Աղվերանում շարունակվում է «Զարգացում» ներհամալսարանական գիտաժողովը. ներկայացվեցին «Ամբերդ» կենտրոնի հետազոտական ուղղությունները (լուսանկարներ)
Այսօր Աղվերանում իր աշխատանքները շարունակեց երեկ մեկնարկած «Զարգացում» ներհամալսարանական գիտաժողովը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, ներհամալսարանական գիտական դրամաշնորհների և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի բյուջետային ֆինանսավորմամբ թեմաներում ներգրավված հետազոտողների մասնակցությամբ:
Գիտաժողովի երկրորդ օրը բացվեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական ուղղությունների հայեցակարգային մոտեցումների ներկայացմամբ: Այնուհետև հետազոտական ուղղութունների ղեկավարները հանդես եկան զեկույցներով` ներկայացնելով իրենց ղեկավարած հետազոտական ուղղությունների, հետազոտական թեմաների ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքները:
Մասնավորապես ակադեմիկոս Յուրի Սուվարյանը ներկայացրեց «Պետական կառավարում» հետազոտական ուղղությունը, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը` «Կարգավորում և մրցակցություն», պրոֆեսոր Վարդան Սարգսյանը` «Տեխնոլոգիական զարգացում, թվային տնտեսություն», պրոֆեսոր Հովսեփ Աղաջանյանը «Տնտեսական զարգացում», դոցենտ Թաթուլ Մկրտչյանը` «Տարածական զարգացում», դոցենտ Աշոտ Մաթևոսյանը` «Հարկաբյուջետային քաղաքականություն», դոցենտ Սերգեյ Սուքիասյանը` «Ֆինանսական շուկաներ և ծառայություններ», պրոֆեսոր Աշոտ Թավադյանը` «Մակրոտնտեսական վերլուծություն, մոդելավորում և կանխատեսում», պրոֆեսոր Անահիտ Մելքումյանը` «Սոցիալական զարգացում և աշխատանքի շուկա», դոցենտ Գրիգոր Նազարյանը` «Մրցունակություն, միջազգայնացում և արտաքին առևտուր», դոցենտ Զոյա Թադևոսյանը` «Աշխատուժի միգրացիա» հետազոտական ուղղությունները, իսկ դոցենտ Մերի Բադալյանը հանդես եկավ «Կրթական ծառայությունների շուկայի և աշխատանքի շուկայի փոխհարաբերություններըv թեմայով հարակից զեկուցմամբ:
Հետազոտական ուղղությունների ներկայացումից հետո «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Վարդան Աթոյանը հանդես եկավ «Ուղեղային կենտրոններ. համառոտ ակնարկ» զեկույցով` ընդարձակ անդրադարձ կատարելով աշխարհի առաջատար ուղեղային կենտրոններին, դրանց գործունեության ուղղություններին:
Գիտաժողովն իր աշխատանքները կավարտի վաղը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին