«Նախագծերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիր
Վալենսիայի պոլիտեխնիկական (UPV), Հայաստանի պետական տնտեսագիտական (ՀՊՏՀ) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային (ՃՇՀԱՀ) համալսարանները 2017-2018 ուսումնական տարվանից իրականացնում են «Նախագծերի կառավարում» համատեղ մագիստրոսական կրթական ծրագիրը:
Ծրագրի մասնագիտացման ոլորտներն են նախագծերի, զբոսաշրջության և պատմամշակութային ժառանգության, երկրատեղեկատվական համակարգերի կառավարումը: Ծրագիրը կառուցված է միջոլորտային իմացության համակցմամբ, ինչը ենթադրում է մեկտեղել տնտեսագիտական կառավարման և տեխնիկական, ճարտարապետական իմացությունները:
Սա հատկապես հայաստանյան բուհերի միջև համագործակցության աննախադեպ օրինակ է, քանի որ ծրագրի իրականացման արդյունքում համալսարանները փոխճանաչում են միմյանց ուսումնական գործընթացներն ու արդյունքները՝ իրականացնելով կրեդիտների կուտակում և փոխանցում: Համատեղ մագիստրոսական երկամյա կրթական ծրագիրը նախատեսում է, որ ուսանողները 1 տարին պետք է ուսումնառեն հայաստանյան երկու բուհերում, իսկ երկրորդ տարին՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ նախատեսվում է նաև մագիստրոսական թեզի պաշտպանությունն ու դիպլոմների հանձնումը: Ուսանողներին կշնորհվեն դիպլոմներ ինչպես հայաստանյան երկու բուհերի, այնպես էլ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից:
Ծրագրի և ուսումնառության գործընթացի մեկնարկը տրվել է 2017թ. սեպտեմբերի 11-ին՝ ՃՇՀԱՀ-ում կայացած հանդիսավոր միջոցառմամբ: