ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԷՐ ՀՀ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎ Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ 2020Թ. «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»

Գայանե Թովմասյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
ավագ հետազոտող, տ.գ.թ.

Ըստ ՀՀ ԱՎԿ տվյալների՝ 2019թ. ՀՀ է ժամանել 1894377 զբոսաշրջիկ, իսկ ՀՀ-ից մեկնել է 1867888 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա համեմատ ժամանողների թվաքանակն աճել է 14.7%-ով:

Եթե դիտարկենք ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թվաքանակի աճի ցուցանիշները, ապա գծա­պատ­կեր 2-ից պարզ է դառնում, որ նախորդ տարվա համեմատ մեծ աճ եղել 2010թ.-ին՝ 18.9%, 2013թ.-ին՝ 28.2% և 2017թ.-ին՝ 18.7%:

Գծապատկեր 2. ՀՀ ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի աճի ցուցանիշները, 2010-2019թթ.

Այժմ դիտարկենք 2019թ. զբոսաշրջային այցելություններն ըստ եռամսյակների և դա համեմատենք նախորդ տարվա հետ (Աղյուսակ 1):

2019թ. առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 364489 մարդ, ինչը 2018թ. առաջին եռամսյակի համեմատությամբ աճել է 5,2%-ով:

2019թ. երկրորդ եռամսյակում Հայաստան է այցելել 405566 մարդ, ինչը 2018թ. երկրորդ եռամսյակի համեմատությամբ աճել է շուրջ 19,5%-ով:

2019թ. երրորդ եռամսյակում Հայաստան է այցելել 689097 մարդ, ինչը 2018թ. երրորդ եռամսյակի համեմատությամբ աճել է շուրջ 17%-ով:

2019թ. չորրորդ եռամսյակում Հայաստան է այցելել 435225 մարդ, ինչը 2018թ. չորրորդ եռամսյակի համեմատությամբ աճել է շուրջ 16%-ով:

Եթե դիտարկենք նաև վճարային հաշվեկշռի ճանապարհորդության կրեդիտի թվերն ըստ եռամսյակների (Աղյուսակ 2), ապա կտեսնենք, որ 2019թ. առաջին եռամսյակում ՀՀ ներգնա զբոսաշրջիկները ծախսել են միջինը 696 ԱՄՆ դոլար (2018թ. առաջին եռամսյակում՝ 714 ԱՄՆ դոլար), 2019թ. երկրորդ եռամսյակում՝ 686 ԱՄՆ դոլար (2018թ. երկրորդ եռամսյակում՝ 703 ԱՄՆ դոլար), 2019թ. երրորդ եռամսյակում՝ 734 ԱՄՆ դոլար (2018թ. երրորդ եռամսյակում՝ 746 ԱՄՆ դոլար): 2019թ. երեք եռամսյակների միջինը կազմել է 705 ԱՄՆ դոլար, 2018թ. երեք եռամսյակների միջինը՝ 721 ԱՄՆ դոլար, իսկ 2018թ. միջինը՝ 728 ԱՄՆ դոլար:

Ինչպես տեսնում ենք՝ 2019թ. մեկ զբոսաշրջիկի ծախսած միջին գումարը անցյալ տարվա համեմատ նվազել է՝ չնայած զբոսաշրջիկների թվաքանակի աճին: Նշանակում է, որ զբոսաշրջիկների թվաքանակն աճել է ավելի շատ, քան նրանց ծախսած գումարը երկրում:

Եթե դիտարկենք զբոսաշրջային այցերի ցուցանիշներն ըստ նպատակի (Աղյուսակ 3), ապա Հայաստան հիմնականում այցելում են հանգստի և ժամանցի, այնուհետև՝ գործնական նպատակով: Նշենք, որ բերված տվյալներն արտացոլում են միայն հյուրանոցային տնտե­սության օբյեկտներում (հյուրանոցներ, հյուրանոցատիպ հանգրվաններ, առողջարաններ, հանգստյան տներ և այլն) հաշվառված զբոսաշրջիկներին:

Աղյուսակ 3-ից պարզ է դառնում, որ 2019թ. նվազել է գործնական նպատակով զբոսա­շրջիկների թվաքանակը և աճել հանգստի և ժամանցի նպատակով ճամփորդողների թիվը:

ՀՀ այցելած ներգնա զբոսաշրջիկները մեծամասամբ եղել են ՌԴ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Իրանից (Աղյուսակ 4): Աղյուսակ 4-ից պարզ է դառնում, որ նախորդ տարիների համեմատ 2019թ. աճել է ՌԴ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից ժամանած զբոսա­շրջիկների թվաքանակը, միևնույն ժամանակ, նվազել է օրինակ ԱՄՆ-ից, Միացյալ Թագա­վորությունից ժամանածների թվաքանակը:

2019թ. աճել է նաև ՀՀ ներքին զբոսաշրջիկների թվաքանակը՝ նախորդ տարվա հա­մե­մատ 41.4 %-ով (աղյուսակ 5): Ներքին զբոսաշրջիկների մեջ գերակշիռ մաս են կազմում հանգստի և ժամանցի նպատակով ճամփորդող զբոսաշրջիկները:

Հայաստանի ճանաչելիության բարձրացման նպատակով նախորդ տարվա ընթացքում Զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից Հայաստան են հրավիրվել ԶԼՄ ավելի քան 50 ներկայացուցիչներ և հայտնի բլոգերներ տարբեր թիրախային շուկաներից մաս­նա­վորապես՝ Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա, Շվեյցարիա, Իսրայել, ԱՄՆ, Լե­հաս­տան: Հայաստանը մասնակցել է 4 միջազգային ցուցահանդեսների՝ Գերմանիայում, Փարիզում, Սինգապուրում, Լոնդոնում։ Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ իրականացվել է «Վարչապետն է քո զբոսավարը» մարքեթինգային արշավը, որը լուսա­բանվել է տեղական և ընտրված երկրների լրատվամիջոցների կողմից: 2019թ. Համաշ­խարհային բանկի «Տեղական տնտեսություն և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի միջոց­նե­րով բարեկարգվել են մի շարք զբոսաշրջային վայրեր՝ Գառնու քարերի սիմֆոնիան, Գյումրիի Կումայրի թաղամասի մի հատվածը, Տաթևի և Ստեփանավանի Ճանա­պարհները, այս պահին բարեկարգվում է Խոր Վիրապի շրջակայքը: Բարե­կարգվող զբոսաշրջային վայրերի թվում կլինեն Դվինի հնագիտական արգելավայրը, Գորիս քաղաքի պատմական փողոցները և Հին Գորիս քարանձավային քաղաքը:

2020թ. մարտի 1-ի դրությամբ www.armenia.travel կայ­քը հասանելի է անգլերեն, ռու­սերեն լեզուներով, ինստագրամում էջն ունի 60000-ից ավելի հետևորդ, իսկ ֆեյսբուքում՝ 106000-ից ավելի հետևորդ և 105000-ից ավելի հավանություն:

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի կողմից մշակվել են նաև Զբոսաշրջության մասին նոր օրենքի և Զբոսաշրջության զարգացման 2020-2030թթ. ռազմավարությունների նախա­գծերը, որոնք դեռ չեն ընդունվել: 2020թ. առաջին եռամսյակի վերջում կստացվեն նաև սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի փոր­ձարկ­­ման նախնական տվյալները, ինչը թույլ կտա ավելի մանրամասն վիճակագրական տեղե­կատվություն ունենալ ներգնա զբոսաշրջիկների սեռի, տարիքի, քաղաքացիության, կրկնական այցելության վերաբերյալ:

Վերջին տարիներին ՀՀ զբոսաշրջության զարգացման միտումները թույլ են տալիս ենթադրել, որ 2020թ. ևս զբոսաշրջությունը Հայաստանում կգրանցի աճի բարձր տեմպեր: Իհարկե այս սցենարը շատ իրատեսական կլիներ, եթե չլիներ 2020թ. սկզբին ամբողջ աշխարհով տարածվող կորոնավիրուսը, ինչը զգալի վնասներ է հաղորդում համաշխարհային զբոսաշրջությանը:

Զբոսաշրջության և ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի և Oxford Economics-ի նախնական հաշվարկներով հիմնված համաշխարհային զբոսաշրջության նախորդ ճգնաժամերի փորձի վրա, որոնց պատճառ էին հանդիսացել SARS-ի (ատիպիկ թոքաբորբ) և H1N1-ի (խոզի գրիպ) համաճարակները կորոնավիրուսի ազդեցությունը զբոսաշրջության ոլորտի վրա կարժենա առնվազն 22 մլրդ ԱՄՆ դոլար կամ ավելի քան 20 մլրդ եվրո: Առավել մեծ ազդեցություն այն կունենա Ասիայում, և, առաջին հերթին Չինաստանում, որտեղ զբոսաշրջությունը կազմում է ՀՆԱ-ի 11%-ը և վերջին տարիներին 7%-անոց տեմպով էր աճում: Oxford Economics-ի փորձագետները կարծում են, որ վնասի նախնական գնահատականը կարող է կրկնապատկվել և եռապատկվել, եթե կորոնա­վիրուսի տարածումը հնարավոր չլինի կասեցնել: Ամենաշատը կտուժեն չինացի զբոսա­շրջիկներից կախված երկրները՝ Հոնկոնգը, Մակաոն, Թաիլանդը, Կամբոջան և Ֆիլիպինները:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության 2020թ. մարտի 3-ի նախ­նական գնահատական­ների հիման վրա համաշխարհային զբոսաշրջիկների թվաքանակը կնվազի 1-3-ով 2019թ. կազմել է 1461 միլիոն մարդ, իսկ 2020թ. կանխատեսվում է՝ 1416-1446 միլիոն մարդ, ինչի արդյունքում զբոսաշրջիկների կողմից կատարվող ծախսերի կորուստը համաշխարհային մասշտաբով կկազմի 30-50 մլրդ եվրո:

Իտալիայի որոշ շրջաններում փետրվարին արդեն մարտ ամսվա հյուրանոցային ամրագրումների 90 տո­կո­սը չեղարկվեց, ինչը կազմում է մոտ 200 մլն եվրոյի վնաս: Զբոսաշրջությունը Իտալիայի ՀՆԱ-ի 13%-ն է կազմում, ուստի ոլորտի ճգնաժամը կարող է լուրջ տնտեսական խնդիրներ առաջացնել:

Ըստ որոշ գնահատումների՝ հունվարից ի վեր եվրոպական զբոսաշրջության ոլորտը 2 միլիոն զբոսաշրջիկ է կորցրել, ինչն ամսական 1 միլիարդ եվրոյի կորուստ է ենթադրում:

Ըստ Զբոսաշրջության և ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի 2020թ. մարտի 13-ին հրապարակված կանխատեսումների՝ զբոսաշրջության ոլորտում 50 մլն աշխատատեղ կորստի ռիսկի տակ են, ինչը կհանգեցնի աշխատատեղերի 12-14-ով նվազման, զբոսաշրջությունը կտուժի 25-ով, ինչը հավասար է համաշխարհային զբոսա­շրջության երեք ամսվա կորստին: Զբոսաշրջության և ճանապարհորդությունների համաշ­խարհային խորհուրդը նաև որոշ առաջարկություններ է ներկայացրել երկրների կառա­վա­րություններին ճգնաժամից հետո արագ վերականգնման համար՝ կապված վիզայի ռեժիմի դյուրացման, հարկաբյուջետային քաղաքականության իրականացման նվա­զեց­նել կամ հանել օդի, հյուրանոցների և այլ հարկերը, խթաններ տրամադրել բիզնեսին՝ հատկապես ՓՄՁ-ներին՝ բիզնեսի շարունակականությունը պահպանելու համար, աջակ­ցել դեստինացիաներին՝ մեծացնելով մարքեթինգի վրա կատարվող ծախսերը, երբ նրանք պատրաստ կլինեն նորից զբոսաշրջիկներ ընդունել:

2020թ. փետրվարի 23-ին կորոնավիրուսի տարածման հետ կապված ՀՀ կառա­վա­րու­թյունը որոշում ընդունեց փակել ՀՀ սահմանը Իրանի հետ մինչև մարտի 24-ը, իսկ Չինաստանի քաղաքացիների համար փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը կասեցվել է ազատ վիզայի ռեժիմը: Իրանից ՀՀ ժամանած մարդկանց թվաքանակը 2019թ. կազմել է 114811 մարդ, իսկ Չինաստանից՝ 14416 մարդ: 2018թ. ժամանած Իրանցի զբոսա­շրջիկ­ները կազմել են ընդհանուր զբոսաշրջիկների 6.8 տոկոսը՝ այսինքն 112321 մարդ, իսկ 2019թ.՝ 5.0 տոկոսը կամ 94719 մարդ: Ինչպես գիտենք, մարտի 21-ից իրանցիները նշում են Նովրուզը, և այդ ժամանակահատվածում սովորաբար մեծանում էր իրանցի զբոսա­շրջիկների հոսքը Հայաստան:

Զբոսաշրջային գործակալությունները նշում են, որ կորոնավիրուսի հետ կապված՝ միջազ­գային զբոսաշրջիկները փետրվար ամսից սկսած չեղարկել են Հայաստանի հյուրա­նոցային տնտեսության օբյեկտներում իրենց կողմից նախօրոք կատարված ամրագրումները մարտ-ապրիլ ամիսների համար:

ՀՀ կառավարության 2020թ. մարտի 16-ի 298-Ն որոշմամբ ՀՀ-ում 2020թ. մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020թ. ապրիլի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով հայտարարվեց արտակարգ դրություն: Որոշմամբ արգելվում է ՀՀ պետական սահմանի բոլոր անցակետերով ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնք ՀՀ են մուտք գործում պարետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկում ներառված երկրներից, կամ մուտք գործելուն նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են այդ երկրներում, բացառությամբ՝ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազ­գային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների, այն դեպքերի, երբ պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում համաճա­րա­կա­յին իրադրության իրավիճակը, թույլատրվում է այդ ցանկում ներառված երկրներից անձանց մուտք գործելը, և պարետի որոշմամբ՝ այլ առանձնահատուկ դեպքերի:

2020թ. մարտի 18-ի դրությամբ արտակարգ իրավիճակով պայմանավորված որոշ ավիա­ընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես չեղարկել իրենց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը.

  • «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները մինչև ս.թ. մարտի 31-ը ներառյալ, ինչպես նաև ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը ընկած ժա­մա­նակահատվածում երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին իրականացվելիք չվերթերը,
  • «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Երևան-Անապա-Երևան մարտի 2, 5, 9, 12, 16, 19, 23, 26, 30-ի չվերթերը, ինչպես նաև ապրիլի 2-ից մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում երկուշաբթի և հինգշաբթի օրերին իրականացվելիք չվերթերը,
  • «Ռայնէյր» ավիաընկերության կողմից սպասարկվող չվերթերը ՀՀ-ից դեպի Իտալիայի Հռոմ և Միլան քաղաքներ և հակառակ ուղղությամբ ս. թ. մարտի 14-ից մինչև ապրիլի 8-ը ներառյալ,
  • «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Թբիլիսի-Երևան-Մոսկվա/Վնուկովո/-Երևան-Թբիլիսի ուղղությամբ մարտի 17, 18, 19, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31-ի և ապրիլի 1, 2, 3, 4, 5-ի չվերթերը (բացառությամբ մարտի 18, 20, 21, 23, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 1, 2, 3, 4, 5 չվերթերի)
  • «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ՝ մարտի 23, 30-ի, ապրիլի 2, 6, 9, 13-ի չվերթերը, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ՝ մարտի 26, 29-ի և ապրիլի 2, 5, 16, 28-ի չվերթերը։
  • «Քաթար Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Դոհա-Երևան-Դոհա ուղղությամբ մարտի 17, 19, 21, 24, 26, 28 և 31-ի չվերթերը,
  • «Բելավիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Մինսկ-Երևան-Մինսկ ուղղու­թյամբ մարտի 18, 19-ի, մարտի 31-ից ապրիլի 5-ի և ապրիլի 14-ի չվերթերը,
  • «Ուրալ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ ուղղությամբ մարտի 11, 18, 25, 29-31, ապրիլի 2, 5-7, 9, 12-14, 16, 19-21, 23, 26-28, 30 չվերթերը,
  • «Էյր Կաիրո» ավիաընկերության կողմից սպասարկվող Շարմ Էլ Շեյխ-Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղղությամբ մարտի 12-ի չվերթը, ինչպես նաև մարտի 19-ից մինչև մարտի 31-ը բոլոր չվերթերը,
  • «Էյր Արաբիա» ավիաընկերության կողմից սպասարկվող մարտի 17-ից մինչև մարտի 28-ի չվերթերը (բացառությամբ մարտի 18-ի և 20-ի չվերթերի),
  • «ԼՈՏ Փոլիշ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Վարշավա-Երևան-Վարշավա ուղղությամբ բոլոր չվերթերը մինչև ս.թ. մարտի 28-ը,
  • «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության կողմից սպա­սարկ­վող Կիև-Երևան-Կիև ուղղությամբ ս.թ. մարտի 17, 18, 19, 29, 30, 31-ի և ապրիլի 1-ի չվերթերը,
  • «Միդլ Իսթ Էյրլայնզ» ավիաընկերության Բեյրութ-Երևան-Բեյրութ մարտի 21, 24-ի չվերթերը,
  • «Ֆլայդուբայ» ավիաընկերության Դուբայ-Երևան-Դուբայ ուղղությամբ մարտի 18-ից մինչև մարտի 31-ը ներառյալ բոլոր չվերթերը, բացառությամբ մարտի 23-ի և 30-ի չվերթերի,
  • «Սքայ Ափ Էյրլայնզ» ավիաընկերության Կիև-Երևան-Կիև ուղղությամբ մարտի 20, 23, 27-ի չվերթերը,
  • «Ավստրիական ավիաուղիներ» ս.թ. մարտի 18-ից սկսած բոլոր ուղղություններով կանոնավոր չվերթերը՝ այդ թվում նաև դեպի Երևան,
  • «Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերության մարտի 21-ից մինչև ապրիլի 19-ը ներառյալ բոլոր չվերթերը։

Նշենք, որ այսօր աշխարհի մի շարք երկրներում է գործում արտակարգ իրավիճակ, փակ են սահմանները այլ երկրների քաղաքացիների մուտքի համար, ավիաընկե­րու­թյունները չեղարկում են չվերթերը մի շարք երկրներում:

Իհարկե, կորոնավիրուսով պայմանավորված վնասները զբոսաշրջության ոլորտում կրում են համաշխարհային բնույթ, և Հայաստանը չի կարող զերծ մնալ այդ ամենից: Մնում է միայն հուսալ, որ վիրուսի տարածման տեմպերը կնվազեն և խնդիրը կունենա կար­ճաժամկետ բնույթ ու զբոսաշրջային պիկ սեզոն համարվող ամռան ամիսներին արդեն խնդիրներ չեն լինի:

Եթե ըստ ԶՀԿ նախնական գնահատականի զբոսաշրջիկների թվաքանակի նվազումը կազմի 1-3 նաև ՀՀ-ում, ապա դա կկազմի 18.944-56.831 զբոսաշրջիկ 2019թ. ՀՀ ներգնա 1.894.377 զբոսաշրջիկների թվաքանակի 1-3-ը: Սակայն այս կանխատեսումն արվել է, երբ դեռ մի շարք երկրներ չէին անցել արտակարգ դրության և ամբողջ աշխարհում չվերթերը չեղարկված չէին: Ուստի, ներկա պայմաններում զբոսաշրջիկների թվաքանակի 1-3 անկումը կարելի է համարել չարյաց փոքրագույնը, քանի որ 2019թ. առաջին և երկրորդ եռամսյակներում ՀՀ է եկել 782139 զբոսաշրջիկ, և ավելի վատա­տեսական սցենարի պարագայում մենք կարող ենք նշված թվաքանակի էական կրճա­տում ունենալ 2020թ. համար:

Այսպիսով, եթե իրավիճակն ավելի սրվի և երկարի, Հայաստանում վերջին տարի­նե­րին արագ տեմպերով զարգացող զբոսաշրջության ոլորտը կարող է հայտնվել ճգնա­ժա­մային իրավիճակում, ինչը կազդի հյուրանոցային տնտեսության, հանրային սննդի օբյեկտ­ների, ժամանցի կենտրոնների գործունեության վրա և բազմարկչի էֆեկտով՝ տնտեսության այլ նաև ոլորտների վրա:

18 մարտի, 2020թ.

Հեղինակի այլ նյութերը

Վերլուծականներ

Հետազոտություններ

Ոլորտային ամփոփագրեր