Վարդանյան Լեվոն Եղիշեի

Ծնվել է 1926-ի նոյեմբերի 29-ին Կրասնոդարում: 1930-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: 1944-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան դպրոցը, 1949-ին` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը: 1953-ին Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Աշխատել է ԵրՊԻ «Մեքենաշինության տեխնոլոգիա», «Արդյունաբերության պլանավորում» ամբիոններում:
1957-1961-ին «Հայէլեկտրամեքենա» գործարանին կից գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղի տնտեսագիտական հետազոտությունների սեկտորի պետն էր: 1962-ին նրան շնորհվել է դոցենտի կոչում: 1969-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1972-ից զբաղեցրել է ԵրՊԻ մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկայի և կազմակերպման ամբիոնի վարիչի պաշտոնը:
1984-1991-ին Լ. Վարդանյանը եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտոր: 1983-ին նա արժանացել է Հայկական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:
Լ. Վարդանյանը հրատարակել է ավելի քան 150 գիտական աշխատանք, այդ թվում` մեկ դասագիրք (համահեղինակությամբ), երեք ուսումնական ձեռնարկ, չորս մենագրություն: Եղել է Հայաստանի գիտատնտեսագիտական և գիտատեխնիկական ընկերությունների նախագահ (1982-1987, 1986-1989):
Լ. Վարդանյանը մահացել է 2018թ. հունվարին: