Քննարկվեցին ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման զարգացման հիմնախնդիրները
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում հերթական գիտական սեմինարը «Պետական կառավարում և տեղական կառավարում» ուղղության շրջանակներում էր` «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով: Այսօր կայացած սեմինարին մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը և աշխատակազմը, դասախոսներ, ասպիրանտներ:
Հետազոտական ուղղության ղեկավար, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանն իր ներածական խոսքում թեմայի արդիականությանն ու կարևորությանն անդրադարձավ մի փոքր պատմական էքսկուրսով` նշելով, որ իր գոյության շուրջ 5000-ամյա պատմության ընթացքում մեր երկիրը 1650 տարի է պետականություն ունեցել և, ցավոք, այդ ժամանակահատվածը համարժեք չէ մեր ժողովրդի ներուժին:
Նա նշեց, որ «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում» ուսումասիրությամբ իրենց հետազոտական խումբը փորձում է վերլուծել, գնահատել այսօրվա պետական կառավարման համակարգը, բնութագրել արդյունավետությունը, և, եթե հնարավորություն ընձեռվի հետազոտությունը շարունակելու, հաջորդ փուլում ներկայացնել իրագործման արժանի առաջարկություններ, բարեփոխումներ:
Այնուհետև Յուրի Սուվարյանը խոսքը տրամադրեց սեմինարի բանախոսին` տնտեսագիտության թեկնածու, կառավարման ամբիոնի դոցենտ Ռուբեն Հայրապետյանին, ով հանգամանորեն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման հիմնախնդիրներին, որից հետո բանախոսին ուղղվեցին հարցեր:
«Այս թեման կարևոր է առնվազն երկու առումով, նախ` որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերը դառնան ավելի արդյունավետ և երկրորդ` ստեղծվի հանրային կառավարման պետական այնպիսի համակարգ, որ բացառվի պետականության կարուստը և ապահովվի Հայաստանի երրորդ Հանրապետության վերընթաց զարգացման ճանապարհը»,- սեմինարի ավարտին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Յուրի Սուվարյանը:
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը քննարկվող թեման գնահատեց կարևոր և հրատապ` նշելով, որ դրա շահառուն բոլորս ենք, և հետևաբար ակնկալվում է հետազոտական աշխատանքի համակողմանի և շոշափելի արդյունք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին