Գաստրոզբոսաշրջությունը որպես ՀՀ զբոսաշրջային ներուժային ուղղություն

Գայանե Թովմասյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
ավագ հետազոտող, տ.գ.թ.

Գաստրոզբոսաշրջությունը զբոսաշրջության արագ զարգացող տեսակներից է: Ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության՝ գաստրոզբոսաշրջության ոլորտի տարեկան աճը կազմում է 7-12%:

Գաստրոզբոսաշրջությունը կարելի է բնորոշել որպես ճանապարհորդություն, որի նպատակն է ծանոթանալ այլ երկրի ազգային խոհանոցի, սննդի պատրաստ­ման առանձնահատկությունների հետ, ձեռք բերել անկրկնելի ու հիշարժան գաստրո­նոմիական փորձառություն:

2003թ. Էրիկ Վուլֆը հիմնեց Խոհարարական տուրիզմի միջազգային ասոցիացիան (The International Culinary Tourism Association): 2012թ. ասոցիացիան ռեբրենդինգ արվեց որ­պես World Food Travel Association–ի, որն այսօր աշխարհի 139 երկրներում ունի 50.000 մասնագետներից բաղկացած համայնք:

Գաստրոնոմիան կարևոր նշանակություն ունի զբոսաշրջային դեստինացիայի համար: Շատ դեպքերում զբոսաշրջիկներն ընտրում են այն վայրերը, որոնց գաստրոնոմիան մեծ հռչակ ունի: Գաստրոնոմիան կարևոր գործոն է հանդիսանում տվյալ վայրից լավ ու դրական տպավորություններ ստա­նալու գործում: Համեղ խոհանոցի համն ու հոտը մեծ ազդեցություն է ունենում զբո­սաշրջիկ­ների ընկալումների և գոհունակության աստիճանի վրա: Մարդու մոտ ամենաերկար պահպանվող զգացողությունը համի մասին հիշողությունն է, ուստի եթե զբոսաշրջիկը գոհ մնա խոհանոցից, ապա դա կազդի նաև նրա ընդհանուր բավարար­վա­ծության աստիճանի վրա:

Գաստրոզբոսաշրջիկները բնակչության հետևյալ հատվածն են ներկայացնում՝

  • զբոսաշրջիկներ, որոնք հոգնել են սովորական տուրերից և ցանկանում են նոր բան փորձել;
  • գուրմաններ (յուրահատուկ ուտելիքի և խմիչքի գիտակներ, գնահատողներ ու սիրողներ);
  • զբոսաշրջիկներ, որոնց աշխատանքը կապված է սննդի պատ­րաստ­ման հետ;
  • սննդի փորձագետներ;
  • զբոսաշրջային գործակալությունների ներ­­կայացուցիչներ, որոնք հետաքրքված են սեփական գաստրոտուրերի կազմա­կերպ­մամբ:

Ըստ World Food Travel Association-ի տվյալների՝ զբոսաշրջիկների 93 տոկոսը ընդգրկվել են գաստրոնոմիկ փորձառության մեջ: Բացի այդ, սննդի վրա կատարված ծախ­­սերը կազմում են զբոսաշրջային ծախսերի 15-35 տոկոսը՝ կախված այցելության վայրից: Գաստրոնոմիական զբոսաշրջության մասին Զբոսաշրջության համաշ­խար­հա­­յին կազմա­կեր­պության զեկույցում 2017թ. հրապարակվել են անդամ կազմակեր­պութ­­յուն­ների հետա­զո­տութ­յան արդյունքները: Հարցվածների 87%-ը գաստրո­նո­միան համարում է ռազմավարա­կան տարր տարածաշրջանի բրենդի և իմիջի մշակ­ման ժամանակ: Հարցվածների 70%-ը կարծում է, որ իրենք արդեն թիրախավորել են գաստրո­զբոսաշրջիկներին որպես շուկա­յա­կան սեգմենտ, չնայած նրանցից միայն 10%-ն է կարծում, որ իրենց դեստինացիայում գաստրոզբոսաշրջությունը բավակա­նա­չափ առաջմղում ունի:

Հայաստանի խոհարարական ավանդույթները սկիզբ են առնում պատմության խորքից։ Հայկական խոհանոցը ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայ­­մա­­նա­վորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական գոր­ծոն­­­նե­րով: Հայկական խո­հա­նոցը իր վրա կրում է դեռևս Վանի թագավորության (մ.թ.ա. 9-6 դար) աշխարհագրա­կլի­մա­­յական և հասարակարգային գործոնների ազ­դե­­ցությունը։ Կարմիր բլուրի պեղումների ժա­­մա­­նակ հայտնա­բեր­վել են ծավալուն շտեմարան­ներ, հացահատիկով լեցուն կարաս-կճուճ­­ներ, գարեջուր և քաղցրա­­ծիկ պատ­րաս­տե­լու և պահելու հատուկ անոթներ։ Վանի թա­գա­վորությունում լայնորեն տարածված էր ման­րա­սերմ ձիաբակլան և մանրահա­տիկ ոսպը, մշակում էին նաև սիսեռ, ձի­թա­բեր խաչածաղկավոր հացազգիներ։ Պեղում­ների ժամանակ գտնվել են ցորենի, սիսեռի և քուն­ջութի տարբեր կոմբինացիաներ։ Վանի թա­գա­վորության սեպա­գիր արձա­նագրութ­յունները խոսում են խաղողաբուծության և գինե­գոր­ծության զար­գաց­ման մասին։ Վանի բնակչությունը կենդանական մթերքներից օգտա­գոր­ծում էր ոչխարի, տա­վարի, այծի, խոզի, գոմեշի և ընտանի թռչունների միսը: Զարգացած էր նաև կաթնատնտեսությունը։ Հայերը խմորման և հացաթխման մա­­սին պատ­կե­րա­ցում են ունեցել դեռևս 2500 տարի առաջ։ Հայկական լավաշը 2014թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Հայ­կա­­­կան հայտնի ճաշատե­սակ­ներից են՝ հարիսան, մշոշը, տոլման, կոլոլակը, քաշիկան, խորովածը, և այլն:

2017թ. Հայաստան է ժամանել 1494779 զբոսաշրջիկ, նախորդ տարվա հա­մե­մատ աճելով 18.7%-ով, որոնցից 264702-ը (17.7%-ը) հանգրվանել են հյուրանոցային տնտե­­սության օբյեկտներում: Պաշտոնական վիճա­կագ­րութ­յուն չկա, թե որքան է կազմում ՀՀ ժամանած գաստրո­զբոսաշրջիկների թիվը: Ընդգծված գաստրոտուրերի քանակությունը սահմա­նա­փակ է: Գաստրոտուրերի կազմակերպմամբ է մասնագիտացած Արևաքար Թրեվլ կազմա­կեր­­պութ­յունը: Ընկերությունն ունի տարբեր փաթեթներ, տարբեր տևողությամբ, հիմնա­կանում ներառված են ուտելիքների համտեսներ, վարպետության դասեր, Արենի գինու բնօրրան այցելություն, Երևանյան գինու օրերին մասնակցություն, տարբեր ռեստորաններ այցե­լություն, նաև էքսկուրսիաներ, և այլն: Սրանից բացի կան նաև այլ զբոսաշրջային կազմակերպություններ, որոնք կազմակերպում են խոհանոցային և գինու տուրեր: Օրինակ Բարև Արմենիա-ն ունի «Խոհանոցային տուր. Համեղ Հայաստան» 7 օրյա տուր, «Գինեգոր­ծութ­յան բնօրրան. գինետուր Հայաստանում» 8 օրյա տուր, Մեկօրյա գինետուր Հայաս­տանում 10 ժամով, Explore Armenia-ն ունի գինու և կոնյակի տուրեր 4 և 7 օր տևողությամբ, Tasty tour-ը ևս ունի խոհանոցային և գինու տուրեր 5, 7 և 9 օր տևողությամբ, One way tour-ն ունի 7 օրյա խոհանոցային տուր, Yan Voyage-ն ունի 7 օրյա տուր՝ «Հայկական խոհանոցի գաղտնիքները», և այլն: Նշենք, որ այս տուրերը կազմակերպվում են, երբ կան պատվերներ:

2017թ. ՀՀ-ում հանրային սննդի օբյեկտների թիվը կազմել է 1663, որի շուրջ 68%-ը՝ Երևանում: Գաստրոզբոսաշրջության զարգացման մեջ էական նշանակություն ունեն հենց հան­րային սննդի օբյեկտները, որոնց ոչ միայն ուտելիքը, այլ նաև սպասարկման մակար­դակն ազդում է զբոսաշրջիկի գոհունակության աստիճանի վրա: Զբոսաշրջիկների և տեղա­ցի­ների շրջանում մեծ ճանաչում ունի Երևան Պանդոկը՝ որպես ազգային համեղ խո­հա­նոց ունեցող ռեստորան: Վերջին ժամանակներս ռեստորանները նաև տիպիկ հայկական անվա­նումներով են՝ Կոլոլակ, Ծիրանի, Դոլմամա, Լավաշ, Շերեփ, Չինար, Չաման, Գաթա պան­դոկ, Բաստուրմա, և այլն, ինչը ևս հետաքրքություն է առաջացնում զբոսաշրջիկների շրջանում:

Աղյուսակ 1. Հանրային սննդի կազմակերպման օբյեկտների քանակը և ծաոայությունների ծավալը 2015-2017թթ., ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների շրջանում (250 ներգնա զբո­սաշրջիկ 2017-2018թթ. ընթացքում) մեր կատարած հետազոտությունների արդյունք­ները վկայում են, որ նրանք հիմնականում գոհ և շատ գոհ են հայ­կա­կան խո­հա­նոցից, գների մա­կար­դակից: Նրանք առավել շատ հա­վա­նում են հայ­կական ավանդական ճաշա­տեսակ­ները՝ տոլման, հա­րիսան, խորո­վածը, հայկական լա­վա­շը, գաթան, գինին, կոնյակը և այլն, ինչ­պես նաև հայկական հյուրընկա­լության ավանդույթ­ները:

Աղյուսակ 2. ՀՀ ներգնա զբոսաշրջիկների կարծիքը հայկական խոհանոցի վերաբերյալ

2018թ. նոյեմբեր ամսվա տվյալներով Հայաստանում ոչ թանկարժեք ռեստո­րա­նում սննդի միջին արժեքը կազմել է 3000 դրամ, միջին մակարդակի ռեստո­րանում 2 անձի համար նախատեսված սնունդը (3 մասից բաղկացած)՝ 12000 դրամ:

Վերջին տարիներին Հայաստանում կազմակերպվող գաստրոփառատոնները նպաս­տում են գաստրոզբոսաշրջության զարգացմանը: Զբոսաշրջիկներն առավել նախընտրում են գինու, խորովածի, տոլմայի փառատոնները:

Հայ ավանդական կերակրատեսակների վերհանման և մասսայականացման նպա­տա­կով 2007թ. ստեղծվեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահ­պան­ման» ՀԿ-ն, որը բանա­հավաք­չություն է կազմակերպում ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում: Կազմակերպվում են նաև մրցույթներ, սեմինարներ, փառատոններ: Կազմա­կեր­­պությունը ձեռնամուխ է եղել «Հայ ավանդական խոհանոց» հանրագիտարանի ստեղծ­մանը:

2018թ. նոյեմբերի 1-6-ը Հայաստանում Արևաքար Թրեվլի հիմնադրի կողմից կազմա­կերպ­վեց Yerevan Food Fest 2-րդ փառատոնը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800 ամյա­կին: Փառատոնի ընթացքում Երևանի տարբեր ռեստորաններում և սրճարաններում հատուկ սեթ մենյուներ են կազմակերպվել հրավիրված և տեղական շեֆ-խոհարարների կողմից: Դրա­նից բացի կազմակերպվել են դասախոսություններ, սննդի պատրաստման վարպետաց դասեր հրավիրված մասնագետների կողմից, էքսպոներ, ինչ­պես նաև «Գաստրոտուրիզմը Հայաստանում» խորագրով ֆորում՝ հրավիրված փորձա­գետ­ների, ռես­տո­րա­նատերերի և հյուրանոցատերերի, ՀՀ զբոսաշրջության ոլորտի ներկա­յա­ցուցիչ­ների և մասնագետների մասնակցությամբ:

Գաստրոզբոսաշրջությունն ունի զարգացման լուրջ նախադրյալներ ՀՀ-ում: Հայաս­տա­նի յուրաքանչյուր շրջան ունի իր ավանդական ուտե­լիք­ները: Հայաստանի ռեստորաններում առկա են հիմնականում առավել հայտնի­­ները: Այնինչ հին ու մոռացված, պակաս հայտնի ուտելիքները վերաթար­մաց­նելը և դրանք ռեստորանային մենյուներում ընդգրկելը խիստ կարևոր է ինչպես ազ­գա­յին խոհանոցի ավանդույթների պահպանման, այնպես էլ զբո­սաշրջիկ­նե­րին հետաքրքիր ու համեղ կերակուրների լայն ցանկ առաջարկելու տեսանկյու­նից: Բացի այդ, դրանք կարելի է օգտագործել յուրաքանչյուր տարածաշրջանի համար գաստրո­նո­­միական բրենդ ստեղծելու նպատակով:

Հայաստանը գաստրոզբոսաշրջության առաջմղման համար լայնորեն պետք է օգտա­գործի համացանցը՝ հատկապես սոցիալական ցանցերը: Կարևոր է նաև Հայաստանի ազ­գա­յին խոհանոցի մասին տեղեկատվական զբո­սաշրջային գրքույկների տպագրությունը, որը պետք է հասանելի լինի զբո­սաշրջային տեղեկատվական կենտրոններում, ինչ­պես աշ­խար­հի շատ երկրնե­րում է, որոնք ներառում են տվյալներ ինչպես ազ­գային խոհանոցի, ուտելիք­ների, դրանց բաղադրատոմսերի, այնպես էլ հայտնի ռեստո­րանների, սննդի կե­տերի, սրճարանների մասին: Խիստ անհրաժեշտ է պետական աջակցություն ոլորտին և պե­տական-մասնավոր համագործակցություն գաստրոզբոսաշրջության զարգացման համար:

ՀՀ-ում գաստրոզբոսաշրջության զարգացման համար կարող ենք նշել որոշ հիմնական քայլերի կատարման անհրաժեշտությունը.

· յուրաքանչյուր տարածաշրջանին բնորոշ ազգային խոհանոցի վերագնա­հատում, գաստրոնոմիական բրենդի ստեղծում,
· գաստրոզբոսաշրջության զարգացման ռազմավարական ծրագրի մշակում,
· գաստրոզբոսաշրջության զարգացման մարքեթինգային միջոցառումներ (ՀՀ գաստրո­նոմիայի մասին տեղեկատվական գրքեր, բուկլետներ տարբեր լեզուներով, կարճ և երկար տևողության հաղորդումների ցուցադրում տեղական և միջազգային մեդիայով՝ նաև աշխարհահռչակ ծագումով հայերի մասնակցությամբ, և այլն),
· գաստրոզբոսաշրջության երթուղիների մշակում ըստ մարզերի՝ ներառելով տա­ր­բեր միջոցառումներ՝ մասնակցություն ցուցահանդեսների, փառատոն­ների, նաև գյուղա­տնտե­սական, բերքահավաքի աշխատանքների, հացի թխման, սննդի պատ­րաստ­ման այլ աշխատանքներին, վարպետության դասերին,
· զբոսաշրջային դասական տուրի մեջ գաստրոզբոսաշրջության տարրերի ընդգրկում,
· նոր գաստրոփառատոնների կազմակերպում,
· տարբեր իրադարձությունների, ֆորումների, միջոցառումների ժամանակ սննդի ներգրավում՝ ազգային խոհանոցի առաջմղման նպատակով,
· գաստրոզբոսաշրջության մասնագետների վերապատրաստում, բուհերում գաստրո­­­­զբո­սաշրջության նեղ մասնագետների պատրաստում, գաստրո­զբո­սա­շրջու­թ­­յան առար­կաների ուսուցանում,
· ռեստորաններում սպասարկման մակարդակի բարձրացում,
· գաստրոնոմիական հուշանվերների մշակում, երբ զբոսաշրջիկները որպես հուշանվեր Հայաստանից կարող են տանել տեղական արտադրության գինի, կոնյակ, չիր, մուրաբա, պանիր, և այլն:

Գաստրոզբոսաշրջությունը ունի տնտեսական, սոցիա­լա­կան, մշակութային, բնա­պահ­պանական նշանակություն: Գաստրոզբոսաշրջության զարգա­­ցումը կխթանի հայ­կա­կան խոհանոցի և ավանդույթների վերագնա­հատ­մանը, զարգացմանը, տնտե­սական զար­գաց­մանը, տարածաշրջանային համա­չափ զարգացմանը, ենթակա­ռուց­վածք­ների, գյուղատնտե­սութ­յան զարգացմանը, և այլն:

Նոյեմբեր, 2018թ.