Ռուսաստանցի փորձագետների մասնակցությամբ հպտհ-ում մեկնարկեցին եռօրյա վարպետաց դասեր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր ռուսաստանցի փորձագետների մասնակցությամբ տրվեց եռօրյա վարպետաց դասերի մեկնարկը: Նախաձեռնությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ամբերդ» հետազոտական կենտրոնինն է՝ ՌԴ Ա.Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի օժանդակությամբ:
Հյուրերը՝ Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի ներկայացուցիչ Մարիա Բորոդաչովան և քաղաքական հետազոտությունների եվրասիական ցանցի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Վիտալի Մերկուշևը այցելեցին «Ամբերդ» հետազոտական կենտրոն, ծանոթացան աշխատակազմին և գործունեությանը:
Հանդիպումների շարքը սկսվեց համալսարանի միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում: Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակազմը՝ տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ, աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, ասպիրանտներ: Հյուրերին ողջունեց պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ նկատելով, որ հիմնադրամի հետ համագործակցության լավ ավանդույթ է ստեղծվում, ապա մաղթեց արդյունավետ աշխատանք: Վիտալի Մերկուշեվը հանդես եկավ ««Փափուկ ուժի» գործիքների փոխազդեցությունը սոցիալական հաղորդակցության ցանցերում» թեմայով դասախոսությամբ:
Վիտալի Մերկուշևն իր խոսքում նշեց, որ Տնտեսագիտական համալսարանի լսարանը, ուսանողների հետաքրքրվածությունը շատ հաճելի են: Անդրադառնալով քննարկվող թեմային՝ բանախոսը նախ շեշտեց, թե որքան մեծ է այսօր համացանցի, սոցիալական ցանցերի դերն ու կիրառությունը յուրաքանչյուրիս կյանքում: Փորձագետը բացատրեց սոցիալական /կոնտակտային/ կայքերի էությունը, նշեց դրանց առավելություններն ու թերությունները: Այնուհետև ներկայացվեց «փափուկ ուժի» էությունը, դրա կիրառությունը, մանիպուլյացիոն ազդեցությունը:
Այս համատեքստում ընդգծվեցին հատկապես ազգային անվտանգության խնդիրները, ցույց տրվեց սոցիալական կայքերի հնարավոր ազդեցություններն այդ անվտանգության վրա:
Դասախոսությունը համեմված էր հետաքրքիր ու պատկերավոր օրինակների (տարբեր երկրների ) վրա:
Դասախոսության ավարտից հետո տեղի ունեցավ քննարկում և թեմայի ամփոփում, փորձագետը պատասխանեց լսարանի հարցերին:
Հիշեցնենք, որ վաղը, ժամը 13.00-ին, ռուս փորձագետ Անդրեյ Սուշենցովը դասախոսություն կկարդա «Ճգնաժամը Ուկրաինայում և Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը» թեմայով:
Լուսանկարները՝ ալբոմում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նախորդ նորություններն` այստեղ