Մեր մասին
Սոցիալական հետազոտությունների լաբորատորիան ՀՊՏՀ գիտաուսումնական գործընթացին աջակցող՝ Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանում է:
Լաբորատորիան միավորում է հետազոտական ընդհանուր հետաքրքրություններով, ստեղծագործական մտածելակեպով օժտված, սովորելու և սեփական փորձով կիսվելու պատրաստ համախոհների: Լաբորատորիան ազատ ստեղծագործական և հետազոտական միջավայր է, որտեղ կիրառական և տեսական ուղղվածությամբ նախագծերի շուրջ կարող են համագործակցել պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, անկախ հետազոտողները, գիտաշխատողները, ասպիրանտները և ուսանողները:
Լաբորատորիան, ստեղծելով համատեղ նախագծերի իրականացման համար համապատասխան միջավայր, կոչված է ձևավորելու փոխհամագործակցության մշակույթ՝ հետազոտական փորձով կիսվելու և ստեղծագործական նախաձեռնություններով հանդես գալու ասպարեզներում:
Լաբորատորիայի նպատակն է խթանել սոցիալ-տնտեսական ուղղվածությամբ որակյալ հետազոտությունները և գիտական նախագծերը, աջակցել ուսումնական գործընթացում դրանց արդյունքների ներդրմանը, նպաստել հետազոտական կարողությունների բարելավմանը, երիտասարդ մասնագետների մուտքին հետազոտական հանրություն, ձևավորել փոխհամագործակցության մշակույթ:
Ըստ այդմ, Սոցիալական հետազոտությունների լաբորատորիայի գործառույթների շրջանակում են.
- սոցիալ-տնտեսական ուղղվածությամբ կիրառական և տեսական նշանակություն ունեցող հետազոտությունների և գիտական նախագծերի մշակումն ու իրականացումը,
- հետազոտական կարողությունների և փորձի գենեռացումը և փոխանակումը,
- թրեյնինգի և մենթորինգի մշակույթի ձևավորումը,
- նորարարական մեթոդների և տեսությունների ներդրումը ՀՊՏՀ դասավանդման պրակտիկա՝ համապատասխան մոդուլների և մեթոդական ուղեցույցների մշակման և փորձարկման միջոցով,
- տեղեկատվական և վիճակագրական բազաների ստեղծումը և հանրայնացումը:
Մեզ համար կարևոր է աջակցել երիտասարդ մասնագետների, մագիստրոսների հետազոտական կարողությունների ընդլայնմանը, զինել անհրաժեշտ հետազոտական փորձով՝ դրանով նպաստել աշխատաշուկայում մեր բուհի շրջանավարտների հարաբերական առավելությունների ձևավորմանը:
Լաբորատորիայի հետազոտական հիմնական ուղղություններն են.
- Սոցիալական ոլորտի զարգացումներ
- Աղքատության և անհավասարության հիմնախնդիրներ
- Սպառողի վարքագծի և սպառողական շուկաների վերլուծություններ
- Աշխատաշուկայի և զբաղվածության խնդիրներ
- Միգրացիան և տնտեսական հետևանքներ
- Արտաքին առևտուր
- Մարդկային կապիտալ
- Սոցիալ-տնտեսական իրավիճակի և քաղաքականությունների վերլուծությունները
- Մարզային սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները:
Ներկայումս ընթացքի մեջ են հետևյալ աշխատանքները
- Ուսումնամեթոդական մոդուլների մշակում և փորձարկում
- Քաղաքականության փաստաթղթերի ուսումասիրություն և քննարկում
- Աղքատության վրա տնտեսական աճի և անհավասարության ազդեցության գնահատում հետազոտական նախագծի նախապատրաստում
- Գնաճի սոցիալական ազդեցության գնահատում հետազոտական նախագծի իրականացում:
ՀՊՏՀ Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի հետ սերտ համագործակցության արդյունքում ընտրվել և հաստատվել են լաբորատորիայի հետազոտական ուղղություններից բխող ավարտական աշխատանքների թեմաներ, իսկ համապատասխան ուսանողներին հնարավորություն է ընձեռնվել իրենց ուսումնաարտադրական փորձառությունն անցկացնել լաբորատորիայում:
Լաբորատորիայի աշխատանքի արդյունքներն ամփոփվում են տպագիր և էլեկտրոնային հրապարակումների տեսքով՝ լաբորատորիայի կայք էջում: Նախագծերի միջանկյալ և վերջնական արդյունքներն ամփոփվում են հետազոտական սեմինարներում: Առանձին թեմաների շուրջ նախատեսվում են կլոր-սեղանի ձևաչափով քննարկումներ: Հետազատական կարողությունների զարգացման, նորարարական մեթոդների և հետազոտությունների արդյունքների ներդրումը բուհի դասավանդման պրակտիկա ապահովելու տեսանկյունից լաբորատորիան մշակում է համապատասխան մոդուլներ և մեթոդական ուղեցույցներ և համապատասխան փորձարկումից հետո աջակցում է դրանց ներդրմանը:
Լաբորատորիան բաց է համագործակցության համար այն անձանց և կազմակերպությունների հետ, որոնք կարևորում են հետազոտության որակը և արդիականությունը: Մեր կարևոր գործընկերներն են ՀՊՏՀ գիտաուսումնական լաբորատորիաները: Պայմանավորված հետազոտական հիմնական ուղղություններով գործընկերների շրջանակը կընդգրկի շահառու պետական և մասնավոր կառույցներ, Հայաստանի և արտերկրի հետազոտական ինստիտուտներ, գիտահետազոտական լաբորատորիաներ, քաղաքականություն մշակող և իրականացնող կառույցներ, ուսուցման կենտրոններ և այլն: