Ինչպիսի՞ն պետք է լինի Երևանի բրենդը զբոսաշրջիկներին գրավելու և քաղաքային զբոսաշրջությունը զարգացնելու համար
Ինչպիսի՞ն պետք է լինի Երևանի բրենդը զբոսաշրջիկներին գրավելու և քաղաքային զբոսաշրջությունը զարգացնելու համար
Զբոսաշրջությունն էական նշանակություն ունի քաղաքների զարգացման գործում, քանի որ նպաստում է ենթակառուցվածքների բարելավմանը, բնակիչների բարեկեցության մակարդակի բարձրացմանը, զբաղվածության և եկամուտների ապահովմանը և այլն:
Ըստ ՄԱԿ-ի ԶՀԿ-ի տվյալների՝ քաղաքային զբոսաշրջությունը ենթադրում է ճանապարհորդություն դեպի քաղաքներ, որոնց տևողությունը սովորաբար կարճ է՝ 1-3 օր: Ըստ ՄԱԿ-ի՝ 1950թ. աշխարհի բնակչության 30%-ն էր բնակվում քաղաքներում (751 մլն մարդ), այսօր՝ 55%-ը (4,2 մլրդ մարդ), իսկ 2050թ. 68%-ը կբնակվի քաղաքներում (6,7 մլրդ մարդ), որի շուրջ 90%-ը կլինի Աֆրիկայի և Ասիայի քաղաքներում: Հնդկաստանը, Չինաստանը և Նիգերիան կունենան աշխարհի քաղաքային բնակչության 35%-ը: Մինչև 2030թ. աշխարհում կլինեն 43 մեգաքաղաքներ, որոնց մեծ մասը՝ զարգացող տարածաշրջաններում: Այսօր Տոկիոն ամենամեծ բնակչություն ունեցող քաղաքն է՝ 37 մլն մարդ, որին հաջորդում է Դելին (29 մլն), Շանհայը (26 մլն), Մեխիկոն և Սան Պաուլոն (22 մլն), Կահիրեն, Մումբայը, Պեկինը և Դհական (20 մլն):
Անշուշտ, քաղաքային բնակչության աճը կարող է խնդիրներ առաջացնել կայուն զարգացման տեսանկյունից, ուստի քաղաքային զարգացման պլանավորման ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև կայուն տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրներին: Քաղաքային զբոսաշրջիկները էական օգուտ կարող են բերել քաղաքներին, ուստի քաղաքներին անհրաժեշտ է նորամուծական զարգացման ռազմավարություն՝ խելացի լուծումների կիրառմամբ, որը կառաջարկի մրցունակ զբոսաշրջային արդյունք, միևնույն ժամանակ կնպաստի քաղաքի տնտեսական, սոցիալական և բնապահպանական կայուն զարգացմանը:
Հայաստանում քաղաքային զբոսաշրջության զարգացման հիանալի վայրեր են Երևանը, Գյումրին, Իջևանը, Դիլիջանը, Վանաձորը, և այլն:
2800 ամյա Երևանը Հայաստանի ամենամեծ քաղաքն է՝ երկրի տնտեսական, մշակութային կենտրոնը: Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.՝ Հռոմի հիմնադրումից 29 տարի առաջ: Երևանում զբոսաշրջիկները կարող են հիանալ հին ու նոր ճարտարապետությամբ, այցելել թանգարաններ, թատրոններ, եկեղեցիներ, այգիներ և այլն: Այցելության լավագույն վայրերից են՝ Մատենադարանը (որտեղ պահվում է շուրջ 17000 ձեռագիր), Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Էրեբունի ամրոցը և Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Հայաստանի պատմության թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Հաղթանակի զբոսայգին և Մայր Հայաստան հուշահամալիրը, Կասկադ համալիրը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, Երևանի կոնյակի գործարանը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի կենդանաբանական այգին, Երևանի բուսաբանական այգին, Հանրապետության հրապարակը՝ երգող շատրվաններով, Վերնիսաժի շուկան, Սիրահարների այգին, Հյուսիսային պողոտան, Ազատության հրապարակը և Կարապի լիճը, եկեղեցիները, և այլն:
2018թ. տարեսկզբի դրությամբ Երևանի մշտական բնակչությունը կազմել է 1077.6 հազար մարդ: Երևանում 2017թ. եղել է 320 հյուրանոցային տնտեսության օբյեկտ, որոնց մեջ կան նաև միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցների ցանցեր՝ Armenia Marriott Hotel-ը, Best Western Congress Hotel-ը, Hyatt Place Yerevan Hotel-ը, Double Tree by Hilton Hotel-ը, Ibis Yerevan Center Hotel-ը, ALEXANDER Hotel-ը, Radisson Blue-ն, Holiday Inn-ը և այլն: Երևանում զբոսաշրջիկները մնում են սովորաբար 2-3 օր, և քանի որ Երևանի համար զբոսաշրջիկների թիվն առանձին չի հաշվարկվում, ապա համարվում է, որ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները նաև այցելում են Երևան, ինչը սակայն այնքան էլ հավաստի չի կարող լինել:
2019թ. Երևանի բյուջեից զբոսաշրջությանը կհատկացվի 138 մլն դրամ (ընդհանուր ծախսերը կկազմեն 84 մլրդ դրամ):
Վերջին տարիներին մի շարք աշխատանքներ են կատարվել Երևանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ՝ Երևան Սիթի տուր, Երևանյան ամառ, Երևանի զբոսաշրջային քարտեզների ու ուղեցույցերի տպագրություն, և այլն: Սակայն դեռ առկա են մի շարք խնդիրներ: Երևանը պատշաճ կերպով չի ներկայացվում արտերկրում որպես 2800 ամյա պատմություն և մշակույթ, համեղ խոհանոց և հյուրընկալ ժողովուրդ ունեցող քաղաք: Զբոսաշրջային ենթակառուցվածքները թերզարգացած են, ծառայությունների մակարդակը շատ բարձր չէ, քիչ են զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները: Երևանում զբոսաշրջության զարգացման համար, հաշվի առնելով Երևանի պատմամշակութային, կրոնական, գաստրոնոմիական, ժամանցային, գործարար զբոսաշրջային հնարավորությունները, պետք է մշակել Երևանի զբոսաշրջային բրենդ և ակտիվ մարքեթինգային գործունեության միջոցով ներգրավել միջազգային զբոսաշրջիկների, զարգացնել զբոսաշրջային ենթակառուցվածքները, բարելավել սպասարկման մակարդակը, զբոսաշրջային ծառայությունների գին-որակ ցուցանիշները, ավելացնել կանաչ տարածքները, զբոսաշրջային ժամանցի վայրերը, և այլն: Քանի որ Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագրում ևս նախատեսվում է մշակել Երևանի զբոսաշրջային բրենդ, ուստի սույն վերլուծականում փորձել ենք առաջարկել մեր տարբերակները (գծապատկեր 1 և 2): Նշենք նաև, որ Երևանի բրենդի ստեղծմանն ուղղված աշխատանքներ կատարվել են դեռ 2012-2013թթ., այնուհետև 2017թ., սակայն այդպես էլ վերջնական տեսքով բրենդ չմշակվեց:
Գծապատկեր 1. Երևանի զբոսաշրջային բրենդը (Գծապատկերը մշակվել և առաջարկվել է հեղինակի կողմից)
Նկարում կարմիր գույնն ուշադրություն է գրավում, կապված է հույզերի հետ, գրավիչ է, կենսունակ, տալիս է ուժ, քաջություն, սեր ու խանդավառություն:
Նարնջագույնը խորհրդանշում է խրախուսանք, հուզմունք, ջերմություն և ոգևորություն՝ այցելելու Երևան: Այն հրավիրող, էքստրովերտ գույն է, արտացոլում է ուրախություն և երջանկություն, ունի շարժիչ և խթանող ուժ:
Դեղինը խորհրդանշում է վստահություն, հաջողություն, լավատեսություն: Դեղին գույնը խթանում է ուղեղի ձախ կողմի աշխատանքը՝ օգնելով արագ մտածել և որոշում ընդունել: Այն ուշադրություն է գրավում, քանի որ աչքն առաջինը տեսնում է դեղինը:
Դեղինով գրված է «The city of sun - Արևի քաղաք»: Մարդու աչքը գրավում է դեղինը, և կարդալով Արևի քաղաք-ը, մարդն արդեն կենտրոնանում է մնացածի վրա՝ Երևանն ասոցացնելով արևի հետ: Կարմիրը խանդավառություն է առաջացնում՝ այցելելու Երևան: Նարնջագույնով նշվել են այն հիմնական գործողությունները, ինչը կարելի է տեսնել կամ անել Երևանում, ինչին լրացնում են փոքր նկարները: Երևանում կարելի է զգալ 2800 ամյա պատմության շունչն ու առաջին քրիստոնյա ազգի հավատքը, հիանալ անկրկնելի մշակույթով ու հիասքանչ ճարտարապետությամբ, վայելել ազգային խոհանոցի համեղ ուտելիքները և հիանալի ու բազմաբովանդակ ժամանցն անցկացնել արևի քաղաք Երևանում:
Դրանից բացի մշակել ենք նաև այլ, ավելի պարզ բրենդ՝ առանց տեսարժան վայրերի նկարների և գործողությունների՝ նշելով միայն «Երևան. Արևի քաղաք»-ը՝ կարմիր և դեղին գույներով (գծապատկեր 2):
Գծապատկեր 2. Երևանի բրենդը (Գծապատկերը մշակվել և առաջարկվել է հեղինակի կողմից)
Անհրաժեշտ ենք համարում նաև ներկայացնել տարբեր քաղաքների բրենդները մի գծապատկերով.
Գծապատկեր 3. Տարբեր քաղաքների բրենդները
Իհարկե մեր մշակած տարբերակները կարող են լրամշակվել, փոփոխվել՝ ներգրավելով տարբեր մասնագետների՝ ինչպես զբոսաշրջության փորձագետների, այնպես էլ գրաֆիկ դիզայներների և այլն, սակայն կարծում ենք, որ հիմնական սկզբունքը պետք է լինի այն, որ բրենդը պետք է և´ գունային առումով գրավիչ լինի, և´ գրվածով իմաստ պարունակի՝ Երևանը ներկայացնելով որպես ջերմ, արևոտ, հյուրընկալ ու ապահով քաղաք: