Ընդհանուր տեղեկություն
Ի՞ՆՉ Է ԷՐԱԶՄՈՒՍԸ
Էրազմուս+ը ծրագիր է, որը նպատակ ունի նպաստելու կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի զարգացմանը։ Միջազգային կրեդիտային շարժունությունը Էրազմուս+ ծրագրի գործողության ուղղություններից մեկն է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցներին ուսանելու և (կամ) մասնագիտական փորձ ձեռք բերելու մեկ այլ երկրում: ՀՊՏՀ-ն հանդիսանում է Գործընկեր երկիր և կարող է ուղարկել իր ուսանողներին և աշխատակիցներին Ծրագրային երկրի բուհ և հակառակը: Ծրագրային երկրներն են Եվրոպական Միության (ԵՄ) 28 անդամ պետությունները և 5 ոչ ԵՄ Ծրագրային երկրները (Մակեդոնիա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Թուրքիա):
ՊԱՅՄԱՆՆԵՐ
Միջազգային կրեդիտային շարժունությանը մասնակցության համար դուք պետք է լինեք ՀՊՏՀ ակադեմիական աշխատակից (ամենաքիչը դասավանդման 1 տարվա փորձով)։ Ծրագրի մասնակցության ամենակարևոր նախապայմանը անգլերենի իմացությունն է (Եվրոպական համընդհանուր շրջանակով նախատեսված անգլերենի C1 մակարդակ):
ՀՊՏՀ ակադեմիական աշխատակազմը հնարավորություն ունի դասավանդելու այն համալսարաններում, որոնց հետ ՀՊՏՀ-ն ունի միջհամալսարանական պայմանագիր: ՀՊՏՀ գործընկեր համալսարանները ունեն ծրագրին մասնակցության տարբեր պայմաններ, այդ իսկ պատճառով ծրագրին մասնակցելու, դիմումների ընդունման ժամկետների և այլ տեղեկատվութուն ստանալու համար անհրաժեշտ է հետևել ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Հայտարարություններ» բաժնին կամ ՀՊՏՀ Միջազգային կապերի բաժնի ֆեյսբուքյան էջին։
ՀԻՄՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Դասախոսական անձնակազմի համար հիմնական փաստաթղթերը հետևյալն են՝
Դիմումների ընդունման փուլ
- Ինքնակենսագրություն (Europass CV ֆորմատով և պարտադիր անգլերեն),
- Մոտիվացիոն նամակ (անգլերեն),
- Անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ,
- Հյուրընկալող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիր (անգլերեն)։
- Փաստաթուղթ՝ հաշվետվության մեջ նշված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, եթե նախորդ տարում մասնակցել են Էրազմուս+ ծրագրի կողմից առաջարկվող որևէ փոխանակային ծրագրի:
Հարցազրույցի փուլ
- Հյուրընկալվող համալսարանում դասավանդվող առարկայի ներկայացում պրեզենտացիայի ձևով,
- Լրացված եռակողմ համաձայնագիր։
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մեկնելիս ակադեմիական աշխատակիցները անպայման պետք է ունենան բժշկական ապահովագրություն։
Ստորև ներկայացնում ենք ՀՀ ապահովագրական ընկերություններ՝
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
Դասավանդման ծրագրի տևողությունը նվազագույնը 5 օր է, առավելագույնը՝ 12՝ կախված հյուրընկալող համալսարանի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից: Հյուրընկալող համալսարանում դասավանդման նպատակով մեկնելու դեպքում դասավանդման նվազագույն տևողությունը պետք է լինի շաբաթական 8 ժամ:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում դասավանդման կամ վերապատրաստման նպատակով մեկնող անձնակազմի ներկայացուցիչները ստանում են «Էրազմուս+» դրամաշնորհ, որը ներառում է ճանապարհորդության և կեցության ծախսերը: Դրամաշնորհի գումարը կախված է հյուրընկալող երկրից, Հայաստանի և հյուրընկալող երկրի միջև հեռավորությունից, երկրների միջև կեցության ծախսերի տարբերությունից: