«Ամբերդ» կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրենը, հաղթահարելով ընտրական փուլը, հրավիրվել է միջազգային ծրագրի
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Վարդան Աթոյանը, հաղթահարելով ընտրական փուլը, հրավիրվել է մասնակցելու «Կովկասյան երկխոսություն - 2013» միջազգային գիտակրթական ծրագրին, որը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 26-30-ը, Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում:
Բարձր մակարդակի միջազգային ծրագիրը կազմակերպում և հրավիրված փորձագետների ամբողջ ճանապարհի ու կեցության ծախսերը հոգում է Ա. Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամը (կենտրոնակայան՝ ք. Մոսկվա): Ծրագիրը ներառում է Ռուսաստանի և Հարավային Կովկասի երկրների համագործակցության, աշխարհաքաղաքականության, անվտանգության, տարածաշրջանի տնտեսական զարգացման, Կովկասում իրավիճակի վրա ազդող ներքին և արտաքին գործոնների, ինչպես նաև՝ ահաբեկչության և ծայրահեղականության հարցերի վերաբերյալ դասախոսությունների, քննարկումների, աշխատանքային սեմինարների անցկացում:
Ծրագիրը նախատեսված է տարածաշրջանային հիմնախնդիրներով զբաղվող փորձագետների համար, ինչպես Կովկասյան տարածաշրջանի երկրներից, այնպես էլ՝ ամբողջ աշխարհից:
Շնորհավորում ենք «Ամբերդ» հետազոտական կենտրոնին և մեր գործընկերոջը, մաղթում նորանոր հաջողություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին