Տնտեսագիտական համալսարանը նախատեսում է հետազոտական կենտրոն ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նիստը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հանդես եկավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2012թ.-ի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2013թ.-ի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների զեկուցմամբ: Ռեկտորը խորհրդին ներկայացրեց նաև ՀՊՏՀ կազմակերպական կառուցվածքում հետազոտական կենտրոն ստեղծելու մասին հարցը: Հետազոտական կենտրոնի նպատակն է լինելու խրախուսել և աջակցել երկրի տնտեսական քաղաքականության այնպիսի բնագավառներում հիմնախնդիրների ուսումնասիրությունը, ինչպիսիք են տնտեսական աճը, տեխնոլոգիական քաղաքականությունը, բնական միջավայրի և հեռահաղորդակցությունների կարգավորումը, հարկային բարեփոխումները, միջազգային առևտուրը և դրամավարկային քաղաքականությունը:

www.armenpress.am

«ՀՊՏՀ-ի հաշվետվությունը պարունակում է 2012թ.-ի արդյունքները, համալսարանի ձեռքբերումների, ինչպես նաև առաջնային խնդիրների մասին, որոնք լուծում են պահանջում: Հաշվետու տարում ուսումնամեթոդական բարեփոխումները շարունակվել են, վերանայվել են ուսումնական պլանների նորմատիվները, համալսարանի կազմում կատարվել են միշարք փոփոխություններ, որոնց արդյունքում մի շարք ամբիոններ վերանվանվել են»,-ասաց ՀՊՏՀ-ի ռեկտոր Կարյուն Աթոյանը՝ շեշտելով, որ որակի ապահովման ձևավորումը համապարփակ բարեփոխումների շարժիչ ուժն է:

Անդրադառնալով ՀՊՏՀ-ի և միջազգային կրթական կառույցների համագործակցության հարցին՝ ռեկտորն ընդգծեց, որ համալսարանը ակտիվ գործունեություն է ծավալում միջազգային կրթական կառույցների հետ:

«Եվրոպական հանձնաժողովներ են ներկայացվել բարձրագույն կրթության բարեփոխումների ծրագրեր, որոնից երեքը հաղթել են: Հետադարձ կապ է հաստավել շուրջ 700 շրջանավարտի հետ, և ստեղծվել է տվյալների բազա»,- ասաց Աթոյանը՝ ընդգծելով, որ լուծման ենթակա խնդիրները ևս շատ են: «Անհրաժեշտ է իրականացնել համալսարանի հավատարմագրման և նոր պահանջներին համապատասխանող համալիր աշխատանքներ, հարկավոր է ուժեղացնել նաեւ կադրային պոտենցիալը, իսկ կադրերի ընտրության հարցում կարևորվելու է լեզուների իմացությունը»,-ասաց Աթոյանը: Բուհում հստակեցվելու են նաև բակալավրի մասնագիտությունները:

Խորհրդի նիստը հավանություն տվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2012թ.-ի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական գործունեությանը: