«ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ` ՀՊՏՀ-ՈՒՄ

2012թ նոյեմբերի 16-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կմեկնարկի «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22–րդ գիտական նստաշրջանը։

Նստաշրջանի բացմանը ներկա կլինեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարներ, փոխնախարարներ, պետական այլ կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես կգա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

Առաջին լիագումար նիստը կմեկնարկի ժամը 11.00-ին: Զեկուցումներով հանդես կգան Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը («Մրցունակության հայաստանյան մոդելը»), Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը («ՀՀ տնտեսության կառուցվածքի բարելավումը որպես մրցունակության գերակա մարտահրավեր»), ՀՀ ԿԲ նախագահի առաջին տեղակալ Ներսես Երիցյանը («Գիտելիքահենք տնտեսության ձևավորման հեռանկարները Հայաստանում») և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը («Տեխնոլոգիական փոփոխությունները և գիտելիքի կուտակման երկար ալիքները»):

Ժամը 14.00-16.00-ը գիտական նստաշրջանն իր աշխատանքները կշարունակի երեք բաժանմունքներում:

Նոյեմբերի 17-ին, երկրորդ լիագումար նիստից հետո, նստաշրջանի աշխատանքները կկազմակերպեն Աղվերանում: ՀՊՏՀ 22–րդ գիտական նստաշրջանի աշխատանքները կամփոփվեն նոյեմբերի 19–ին։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին