«Ամբերդ» հետազոտական կենտրոնում այսօր կայացավ առաջին գիտական սեմինարը. «Նման գնահատում ՀՀ-ում կատարվեց 1-ին անգամ». Աշոտ Մաթևոսյան
Համաձայն «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական ուղղությունների ղեկավարների կողմից նախընտրելի թեմաներով գիտական սեմինարների անցկացման ժամանակացույցի, այսօր` սեպտեմբերի 25-ին, կայացավ առաջին սեմինարը` գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի, կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ, կենտրոնի աշխատակիցների, ՀՊՏՀ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: «Հարկաբյուջետային քաղաքականություն» ուղղության շրջանակներում կազմակերպվեց «ՀՀ կառուցվածքային բյուջեն և ֆիսկալ քաղաքականության խթանիչները» խորագրով սեմինար, որի բանախոսը տ.գ.դ. դոցենտ Աշոտ Մաթևոսյանն էր: Վերջինս, ողջունելով հյուրերին, ներկայացրեց սեմինարի զեկուցողներին`Շուշան Ալեքսանյանին /մագիստրանտ/, Վահրամ Ջանվելյանին, ինչպես նաև իրեն: Զեկուցողները սեմինարի թեման ներկայացրեցին լուսապատկերային լուսանկարների, գրաֆիկների, աղյուսակների /սլայդ շոու/ միջոցով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Աշոտ Մաթևոսյանը մասնավորապես նշեց. «Հետազոտական խումբն իրականացնում է «Հարկաբյուջետային քաղաքականություն» ուղղությունը և այսօրվա թեման էր «ՀՀ կառուցվածքային բյուջեն և ֆիսկալ քաղաքականության խթանիչները»: Ներկայացրեցինք նախաճգնաժամային փուլում հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում առկա միտումները, կառուցվածքային բյուջեի բնութագրման տարաբնույթ տեսակետներ, մեթոդաբանական հարցեր, քննարկման դրվեց մշակված մոդելը և որպես առաջարկներ ներկայացվելու են հիմնական արդյունքները: Ըստ էության, նման գնահատում ՀՀ-ում կատարվեց առաջին անգամ»:
Աշոտ Մաթևոսյանը մեծապես կարևորեց այն հանգամանքը, որ սեմինարին ներգրավված էին նաև մագիստրոսներ, ինչը նպատակ ունի նրանց մոտ ոգևորություն ու հետաքրքրություն առաջացնել հետազոտությունների հանդեպ: Բանախոսը հավելեց, որ սեմինարի միջոցով իրականացվեց նաև փորձի փոխանակում`մագիստրանտներին հնարավորություն ընձեռելով տիրապետել հետազոտություն իրականացնելու տեխնոլոգիական հմտություններին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին