Խաչատրյան Կարո Հակոբի
Ծնվել է 1899-ին Կարսի մարզի Կարմիր Վանք գյուղում: 1912-1914-ին սովորել և ավարտել է Ալեքսանդրապոլի ուսումնարանը, 1923-1926-ին` Անդրկովկասի կոմունիստական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Մինչև 1932-ը Լենինականում (այժմ` Գյումրի) վարել է խորհրդային և կուսակցական ղեկավար պաշտոններ:
Կ. Խաչատրյանը 1932-1933-ին եղել է Կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտի տնօրեն (ռեկտոր): 1933-ին նշանակվել է Երևանի պետական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր և տնտեսագիտական ֆակուլտետի դեկան: 1937-ից անցել է այլ աշխատանքի. 1937-1941-ին` ՀԽՍՀ գլխավոր դատախազի օգնական, 1941-1943-ին` զինվորական դատախազ, 1943-1949-ին` արդարադատության նախարարի տեղակալ, այնուհետև` փաստաբանների հանրապետական կոլեգիայի նախագահ: 1944-1954-ին Կ. Խաչատրյանը համատեղությամբ աշխատել է ԵՊՀ հեռակա իրավաբանական ֆակուլտետում որպես քաղաքատնտեսության դասախոս:
Նրա կենսագրական հետագա տվյալները չի հաջողվել ճշտել: