Թանգարան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կենտրոնական մասնաշենքի նախասրահում բուհի պատմությունը վավերացնող 2004 թվականին հիմնադրված թանգարանը 2014 թվականի սեպտեմբերին նորովի ներկայացավ հիմնանորոգված ու նորովի ձևավորված ճեմասրահում: Չորս ցուցափեղկերը վերտառված են «Մենք փոխվում ենք», «Զարգացման նոր ճանապարհին», «Մեր ռեկտորները», «Ուսանողական խորհուրդ» և ընդգրկում են լուսանկարներ, փոստաթղթեր, հուշանվերներ ու գավաթներ:
Ցուցադրությունը ներառում է ՀՊՏՀ ռեկտորների լուսանկարները, բուհի հիմնադրման, ինչպես նաև գործունեության ուշագրավ դրվագների մասին պատմող լուսանկարներ և այլ նյութեր: Ցուցադրված են տարբեր տարիներին լույս տեսած գիտական և ուսումնամեթոդական հրատարակություններ, բուհական մամուլը` «Տնտեսագետ» ամսագիրն ու «Բանբեր ՀՊՏՀ-ի» գիտական հանդեսը:
Ցուցանմուշները պատմում են նաև ուսանողների ակտիվ գործունեության, մարզական նվաճումների մասին:
ՀՊՏՀ անցյալին ու ներկային այս սեղմ, բայց բովանդակալից անդրադարձը պարբերաբար թարմացվելու է՝ շարունակաբար արտացոլելով համալսարանի գործունեության նշանակալի ձեռքբերումները:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կենտրոնական մասնաշենքի նախասրահում գտնվող բուհի պատմությունը վավերացնող թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին: