Լույս են տեսել «Ամբերդ» մատենաշարի մենագրությունները
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում 2013թ. հունիսի 1-ից մինչև տարեվերջ երեք հետազոտական ծրագրի տասնհինգ ուղղություններով կատարված հետազոտությունների ամփոփ հաշվետվությունների հիման վրա հրատարակվել է մենագրությունների շարք, որն անվանվել է ««Ամբերդ» մատենաշար»: 17 պրակներից բաղկացած հրատարակությունը ներառում է հետազոտական թեմաների ամենաառանցքային հիմնադրույթները, եզրակացությունները և առաջարկությունները: Յուրաքանչյուր մենագրության վերջում ներկայացված է ռուսերեն և անգլերեն ամփոփում:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը նշեց. «Քանի որ «Ամբերդում» իրականացվում են նաև մագիստրոսական հետազոտական ծրագրեր, այս փուլում առաջին անգամ հրատարակվել է «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ. Վարդան Աթոյանի ղեկավարությամբ իրականացված հետազոտության 1 թեմայի ամփոփ հաշվետվությունը: Առաջիկայում հրատարակության կներկայացնենք նաև ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանի ղեկավարած հետազոտական խմբի և «Ամբերդի» 4 մագիստրոսական խմբերի հետազոտության արդյունքները»:
Կենտրոնի տնօրենը հավելեց, որ պրակների օրինակներ են տրամադրվել մի քանի գրադարանների (Ազգային, համալսարանական), ըստ հետաքրքրության շրջանակների՝ մենագրությունները կտրամադրվեն նաև նախարարությունների, համալսարանների, գիտական հաստատությունների:
Հրատարակված մենագրությունների ծավալը ավելի քան 110 մամուլ է կամ 1766 էջ:
Ի լուր ընթերցասերների տեղեկացնում ենք, որ մատենաշարը հասանելի է նաև ՀՊՏՀ պաշտոնական կայքում, այն կարող եք ընթերցել հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/էջեր-220//հրապարակումներ-1397 :
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նախորդ նորություններն` այստեղ