Օտարերկրյա ուղղակի ներդրումները COVID-19 համատեքստում
Օտարերկրյա ուղղակի ներդրումները COVID-19 համատեքստում
Տնտեսության վրա COVID-19 ազդեցության վատագույն թիրախներից մեկը ներդրումներն են: Մինչ ՄԱԿ-ը համավարակի հետևանքով համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 1% անկում է կանխատեսում, Արժույթի միջազգային հիմնադրամը՝ մինչև 3% անկում, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը համաշարհային ՕՈՒՆ-ի ներհոսքի 30-40% անկում է կանխատեսում՝ ըստ վերջին՝ մարտի 26-ի գնահատականի: Ընդ որում, սա կառույցի այս տարվա արդեն երկրորդ վերանայումն է հունվարի 20-ի ներդրումների միտումների հիմնական հրապարակումից հետո, երբ դեռ 2020-2021 թթ. համար ներդրումների 5% աճ էր կանխատեսվում: Սակայն 2 ամիս դեռ չանցած, կանխատեսվում էր 5-15% անկում, իսկ այժմ արդեն՝ ընդհուպ մինչև 40% անկում:
Հատկանշական է, որ 2008-2009թթ. ճգնաժամից հետո համաշխարհային մասշտաբով ՕՈՒՆ-ը պարբերաբար կրճատվել և վերականգնվել են: Ու թեև աշխարհը (գծապատկեր 1) որոշ տարիների (2011, 2015-2016) կարողացել է գերազանցել 2008 թ. ներդրումների ծավալը, մի շարք երկրներ՝ այդ թվում Հայաստանը, ԵԱՏՄ անդամներ Ռուսաստանը և Ղազախստանը, այդպես էլ չեն կարողացել վերականգնել մինչճգնաժամային ներդրումների ծավալը:
Գծապատկեր 1. ՕՈՒՆ-ի ծավալն աշխարհում 2008-2018թթ., մլն ԱՄՆ դոլար, ըստ UNCTAD-ի տվյալների
2019թ. համաշխարհային մակարդակով ներդրումների ծավալը դարձյալ կրճատվել է 1%-ով՝ կազմելով 1.39 տրիլիոն ԱՄՆ դոլար:
Գծապատկեր 2. ՕՈՒՆ-ի ներհոսքն ըստ տարածաշրջանի 2018-2019թթ., մլրդ ԱՄՆ դոլար, աղբյուրը UNCTAD
Ընդ որում, հիմնականում կրճատվել է զարգացած երկրներում և Ասիայի զարգացող երկրներում (գծապատկեր 2)՝ գրանցելով 6% անկում: Առհասարակ, բացի Աֆրիկայից, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներից և անցումային տնտեսությամբ երկրներից, որոնք համապատասխանաբար՝ 3%, 16% և 65% աճ են գրանցել, մյուս տարածաշրջաններում կամ ընդհանրապես աճ չի եղել, կամ նույնիսկ նվազել է:
ՀՀ-ում զուտ ՕՈՒՆ-ը 2019թ.-ին, 2018թ.-ի համեմատ, գրեթե չեն փոխվել (գծապատկեր 3):
Գծապատկեր 3. ՀՀ ներդրումների զուտ ներհոսքն ըստ վճարային հաշվեկշռի (մլն ԱՄՆ դոլար)
Փոխարենն աճել է զուտ ընդամենը ներդրումները (ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումների հանրագումարը)՝ պորտֆելային ներդրումների և հատկապես այլ ներդրումների աճի հաշվին: Վերջինս իր մեջ ներառում է վարկերը, կանխավճարները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման ենթակա և ստացվելիք գումարները:
ՀՀ-ում ուղղակի ներդրումների կեսից ավելին (52%) իրականցվել է բանկային համակարգում, ավելի քան մեկ երրորդի չափով (34.7%) էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում:
ՀՀ-ում զուտ ՕՈՒՆ-ի շուրջ 22%-ը եկել է ՌԴ-ից (55 մլն ԱՄՆ դոլար), 11%-ը՝ Իտալիայից (27 մլն ԱՄՆ դոլար), 10%-ը՝ Լյուքսեմբուրգից (24.8 մլն ԱՄՆ դոլար), 8%-ը՝ ԱՄՆ-ից (21.5 մլն ԱՄՆ դոլար):
Հաշվի առնելով, որ ՀՀ-ում ավանդաբար ներդրումներ կատարած երկրները, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիսան, Իտալիան, կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրների հնգյակում են, իսկ մյուս երկրները նույնպես մեծ վնասներ են կրում և այդ երկրների տնտեսության վերաբերյալ կանխատեսումներն էլ խիստ մտահոգիչ են (2020թ. տնտեսական անկումը կանխատեսվում է ՌԴ-ում 5.5%, ԱՄՆ-ում 5.9%, Իտալիայում 9.1%, Գերմանիայում 7%, Ֆրանսիայում 7.2%, Շվեյցարիայում 6%), հետևաբար, կարելի է ակնկալել, որ ընթացիկ տարում ՀՀ-ում ներդրումները ոչ միայն հնարավոր է չաճեն, այլև կրճատվեն: Իհարկե, համավարակի հետևանքների հնարավոր չեզոքացման համար քայելր ձեռնարկվում են. մասնավորապես ՀՀ ԱԺ կողմից ապրիլի 22-ին քննարկվել և առաջին ընթերցմամբ ընդունվել է (երկրորդ ընթերցումը կազմակերպվելու է ավելի ուշ) Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը՝ համաձայն որի՝ ռեզիդենտ հարկ վճարողներին հնարավորություն է տրվում մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների համար ըստ տարիների ամորտիզացիոն մասհանումների չափաբաժինը որոշել սեփական հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի: Արագացված ամորտիզացիայի կիրառման հնարավորությունը, լրացուցիչ խթան կլինի ներդրումները չհետաձգելու համար, եթե նման մտադրություններ արդեն իսկ առկա էին: Գուցե սա այն ամենն է, ինչ հնարավոր է այս փուլում անել, սակայն ակնկալել, որ այն ներդրումների մեծ ներհոսք կապահովի, այդքան էլ իրատեսական չէ, մանավանդ, որ վերաբերվում է միայն ռեզիդենտ հարկ վճարողներին:
Միջազգային մասշտաբով ՕՈՒՆ-ի կրճատումն ունի համավարակով պայմանավորված մի շարք օբյեկտիվ պատճառներ: Նախ, պահանջարկի անկումը բերում է ՕՈՒՆ-ի և կապիտալ ծախսումների կրճատման, բացի այդ, արտաքին աշխարհի հետ շփման սահմանափակումը հանգեցնում է միաձուլումների և կլանումների գործարքների թվի կրճատման: Ըստ UNCTAD տվյալների, եթե 2019թ. միջինում ամեն ամիս միաձուլումների և կլանումների 1200 գործարք է կատարվել (բոլոր ամիսներին գործարքների թիվը 1000-ից ավելի է եղել), ապա 2020թ. փետրվարին այդ նույն գործարքների թիվն ընդամենը 874 է եղել, իսկ մարտ ամսին՝ 385 (մարտի 20-ի դրությամբ): Եվ դեռ կանխատեսվում է, որ հաջորդ ամիսներին այն էլ ավելի կկրճատվի:
ՕՈՒՆ-ների վրա բացասաբար ազդող մեկ այլ գործոն է ընկերությունների շահույթի կրճատումը: Աշխարհի թոփ 5000 վերազգային ընկերություններից շուրջ 4000-ն արդեն վերանայել են շահույթի իրենց կանխատեսումները, համաձայն որի, ընդհանուր առմամբ, միջինում 30% անկում է կանխատեսվում, իսկ ՕՈՒՆ-ների մեջ վերաներդրված շահույթի մասնաբաժինը բավականին բարձր է՝ միջինում 52% (2018թ.):
Կարծում ենք՝ ՕՈՒՆ-ների կրճատմանը կնպաստի նաև երկրների՝ օտարերկրյա ներդրումների վերաբերյալ նոր սահմանափակումների կիրառումը: Մասնավորապես՝ ԵՄ-ն մարտի 25-ին հրապարակեց նոր ուղեցույց` ուղղված առողջապահական ճգնաժամի պայմաններում օտարերկրյա ներդրումների նկատմամբ ԵՄ քաղաքականության խստացմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, բժշկական հետազոտությունները, բիոտեխնոլոգիաները և հասարակական կարգի և անվտանգության հետ կապված ենթակառուցվածքները: Այսինքն, խստացումներն ուղղված են պաշտպանելու ԵՄ ընկերությունները և կենսական նշանակության ակտիվները՝ միևնույն ժամանակ՝ պահպանելով ընդհանուր ներդրումների վերաբերյալ բացության քաղաքականությունը: Սակայն ԵՄ անդամ Իսպանիան ավելի վաղ «Թագավորական հրամանագիր 8/2020 (Royal Decree Law 8/2020)» ակտով մեծամասամբ կասեցրեց ազատական ներդրումային քաղաքականության ռեժիմը՝ ուղղակի ներդրումների նախնական հաստատման ժամանակավոր պահանջ սահմանելով ոչ միայն առողջապահության ոլորտում, այլև էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, մեդիայի, տվյալների հավաքագրման և պահպանման, ավիացիայի, պաշտպանության, ֆինանսական ենթակառուցվածքների, կենսական նշանակության ռեսուրսների մատակարարման և մի շարք այլ ոլորտներում, որտեղ օտարերկրյա ներդրողի (ոչ ԵՄ կամ Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի անդամ երկրի) մասնաբաժինը 10 և ավելի տոկոս է կազմելու: Այսպիսի միջոցառումներ կիրառող երկրների թիվը համավարակի պայմաններում շարունակ ավելանում է՝ ևս մեկ խոչընդոտ դառնալով ՕՈՒՆ-ների համար:
Մյուս կողմից, արդեն փորձ է արվում համավարակի ազդեցության դեմ պայքարել թվային տնտեսության մեջ ՕՈՒՆ-ի ներգրավման ճանապարհով: Համաշխարհային տնտեսական ֆորումի նոր թվային ՕՈՒՆ նախաձեռնությունը, հենվելով 2017թ. ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի «Համաշխարհային ներդրումների զեկույցի» հայեցակարգային շրջանակի վրա, նպատակ ունի բացահայտել այն կարգավորումների, չափումների շրջանակը, որոնք ընդունելով, երկրները հնարավորություն կունենան թվային գործունեության, յուրացման և թվային ենթակառուցվածքների ոլորտներում ՕՈՒՆ ներգրավել: Հետևաբար, երկրներն արդեն պետք է սկսեն կարգավորման շրջանակների և նոր քաղաքականության մշակումը՝ թվային տնտեսության մեջ ներդրումների ներգրավման գրավչություն ապահովելու համար:
Ամփոփելով, կարող ենք փաստել, որ առկա իրավիճակով պայմանավորված պահանջարկի անկումը, միաձուլումների և կլանումների գործարքների կրճատումը, ընկերությունների շահույթի անկումը և ներդրումների վերաբերյալ նոր սահմանափակումների կիրառումը ձևավորել են նոր իրողություն, որի պայմաններում ամբողջ աշխարհում ՕՈՒՆ-ի զգալի անկում է սպասվում: Չնայած կապիտալ ներդրումներ կատարելու լրացուցիչ խթանների կիրառմանը՝ այդ անկումից անմասն չի մնա նաև Հայաստանը: