Գիտական միջանկյալ սեմինար հհ կգն գիտության պետական կոմիտեի գիտական ծրագրի շրջանակներում
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և մեր համալսարանի համագործակցության շրջանակներում հետազոտական աշխատանք է իրականացվում կառավարման և մակրոէկոնոմիկայի ամբիոններում: Աշխատանքի կատարման ընթացքում կազմակերպվում են հաշվետվություն-սեմինարներ, որոնց ընթացքում ստեղածագործական խմբերը քննարկում են թեմաների կատարման ընթացքը:
Մարտի 28-ին կայացավ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Հանրային կառավարման արդյունավետության բարձրացման գերակայությունները Հայաստանի Հանրապետությունում» գիտական թեմայի եռամսյակային միջանկյալ սեմինարը:
Գիտական խմբի ղեկավարն է՝ ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, խմբի անդամներն են՝ տ.գ.դ. Վարդան Սարգսյանը, տ.գ.դ., Ռուբեն Հայրապետյանը, տ.գ.թ. Սարգիս Ասատրյանցը և ասիստենտ Մարիանա Քոչարյանը:
Սեմինարի ընթացքում նախ քննարկվեց նախորդ տարվա «ՀՀ տնտեսական ու սոցիալական զարգացման վրա գիտության և կրթության ազդեցության ինտենսիվացման գերակայությունները և կառուցակարգերը» թեմայի շրջանակներում կատարված վերլուծության արդյունքում նախատեսվող մենագրության հետ կապված վերջնական խմբագրման աշխատանքների ընթացքը:
Նախապես կատարված աշխատանքի բաժանման հիման վրա «Հանրային կառավարման արդյունավետության բարձրացման գերակայությունները Հայաստանի Հանրապետությունում» գիտական թեմայի միջանկյալ սեմինարի ընթացքում քննարկվեցին կատարված աշխատանքների ընթացը, համաձայն որի անհարժեշտ է ուսումնասիրել թեմային վերաբերող հայրենական և արտասահմանյան աղբյուրները, հավաքել հանրային կառավարման արդյունավետության գնահատման համար անհրաժեշտ վիճակագրական նյութեր, կատարել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի ինստիտուցիոնալ, գործառութային և կառուցվածքային վերլուծություն, դրանց արդյունավետության բազմագործոնային գնահատում, դինամիկայի միտումների և առկա թերությունների, դրանց հաղթահարման ուղիների բացահայտում:
Նշվեց, որ հանրային կառավարման արդյունավետության գնահատման հիման վրա անհրաժեշտ է կատարել ոլորտի բարեփոխումների հայեցակարգային գերակայությունների մշակում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի արդյունավետության բարձրացման, տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառման նպատակով:
Ծրագրի կատարման վերջնական արդյունքն է լինելու հանրային կառավարման բարեփոխումների առաջարկվող միջոցառումների փաթեթի ձևավորումը, հրապարակման ենթակա գիտական հոդվածների և մենագրության նախապատրաստումը, սեմինարների ընթացքում քննարկումները, հաշվետվության կազմումը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին