Ներկարարյան Վլադիմիր Սմբատի
Ծնվել է 1928-ի դեկտեմբերի 18-ին Լոռու մարզի Կուրթան գյուղում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը` ընդունվել է Երևանի կոոպերատիվ տեխնիկում, իսկ 1948-ին` ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետ: 1953-1956-ին սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում: 1957-ից դասավանդել է նույն ինստիտուտում, ապա` ԵրՊԻ-ում:
1960-ին Վ. Ներկարարյանը պաշտպանել է թեկնածուական, 1972-ին` դոկտորական ատենախոսություն «Արտադրողական և անարտադրողական աշխատանք» թեմայով: 1964-ին նրան շնորհվել է դոցենտի, 1975-ին` պրոֆեսորի կոչում:
1975-ին Վ. Ներկարարյանը նշանակվել է նորաստեղծ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտոր` այդ պաշտոնը զբաղեցնելով մինչև 1979-ը: Նրա ղեկավարության օրոք կազմակերպվեցին և համալրվեցին ինստիտուտի ամբիոնները, բացվեց գրադարանը` ընթերցասրահներով, ստեղծվեց փորձագիտական լաբորատորիա: Բուհը 11 մասնագիտությամբ դարձավ տնտեսագետ կադրերի պատրաստման առաջատարը հանրապետությունում: 1979-1981-ին ԵԺՏԻ քաղաքատնտեսության ամբիոնի պրոֆեսոր էր, 1981-1993-ին` ԵրՊԻ ամբիոնի վարիչ:
Հեղինակ է ավելի քան 130 գիտական հոդվածի, ութ մենագրության և ուսումնական ձեռնարկի:
Առանձնանում են նրա «Закон неуклонного роста производительности труда» (Ер., 1959), «Новый этап общего кризиса капитализма» (Ер., 1961), «Производительный и непроизводительный труд» (Ер., 1970), «Социально-экономические проблемы развития сферы нематериального производства» (Ер., 1981) աշխատությունները:
Վ. Ներկարարյանի ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 4 ատենախոսություն:
Պարգևատրվել է ՀԽՍՀ ԳԽ պատվոգրով:
Մահացել է 1993-ի հուլիսի 11-ին Երևանում: