Ընդհանուր տեղեկություն
Ի՞ՆՉ Է ԷՐԱԶՄՈՒՍԸ
Էրազմուս+ը ծրագիր է, որը նպատակ ունի նպաստելու կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի զարգացմանը։ Միջազգային կրեդիտային շարժունությունը Էրազմուս+ ծրագրի գործողության ուղղություններից մեկն է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցներին ուսանելու և (կամ) մասնագիտական փորձ ձեռք բերելու մեկ այլ երկրում: ՀՊՏՀ-ն հանդիսանում է Գործընկեր երկիր և կարող է ուղարկել իր ուսանողներին և աշխատակիցներին Ծրագրային երկրի բուհ և հակառակը: Ծրագրային երկրներն են Եվրոպական Միության (ԵՄ) 28 անդամ պետությունները և 5 ոչ ԵՄ Ծրագրային երկրները (Մակեդոնիա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Թուրքիա):
ՊԱՅՄԱՆՆԵՐ
Արտասահմանում սովորելու համար, դուք պետք է գրանցված լինեք որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող (բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի):
Համաձայն «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգ»-ի` բակալավրական աստիճանում սովորող առաջին կուրսի ուսանողները չեն կարող մասնակցել շարժունության ծրագրերին: Նույն կարգի համաձայն` ակադեմիական շարժունության ծրագրերին չեն կարող դիմել նաև որևէ աստիճանի (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա) առաջին կուրսի առաջին կիսամյակը և վերջին կուրսի վերջին կիսամյակը:
Դուք հնարավորություն ունեք ուսանելու այն համալսարաններում, որոնց հետ ՀՊՏՀ-ն ունի միջհամալսարանական պայմանագիր: Արտերկրում ուսումնասիրվելիք դասընթացները պետք է համապատասխանեն ձեր ուսումնական ծրագրին և կրթական կարիքներին:
Ուղարկող և ընդունող բուհերը պետք է ունենան Միջինստիտուցիոնալ համաձայնագիր (Inter-Institutional Agreement), որպեսզի դուք կարողանաք սովորել այնտեղ՝ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության շրջանակներում:
ՀՊՏՀ գործընկեր համալսարանները ունեն ծրագրին մասնակցության տարբեր պայմաններ, այդ իսկ պատճառով ծրագրին մասնակցելու, դիմումների ընդունման ժամկետների և այլ տեղեկատվութուն ստանալու համար անհրաժեշտ է հետևել ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Հայտարարություններ» բաժնին կամ ՀՊՏՀ Միջազգային կապերի բաժնի ֆեյսբուքյան էջին։
Փաստաթղթերի հիմնական ցանկը հետևյալն է՝
- դիմում-հայտ (առկայության դեպքում տրամադրվում է հյուրընկալող բուհի կողմից)
- եռակողմ համաձայնագրի նախագիծ ,
- անձնագրի լուսապատճեն (PDF ֆորմատով)
- ինքնակենսագրություն (Europass CV ֆորմատով և պարտադիր անգլերեն)
- մոտիվացիոն նամակ (անգլերեն)
- անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (IELTS կամ TOEFL, ՀՊՏՀ-ում կազմակերպված քննություների հավաստագիր)
- կուտակային ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն (հաստատված և կնքված ֆակուլտետի դեկանի կողմից)
Ուսանողները կարող են օգտվել Էրազմուս+ դրամաշնորհից՝ յուրաքանչյուր կրթական մակարդակում մեկ անգամ։
Եվրոպական Որակավորումների Շրջանակը (ԵՈՇ) սահմանվում է կրթական մակարդակը հետևյալ կերպ՝
- Առաջին մակարդակ (բակալավր կամ համարժեք) ԵՈՇ – 5/6
- Երկրորդ մակարդակ (մագիստրատուրա կամ համարժեք) ԵՈՇ 7
- Երրորդ մակարդակ (ասպիրանտուրա (PhD) կամ համարժեք) ԵՈՇ 8
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի շրջանակներում հյուրընկալող համալսարանում ուսումնառությունը կարող է տևել 3-12 ամիս՝ կախված միջհամալսարանական պայմանագրում նշված պայմաններից: Ուսանողները կարող են ծրագրին դիմել մի քանի անգամ, սակայն ծրագրի շրջանակներում արտասահմանում ուսումնառության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 12 ամիսը:
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մեկնելիս ուսանողները անպայման պետք է ունենան բժշկական ապահովագրություն։
Ապահովագրական ընկերություններ
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ
Նախքան ուսումը՝
Ուսանողը, ուղարկող և ընդունող բուհերը պետք է ստորագրեն շարժունության համաձայնագիր (Learning Agreement)՝ ապահովելու փոխանակման թափանցիկ ու արդյունավետ նախապատրաստումն արտերկրում, ինչպես նաև երաշխավորելու ուսաման հաջող ավարտի ճանաչումը: Այս փաստաթուղթը սահմանում է տարբեր կողմերի իրավունքներն ու պարտականությունները:
Ուսանողը պետք է ծանոթանա Էրազմուս+ Ուսանողական կանոնադրությանը, որը սահմանում է արտերկրում ուսումնառության ընթացքում ուսանողների իրավունքներն ու պարտավորությունները:
Ուսումից հետո՝
Ընդունող բուհը պետք է ուսանողին և ուղարկող բուհին տրամադրի ուսման ավարտը և ուսումնական ձեռքբերումները հաստատող փաստաթուղթ (Transcript of records):
Ուղարկող բուհը պետք է ճանաչի Ուսումնառության համաձայնագրով սահմանված կրեդիտները՝ առանց որևէ հետագա պահանջների: Առարկաների կրեդիտները պետք է լինեն ոչ պակաս քան 30 ECTS․
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ուսանողը կստանա Էրազմուս+ դրամաշնորհ, որը կծածկի ճանապարհածախսը և կեցության ծախսերը: Այն կարող է տարբերվել՝ կախված ընդունող երկրի կեցության ծախսերից, ուղարկող և ընդունող երկրների հեռավորությունից, դիմող ուսանողների քանակից, այլ դրամաշնորհների առկայությունից:
Դուք կստորագրեք դրամաշնորհային համաձայնագիր Ծրագրային երկրի բուհի հետ, որում կնշվի շարժունության տևողությունը, դրամաշնորհի չափը և այլ իրավունքների ու պարտականությունների մասին: Ուղարկող և ընդունող բուհերը կորոշեն, թե որ կողմն է կատարելու վճարումները: