Նալչաջյան Թորգոմ Աղաբեկի
Ծնվել է 1938-ի փետրվարի 20-ին Գյումրիում:
1956-ին ավարտել է թիվ 7 միջնակարգ դպրոցը, 1961-ին` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը:
1961-1964-ին աշխատել է Հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում: 1965-1968-ին` ԵրՊԻ ասպիրանտ: Ավարտական տարում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
1968-1971-ին դասավանդել է Պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում որպես ավագ դասախոս, ապա` դոցենտ:
1971-1972-ին գիտական հետազոտության համար գործուղվել է Լոզանի (Շվեյցարիա) պոլիտեխնիկական ինստիտուտ:
1986-ին Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հավանականային տեխնոլոգիական գործընթացների արդյունավետության մոդելավորումն ու օպտիմալ կառավարումը» թեմայով: 1987-ից` պրոֆեսոր: 1989-1990-ին Հայկական ԽՍՀ բարձրագույն կրթության նախարարության գիտության վարչության պետն էր, իսկ 1990-1991-ին` ՀՀ Կառավարության գիտության և կրթության բաժնի վարիչը:
1991-1993-ին Թ. Նալչաջյանը եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտոր:
1993-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի (այժմ` կառավարման տեղեկատվական համակարգերի) ամբիոնի պրոֆեսոր է:
Նրա ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել երկու տասնյակից ավելի ասպիրանտ:
Թ. Նալչաջյանը հրատարակել է շուրջ 180 գիտական հոդված և մենագրություն: Մի շարք մշակումների համար ստացել է հեղինակային իրավունք:
Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է տեխնիկական և տնտեսագիտական համակարգերի կառավարումը, տեսությունը, տնտեսական համակարգերի արդյունավետության մոդելավորումը: