունը իր ընթերցողներին է հասցվել լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցների՝ Անի Ավետիսյանի, Արմինե Վարդանյանի, Նանե Ավանեսյանի և Ռազմիկ Խաչատրյանի ամենօրյա բարեխիղճ, նվիրված, օբյեկտիվ, սկզբունքային և պատասխանատու աշխատանքի շնորհիվ:
Սիրելի այցելուներ, շնորհակալություն եմ հայտնում փոխվստահության, մեր աշխատանքը գնահատելու համար: Ցանկանում եմ հավաստիացնել, որ համալսարանի ղեկավարությունը բարձր է գնահատում հանրային կապերի զարգացմանը միտված աշխատանքը, կարևորում է իր շահառուների և հասարակության հետ անկեղծ, թափանցիկ և հաշվետու աշխատանքը: Այս նպատակների իրագործման համար են գործում ՀՊՏՀ պաշտոնական կայքը, որը կարճ ժամանակահատվածում բարձր վարկանիշ է ձեռք բերել, «Facebook» սոցիալական ցանցում համալսարանի պաշտոնական էջը, «Տնտեսագետ» ամսագիրը, մեծապես կարևորվում է նաև զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքը, ինչի արդյունքներն արձանագրվում են ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Մեդիա» բաժնի «ԶԼՄ-ները ՀՊՏՀ-ի մասին» խորագրի ներքո:
Հուսով եմ, թվարկված ուղղություններով մեր աշխատանքը հետագայում ևս կգոհացնի ձեզ, ինչի համար գործի կդրվեն մեր բոլոր ջանքերը:
Հարգանքով՝
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ,
«Տնտեսագետ» ամսագրի գլխավոր խմբագիր
Գոհար Գևորգյան