ՀՊՏՀ-Ի եկամուտների 70%-ն ապահովում են վճարովի համակարգում սովորող ուսանողները

2012 թվականին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) վճարովի համակարգում սովորող ուսանողները ԲՈՒՀ-ի բյուջե են վճարել շուրջ 2,51 մլրդ ՀՀ դրամ՝ ապահովելով համալսարանի բյուջեի մուտքերի 70%-ը:

Ինչպես նշվում է ՀՊՏՀ տարեկան հաշվետվության մեջ՝ 2012 թվականի վերջի դրությամբ համալսարանի փաստացի եկամուտները կազմել են 3,58 մլրդ ՀՀ դրամ` նախահաշվային 3,44 մլրդ ՀՀ դրամի դիմաց։ Հաշվետու տարում ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումը կազմել է 305,8 մլն ՀՀ դրամ, գիտության գծով ֆինանսավորումը` 8,7 մլն ՀՀ դրամ:

Ըստ հրապարակված տվյալների՝ 2012 թվականին համալսարանի փաստացի ծախսերը կազմել են 2.73 մլրդ ՀՀ դրամ։ Նախահաշվային ծախսերի համեմատ տնտեսումը կազմել է շուրջ 212,7 մլն ՀՀ դրամ։

2012 թվականին համալսարանի աշխատավարձի ֆոնդը կազմել է 2.24 մլրդ ՀՀ դրամ: Գրասենյակային, տնտեսական, սննդի ձեռքբերման ծախսերը կազմել են 16,4 մլն ՀՀ դրամ, գործուղման և ներկայացուցչական ծախսերը՝ 11,7 մլն ՀՀ դրամ, էլեկտրաէներգիայի, վառելիքի, տրանսպորտի, կապի, ջեռուցման և կոմունալ ծախսերը՝ 65,1 մլն ՀՀ դրամ, հրատարակչական և տպագրական ծախսեր` 6,3 մլն ՀՀ դրամ:

Կապիտալ շինարարական և վերանորոգման, ինչպես նաև ընթացիկ վերանորոգման ծախսերը կազմել են 48,9 մլն ՀՀ դրամ։

Հաշվետու տարում ՀՊՏՀ-ի Ուսխորհրդին հատկացվել է 7,3 մլն ՀՀ դրամ։

www.b24.am