Արհեստական բանականություն և թվային ապագա. Չորրորդ արդյունաբերական հեղափոխության մարտահրավերները

Վարդան Աթոյան
քաղաքական գիտությունների դոկտոր
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
փոխտնօրեն-ավագ փորձագետ

Վերջին տասնամյակներին տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվող աննախադեպ նվաճումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենում մարդու, հասարակության և պետության կենսագործունեության տարբեր ոլորտների վրա: Մարդկային քաղաքակրթությունը խելահեղ արագությամբ թևակոխում է տեխնոլոգիական աննախադեպ փոխակերպումների և պատմական զարգացման որակապես նոր դարաշրջան, որը հավակնում է բովանդակային վերափոխման ենթարկել մարդկանց կենսակերպն ու աշխարհընկալումը: Այս գործընթացը ուղեկցվում է արհեստական ինտելեկտի, ռոբոտատեխնիկայի, համացանցային ենթակառուցվածքների, նանոտեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, էներգետիկայի, տրանսպորտային ինքնավար համակարգերի, քվանտային հաշվարկների և բազմաթիվ այլ ոլորտներում մարդու գիտական մտքի բեկումնային նվաճումներով: Վերոնշյալ գլոբալ փոխակերպումը գերմանացի հայտնի տնտեսագետ, Տնտեսական համաժողովի հիմնադիր (World Economic Forum) Կլաուս Շվաբը անվանում է Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն:
Հարկ է արձանագրել, որ Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը (ՉԱՀ) բազմաթիվ անորոշություններ է ստեղծում ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաև պետության և հասարակության տնտեսական, քաղաքական ու սոցիալական ոլորտների ապագային առնչվող հարցերում: Որպես անդրազգային բնույթի երևույթ՝ ՉԱՀ-ը ի հայտ է բերում ինչպես նոր մարտահրավերներ, այնպես էլ աննախադեպ հնարավորություններ: Ստեղծված իրավիճակը քաղաքական վերնախավերի և որոշում կայացնողների առջև բարդագույն խնդիր է դնում՝ նույնականացնելու հնարավոր ռիսկերը և մշակվող ու իրականացվող քաղաքականության մեջ հաշվի առնելու սպասվող բազմաոլորտ ու բազմամակարդակ փոփոխությունների ազդեցությունը մարդու, հասարակության, ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական ազատությունների, քաղաքական, տնտեսական, անվտանգության ապահովման համակարգերի և, ընդհանրապես, պետության վրա՝ գլոբալ, տարածաշրջանային և տեղական մակարդակներում:
Այս առումով ակադեմիական գրականության մեջ մարդկային քաղաքակրթության էվոլյուցիոն նոր մակարդակ թևակոխելու հարցի վերաբերյալ քիչ չեն ինչպես լավատեսական, այնպես էլ ապագայի անորոշությամբ պայմանավորված տագնապային մոտեցումները: Առաջին մոտեցման կողմնակիցները նկարագրում են այն օգուտները, որոնք մարդկությունը կարող է ստանալ նման տեխնոլոգիաների զարգացման արդյունքում, այդ թվում՝ կրթության, առողջապահության, տնտեսության, բնապահպանության կամ տիեզերքի ուսումնասիրության ոլորտներում: Մյուսներն էլ այս ամենում մեծ ռիսկեր են տեսնում՝ մատնանշելով արհեստական բանականության՝ մարդու վերահսկողությունից դուրս գալու հնարավոր վտանգը, կամ այսպես կոչված՝ «թվային ստրկության» սպառնալիքը, որի դեպքում հասարակություններն ու քաղաքական համակարգերը կարող են վերահսկվել նոր դարաշրջանի բացահայտ կամ քողարկված «թվային» վերնախավերի կողմից, որոնք կտիրապետեն և սեփական շահերին կծառայեցնեն գերժամանակակից տեխնոլոգիաներն ու հասարակության կառավարման համակարգերը:
Ընդհանուր առմամբ, արհեստական բանականության հետագա զարգացման և մարդկային քաղաքակրթության վրա դրանց ազդեցության վերաբերյալ ակադեմիական խոսույթում առկա կարծիքները պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի.

  • լավատեսորեն տրամադրվածներ, որոնց կարծիքով թվային կյանքը մարդկային քաղաքակրթության էվոլյուցիայի հաջորդ, ավելին՝ ցանկալի մակարդակն է, իսկ վերջնարդյունքը գրեթե անկասկած դրական է լինելու,
  • հանդարտ հետևողներ, ըստ որոնց, եթե նույնիսկ կան որոշակի ռիսկեր, ապա դրանք տեսանելի ապագայի խնդիր չեն և ներկա պահին անհանգստանալու կարիք չկա,
  • ահազանգողներ, որոնց դիրքորոշման համաձայն՝ մեծ հավանականությամբ արդեն առաջիկա տասնամյակներում մարդկությունը արհեստական բանականության զարգացման ոլորտում մեծ նվաճումներ կունենա, սակայն դրանց ազդեցությունն այս պահին անորոշ է, իսկ ելքերը՝ չափազանց ռիսկային, ուստի անհրաժեշտ է հենց այսօրվանից պատրաստվել դրանց:

Քննարկվող հարցի համատեքստում տեղին է հիշատակել հայտնի քաղաքագետ, ԱՄՆ նախկին պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, Նոբելյան մրցանակակիր Հենրի Քիսինջերի 2018 թ. հունիսին The Atlantic ամսագրում հրապարակված «Ինչպես է ավարտվում Լուսավորության դարաշրջանը» հոդվածում բարձրացված մտահոգություններից մի հատված: Այսպես, ըստ Քիսինջերի՝ սրընթաց տեխնոլոգիական հեղափոխության ազդեցության ներքո գործող աշխարհակարգը փոխակերպվում է, ինչի հետևանքները մենք դեռ չենք գիտակցում: Արդյունքում կարող է ի հայտ գալ նոր աշխարհ, որը հենվում է մեքենաների վրա, իսկ ղեկավարվում՝ ոչ թե էթիկական և փիլիսոփայական նորմերի, այլ տվյալների և ալգորիթմերի կողմից: Նրա խոսքով՝ համացանցի օգտատերերի համար կարևոր է տեղեկատվության ստացումն ու մանիպուլացումը, այլ ոչ թե դրա համատեքստն ու նշանակության կոնցեպտուալացումը: Վերջիններս հազվադեպ են հետաքրքրվում պատմությամբ և փիլիսոփայությամբ: Որպես կանոն, նրանց անհրաժեշտ են գործնական կարիքներին առնչվող տվյալներ: Որոնողական համակարգերի ալգորիթմերը ձեռք են բերում հնարավորություն՝ կանխատեսելու օգտատերերի նախապատվությունները, որոնց արդյունքները քաղաքական կամ կոմերցիոն նպատակով հնարավոր է անհատականացնել և ներկայացնել շահագրգիռ անձանց: Ճշմարտությունը դառնում է հարաբերական: Քիսինջերը նախազգուշացնում է, որ տեղեկատվությունը սպառնում է հաղթահարել գիտակցությանը:
Համաձայնելով վերոնշյալ կարծիքին՝ հավելենք, որ սկիզբ առած գործընթացներին առնչվող խնդիրների վերաբերյալ ինչպես գլոբալ հանրույթի կողմից, այնպես էլ առանձին երկրների մակարդակով հայեցակարգային տեսլական չձևավորելու, համապատասխան հաշվարկված քաղաքականություն չմշակելու և չիրականացնելու պարագայում մասնավորապես արհեստական բանականության սրընթաց զարգացումը կարող է ունենալ Պանդորայի արկղը բացելու էֆեկտ, որի հետևանքները անկանխատելի կարող են լինել մարդկային քաղաքակրթության համար: Այստեղ խոսքը ամենևին չի վերաբերում առաջընթացից հրաժարվելուն, այլ՝ հնարավոր բացասական հետևանքների մեղմմանը: Ակնհայտ է, որ արհեստական բանականության օգնությամբ մարդկությունը հնարավորություն է ստանում լուծելու բազմաթիվ գլոբալ հիմնախնդիրներ, սակայն, խնդիր է նաև այն, որ վերջինիս լայն տարածումը շոկային ազդեցություն կարող է ունենալ տարբեր ոլորտների, այդ թվում, օրինակ՝ աշխատաշուկայի վրա: Արդեն առաջիկա տասնամյակներին ռոբոտատեխնիկան այնքան կզարգանա, որ ի վիճակի կլինի բազմաթիվ ոլորտներում փոխարինել մարդուն: Օրինակ՝ տաքսու և բեռնատար վարորդների աշխատանքը, որը բազմաթիվ երկրներում համարվում է ամենաշատ զբաղվածություն ապահովող ոլորտներից մեկը, գտնվում է ռիսկային գոտում և ինքնավար կառավարվող մեքենաների լայն տարածման դեպքում առաջիկա տասնամյակներում կարող է վերանալ: Անշուշտ, ի հայտ կգան նաև նոր մասնագիտություններ և կմեծանա արդեն գոյություն ունեցող որոշ մասնագիտությունների պահանջարկը (օրինակ՝ ռոբոտների վերանորոգման, ՏՏ և այլն), որը թեև որոշակիորեն կմեղմի, սակայն չի կարող ամբողջովին լուծել զբաղվածության խնդիրները: Այս մարտահրավերը նոր պահանջներ է առաջ քաշում նաև կրթական ոլորտի պատասխանատուների համար, որոնց համար օրախնդիր է ապագայի մասնագիտությունների համար արդեն այսօրվանից սկսել նախապատրաստել կրթական համակարգերն ու ենթակառուցվածքները՝ շեշտադրելով նաև շարունակական կրթության, լրացուցիչ հմտությունների ձեռքբերման և վերապատրաստման գործընթացները: Այս առումով անհրաժեշտ է, որ քաղաքական վերնախավերի որոշումները, մշակվող և իրականացվող քաղաքականությունը միտված լինեն ոչ թե ցածր որակավորում ունեցող աշխատուժի վրա հիմնված տնտեսական համակարգի կամ արդյունահանող արդյունաբերության ձևավորման ու պահպանման վրա, այլ արդեն առաջիկա տասնամյակում նոր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում միջազգային մակարդակում մրցակցելու ընդունակ տնտեսական համակարգի ձևավորմանը: Վերջինս երկրների վերնախավերի առջև ծառացած բարդագույն խնդիրներից է, որում հաջողելու համար կենսական է նաև երկրի գիտական համակարգի՝ մոտ ապագայի պահանջներին աստիճանական հարմարեցումը:
Փաստ է, որ ժամանակակից տեխնոլոգիաները փոփոխում են նաև հասարակության սոցիալական փոխգործակցության բովանդակությունը: Ներկայումս աշխարհի բնակչության ավելի քան 1/3-ը օգտվում է սոցիալական մեդիայի հարթակներից՝ այլոց հետ կապ հաստատելու, կրթվելու և տեղեկատվության փոխանակման համար: Թվային տեխնոլոգիաները և սոցիալական մեդիայում տեղեկատվության փոխանակման շարժընթացը հնարավորություն են ընձեռում պատմության մեջ աննախադեպ արագությամբ իրագործել միջմշակութային փոխճանաչումը, համախմբումն ու փոխազդեցությունը: Այս առումով նույնպես տվյալների հավաքագրման արագությունն ու մակարդակը վերջին տարիներին սրընթաց աճում է: Այսպես, եթե 1995 թ. համացանցից օգտվողների թիվը աշխարհի բնակչության 1%-ից էլ ցածր էր, ապա արդեն 2018-ին այդ ցուցանիշը գերազանցեց 50%-ը: Ներկայումս աշխարհում ավելի քան 4 միլիարդ մարդ օգտվում է համացանցից:
Հասարակության քվանտայնացումն ու քաղաքացիների կյանքի անխուսափելի թվացող թվայնացումը մեծ հավանականությամբ կփոփոխի նաև քաղաքական որոշումներում գիտելիքի կիրառման բնույթն ու բովանդակությունը: Սակայն հաշվի առնելով այն, որ դեռևս հայտնի չէ, թե ինչպիսի նոր գիտելիքների շտեմարաններ կբացահայտեն ապագայի թվային տեխնոլոգիաները՝ ներկա պահին դժվար է միանշանակ կանխատեսել, առավել ևս՝ գնահատել դրանց ազդեցության մակարդակը հասարակության, ինչպես նաև քաղաքական ու տնտեսական գործընթացների վրա: Այնուամենայնիվ, կարելի է վստահորեն նշել, որ ապագայում նույնպես գիտելիքաստեղծ համակարգերը շարունակելու են առանցքային դերակատարում ունենալ մարդկային քաղաքակրթության զարգացումն ապահովելու գործում: Ուստի, գիտելիքի ստեղծման և պահպանման համակարգերը (հետազոտություններ և մշակումներ, նորարարություն, գրադարաններ, միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթություն և այլն) կարոտ են պետական առանձնահատուկ մոտեցման: Վերջինս կարևորվում է նաև այն համատեքստում, որ ընդհանուր և արհեստավարժ գիտելիքի, ինչպես նաև գիտելիքի արտադրության, պահպանման, փոխանցման ու կիրառման փոխկապակցված համակարգն առանցքային նշանակություն ունի հանրային քաղաքականության զարգացումն ապահովելու գործում:
Այսպիսով, մարդկությունը գտնվում է քաղաքակրթական Մեծ փոխակերպման նախաշեմին: Ներկա անցումային փուլը կարելի է բնութագրել իտալացի հայտնի իմաստասեր Անտոնիո Գրամշիի թևավոր դարձած բնորոշմամբ՝ հին աշխարհը մեռնում է, սակայն նորը դեռ չի ծնվել: Ուստի, Հայաստանի և հայության համար օրվա հրամայականն է՝ պատրաստվել ապագային և ապագայի հնարավոր սցենարներին: Այս համատեքստում մեզ համար ավելի քան արդիական է չինական մոտեցումը, որը ռազմավարությունը բնութագրում է որպես ապագայի զավթում և վերջինիս օգտագործում սեփական նպատակների համար: Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է թվային ապագային: Մենք, որպես պետություն և հավաքականություն, արդյո՞ք ունենք ձևակեպված հայեցակարգային մոտեցումներ, ռազմավարական տեսլական, որոնք թույլ կտան ապահովել մեր արժանավայել տեղն ու դիրքը ձևավորվող թվային աշխարհակարգում: Պատրա՞ստ են մեր պետական ինստիտուտները պատասխանելու նորագույն մարտահրավերներին: Արդյո՞ք բավարար մակարդակի վրա է գիտություն-քաղաքականություն կապն ու փոխգործակցությունը՝ առաջին աշխարհի երկրներից անհուսալիորեն հետ չմնալու համար: Արդյո՞ք Հայաստանի պետական կառավարման, այդ թվում՝ կրթական, ակադեմիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և ազգային անվտանգության համակարգերը պատրաստ են թվային ապագային: Եվ վերջապես, ապագային պատրաստվելու խնդիրներում ո՞րն է լինելու քաղաքական վերնախավի, ակադեմիական, փորձագիտական հանրույթի և բովանդակ հայության, այսպես կոչված՝ modus operandi-ն: Սրանք ռազմավարական բնույթի խնդիրներ են, որոնք թեև կարող են բարձրացվել ակադեմիական շրջանակների կողմից, սակայն դրանց վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների մշակումն ու լուծումների առաջնորդումը նախ և առաջ քաղաքական վերնախավի տիրույթում են:

Մարտ, 2019

Հեղինակի այլ նյութերը
  Վերլուծականներ՝

Հետազոտություններ՝

Զեկույցներ՝

Հարցազրույցներ՝