ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» հետազոտական համալսարանի ներկայացուցիչներն այցելեցին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոն

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում երեկ հյուրընկալվել էին ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (НИУ ВШЭ) տնօրեն Տատյանա Չետվերնինան և նույն հաստատության Հայաստանի նախագծերի համակարգող Նոնա Միրզախանյանը: Այցի հիմնական նպատակը ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գործունեությանը ծանոթանալն էր: Հանդիպմանը մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, «Ամբերդի» աշխատակազմը՝ տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ: Գագիկ Վարդանյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ ուրախ է նրանց ՀՊՏՀ-ում հյուրընկալելու համար, ապա շնորհավորեց գործընկերներին՝ ապրիլի 7-ի կապակցությամբ: Հանդիպման սկզբում խոսվեց վերջերս ՀՊՏՀ-ում կայացած օլիմպիադայի արդյունքների մասին (Այդ մասին հրապարակումն այստեղ՝ http://newbackoffice.asue.am/page/amberd/news/pages/olympiad-at-asue-new-perspectives-of-economic-education):

Սամվել Ավետիսյանը լուսապատկերի միջոցով ներկայացրեց «Ամբերդ» հետազոտական  կենտրոնի ստեղծման պատմությունը (ստեղծվել է 2013թ. ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ), ապա ներկայացրեց  կենտրոնի գործունեությունը, հետազոտական ուղղությունները, հրատարակությունները, առաջիկա անելիքներն ու ծրագրերը`նշելով, որ ՀՊՏՀ-ն հայաստանյան միակ բուհն է, որն իր բյուջեից գումար է հատկացնում հետազոտական ծրագրերին: Կենտրոնի տնօրենն ընդգծեց հատկապես այն հանգամանքը, որ մեծ հետաքրքրություն է նկատվում մագիստրոսական խմբի կողմից և նրանք հետազոտական աշխատանքներ են իրականացնում մեծ ոգևորությամբ: Սամվել Ավետիսյանը հյուրերին տրամադրեց «Ամբերդի» մասին պատմող տեղեկատվական գրքույկներ (ռուսերեն):

Տատյանա Չետվերնինան հղեց կենտրոնի գործունեությանը վերաբերող  հարցեր և ստացավ դրանց պատասխանները: Երկուստեք քննարկվեցին համագործակցության հեռանկարները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նախորդ  նորություններն` այստեղ