Տեղի կունենա ՐԻՖԱՅՆ-ի լոկալ մեկնարկային հանդիպումը
Սույն թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Էրազմուս+ ՀԳ2 «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ) ծրագրի շրջանակներում կազմակերպում է լոկալ մեկնարկային հանդիպում: Հանդիպման նպատակն է ներկայացնել ՀՊՏՀ դերը ծրագրում, ծրագրի շրջանակներում սպասվող գործողությունները, առաջին աշխատանքային փաթեթի (կարիքների գնահատում) շրջանակներում նախատեսված աշխատանքները և Վիեննայում կայացած մեկնարկային հանդիպման քննարկումներն ու արդյունքները: Հանդիպման օրակարգը կցվում է:
Ինչպես հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի մեր գործընկերները, ծրագիրն ուղղված է ֆինանսների կրթական ծրագրերի, մասնավորապես՝ բովանդակության, դասավանդման մեթոդաբանության, մանկավարժական մոտեցումների բարելավմանը: Ավելին, այն հաշվի է առնում կրթական ծրագրերը աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի և Մոլդովայի տնտեսությունները բարձրորակ շրջանավարտներով ապահովելու համար: Այսպիսով, ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել Հայաստանում և Մոլդովայում ֆինանսների վեց մագիստրոսական ծրագրերի որակն ու համապատասխանությունը՝ թիրախավորված բարեփոխումների միջոցով:
Ծրագիրը, մասնավորապես, թիրախավորել է հետևյալ նպատակները.
- բարեփոխել ֆինանսների վեց մագիստրոսական կրթական ծրագրեր Հայաստանում և Մոլդովայում՝ հաշվի առնելով տվյալ ոլորտում վերջին միջազգային զարգացումները,
- բարելավել մագիստրոսական կրթական ծրագրերի որակն ու համապատասխանությունը՝ նորացված դասավանդման նյութերի մշակման միջոցով,
- խորացնել դասավանդող անձնակազմի հմտություններն ու կարողությունները՝ դասավանդման նորարարական մեթոդների և ֆինանսների ժամանակակից թեմաների վերաբերյալ վերապատրաստումների միջոցով,
- բարելավել մագիստրոսական ծրագրերի համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին:
Ծրագրի կոնսորցիումի և կառուցվածքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ծրագրի կայքէջում՝ http://www.reforming-finance.eu/
Ուրախ կլինենք հյուրընկալել Ձեզ լոկալ մեկնարկային հանդիպմանը դեկտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին, ՀՊՏՀ-ի միջազգային ծրագրերի կենտրոնիդահլիճում: