ՀՀ ՆԵՐՔԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Գայանե Թովմասյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
ավագ հետազոտող, տ.գ.թ.

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ ներքին զբոսաշրջությունը երկրի բնակիչների ճանապարհորդությունն է իրենց հիմնական բնակության երկրում (բնակության միջավայրից դուրս), ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով և ճանապարհորդության գլխավոր նպատակը չի հանդիսանում գործունեությամբ զբաղվելը, որի համար վճարվում է այցելած վայրում:

Վերջին տարիներին ՀՀ ներքին զբոսաշրջիկների թվաքանակն աճել է։

Աղյուսակ 1.

2019թ. ՀՀ ներքին զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 1.544.600 մարդ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 41.4 տոկոսով: Ներքին զբոսաշրջիկների մեծ մասի նպատակը եղել է հանգիստը և ժամանցը 72 տոկոս:

Դիտարկենք 2018-2019թ. ներքին զբոսաշրջիկների թվաքանակն ըստ եռամսյակների աղյուսակ 2:

Ինչպես տեսնում ենք աղյուսակ 2-ից՝ ներքին զբոսաշրջության ամենաակտիվ սեզոնը երրորդ եռամսյակն է՝ այսինքն ամռան ամիսները։ Զբոսաշրջիկների մեծ մասի նպատակը,  անշուշտ, հանգիստն ու ժամանցն է։

2019թ., ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ ՀՀ-ում եղել է 702 հյուրանոցային տնտեսության օբյեկտ, որից 413-ը՝ Երևանում աղյուսակ 3։

Աղյուսակ 3.

Աղյուսակ 3-ից ակնհայտ է դառնում, որ ՀՏՕ-ների մեծ մասը կենտրոնացած են մայրաքաղաքում, իսկ մարզերից ՀՏՕ-ների թվաքանակով առաջատար են Տավուշը և Կոտայքը։

Ինչպես գիտենք, 2020թ. կորոնավիրուսի համավարակի պատճառով միջազգային զբոսաշրջությունը մեծ վնասներ է կրում։ Ըստ ԶՀԿ-ի վերջին տվյալների՝ աշխարհի բոլոր երկրներն ունեն ճանապարհորդության սահմանափակումներ։ Երկրների.

  • 45 տոկոսն ամբողջությամբ կամ մասնակի փակել է իր սահմանները զբոսաշրջիկների համար. «ուղևորներին թույլ չեն տալիս մուտք գործել»,
  • 30 տոկոսն ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցրել հետաձգել է միջազգային չվերթերը. «բոլոր չվերթերը դադարեցված են»,
  • 18 տոկոսն արգելում է մուտքը հատուկ ծագման երկրներից ուղևորների կամ այդ վայրերի տարանցիկ ուղևորների համար,
  • 7 տոկոսը կիրառում է տարբեր միջոցառումներ, ինչպիսիք են կարանտինը կամ ինքնամեկուսացումը 14 օրով և մուտքի արտոնագրային միջոցառումները:

Չնայած համավարակը դեռևս չի ավարտվել, սակայն որոշ երկրներ արդեն պատրաստվում են զբոսաշրջային սեզոնի բացմանը։ Հունաստանում նախատեսվում է անվտանգտության միջոցառումների պահպանմամբ զբոսաշրջիկներ ընդունել հուլիսից։ Մեր հարևան Վրաստանը համագործակցում է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ և ցանկանում է խիստ սահմանափակումների պայմաններում ապահովել անվտանգության կանոնները և բացել երկրի սահմաններն օտարերկրացի զբոսաշրջիկների համար։

Փակ սահմանների և տեղաշարժի սահմանափակումների պայմաններում շատ երկրներ մտածում են զարգացնել ներքին զբոսաշրջությունը։

Արդեն ակնհայտ է, որ ՀՀ-ն վնասներ ունի ոչ միայն միջազգային, այլ նաև ներքին զբոսաշրջությունից։ Ստեղծված սահմանափակումների պայմաններում 2020թ. առաջին և երկրորդ եռամսյակների կտրվածքով կունենանք ներքին զբոսաշրջիկների թվաքանակի կրճատում՝ համեմատած աղյուսակ 2-ի տվյալների հետ։

Կարծում ենք՝ ներքին տեղաշարժի սահմանափակումների վերացման և անվտանգության կանոնների պահպանման պարագայում պետք է խթանել ներքին զբոսաշրջության զարգացումը։ Այս առումով, անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ տարբեր ուղղություններով՝ մարքեթինգային միջոցառումներ, հատկապես համացանցով և սոցիալական ցանցերով, տարբեր տեսակի տուր փաթեթների մշակում՝ ներառելով զբոսաշրջության տարբեր տեսակներ՝ ռեկրեացիոն, էկո, ագրո, գաստրոնոմիական, սպորտային, արկածային, իրադարձային և այլն։ Որպես մարքեթինգային խթան կհանդիսանա նաև Influencer մարքեթինգի իրականացումը տարբեր հայ հայտնի մարդկանց մասնակցությամբ, որոնք կհանգստանան որևէ մարզում, կմասնակցեն որևէ զբոսաշրջային տուրի, և ուղղակի ու անուղղակի կերպով կգովազդեն այն։

Մեր քաղաքացիների մեծ մասը, որոնք նախկինում գերադասում էին հանգստանալ արտերկրում, ներկայումս, համավարակի համաշխարհային վտանգի և տեղաշարժի սահմանափակումների պարագայում, կարող են հանգստանալ հայրենիքում։ Այստեղ հարկ է դիտարկել նաև զբոսաշրջիկի հոգեբանությունը՝ շատերն իրենց ապահով կզգան իրենց երկրի սահմաններում, քանի որ վտանգի պարագայում կարող են ավելի հեշտ ու արագ օգտվել համապատասխան բժշկական ծառայություններից, քան արտերկրում։

Համառոտ ներկայացնենք ՀՀ մարզերի զբոսաշրջային հիմնական վայրերը և առկա ռեսուրսների հիման վրա զբոսաշրջության տեսակները։

Շիրակի մարզում կարող են զարգանալ զբոսաշրջության պատմամշակութային, կրոնական, էկո, ագրո, քաղաքային, գաստրոնոմիական, սպորտային տեսակները։ Շիրակում հիմնական այցելության վայրեր կարող են լինել՝ Գյումրին, Արթիկը, Աշոցքը, Հառիճավանքը, Մարմաշենը, Կարմիրավանքը, Արփի լիճ ազգային պարկը, Լմպատավանքը, Ախուրյանի կիրճն ու Ախուրյան գետը, Նորշենը, Թռչկանի ջրվեժը և այլն։

Լոռիում կարող են զարգանալ զբոսաշրջության պատմամշակութային, կրոնական, առողջարանային, քաղաքային, ագրո, էկո, արկածային, փառատոնային, գաստրոնոմիական տեսակները։ Լոռիում հիմնական այցելության վայրեր կարող են լինել՝ Վանաձորը, Սպիտակը, Ստեփանավանը, Օձունը, Ալավերդին, Ախթալան, Հաղպատը, Սանահինը, Տաշիրը, Թումանյանը, Լոռի բերդը, Դեբեդ գետը և այլն։

Տավուշում կարող են զարգանալ զբոսաշրջության պատմամշակութային, կրոնական, էկո, առողջարանային, քաղաքային, ագրո, արկածային, սպորտային, գաստրոնոմիական, փառատոնային, կրթական, գործարար տեսակները։ Տավուշում հիմնական այցելության վայրեր կարող են լինել՝ Դիլիջանը, Իջևանը, Բերդը, Դիլիջան ազգային պարկը, Պարզ լիճը, Գոշավանքը, Հաղարծինը, Ենոքավանը, Մակարավանքը, Կիրանց վանքը, Ջուխտակ վանքը, Մաթոսավանքը, Իջևանի անտառները, Աղստև գետը և այլն։

Արագածոտնի մարզում կարող են զարգանալ զբոսաշրջության պատմամշակութային, կրոնական, հնեաբանական, ագրո, սպորտային, գինու և գաստրոնոմիական, գիտական տեսակները։ Արագածոտնում հիմնական այցելության վայրեր կարող են լինել՝ Ապարանը, Օշականը, Մուղնին, Թալինը, Դաշտադեմի ամրոցը, Սաղմոսավանքը, Բյուրականը, Ամբերդը, Արուճը, Աշնակը, Արագած լեռը, Արայի լեռը և այլն։

Արմավիրում կարող են զարգանալ զբոսաշրջության կրոնական, պատմամշակութային, ագրո, գաստրոնոմիական տեսակները։ Արմավիրում հիմնական այցելության վայրեր կարող են լինել՝ Էջմիածինը, Զվարթնոցը, Սարդարապատը, Մեծամորը, Ակնալիճը և այլն։

Կոտայքում կարող են զարգանալ զբոսաշրջության կրոնական, պատմամշակութային, առողջարանային, ագրո, էկո, սպորտային, գաստրոնոմիական տեսակները։ Կոտայքում հիմնական այցելության վայրեր կարող են լինել՝ Գառնին, Գեղարդը, Աբովյանը, Բջնին, Ծաղկաձորը, Հրազդանը, Կեչառիսը, Աղավնաձորը, Հանքավանը, Արզնին, Արզականը, Աղվերանը, Թեղենիս լեռը, և այլն։

Գեղարքունիքում կարող են զարգանալ զբոսաշրջության պատմամշակութային, կրոնական, սպորտային, արկածային, առողջարանային, էկո, գաստրոնոմիական տեսակները։ Գեղարքունիքում հիմնական այցելության վայրեր կարող են լինել՝ Սևանա լիճը, Սևանավանքը, Հայրավանքը, Գավառը, Վարդենիսը, Կալավանը, Գեղամա լեռները։

Արարատում կարող են զարգանալ զբոսաշրջության կրոնական, պատմամշակութային, էկո, ագրո տեսակները։ Արարատում հիմնական այցելության վայրեր կարող են լինել՝ Դվինը, Արարատը, Վեդին, Խոր Վիրապը, Արտաշատը, Խոսրովի անտառ պետական արգելոցը, Էրեբունի արգելոցը, Զանգակատունը, Հրազդան գետը, Կաքավաբերդը, Երասխի լեռները։

Վայոց Ձորում կարող են զարգանալ զբոսաշրջության կրոնական, պատմամշակութային, գինու և գաստրոնոմիական, էկո, ագրո, առողջարանային, սպորտային տեսակները։ Վայոց Ձորում հիմնական այցելության վայրեր կարող են լինել՝ Եղեգնաձորը, Վայքը, Ջերմուկը, Նորավանքը, Արենիի քարանձավը, Սմբատաբերդը, Գնդեվանքը, Արփա գետը, Մագելի և Մոզրովի քարանձավերը, Սելիմի քարավանատունը։

Սյունիքում կարող են զարգանալ զբոսաշրջության պատմամշակութային, գիտական, կրոնական, էկո, ագրո, սպորտային, գաստրոնոմիական տեսակները։ Սյունիքում հիմնական այցելության վայրեր կարող են լինել՝ Քարահունջը, Սիսիանը, Շաքիի ջրվեժը, Տաթևը, Գորիսը, Խնձորեսկը, Կապանը, Մեղրին, Շիկահողի արգելոցը, Արևիկ ազգային պարկը, Խուստուփ լեռը, Որոտան գետը, Ուղտասարը։

Իսկ մարզերի բնակիչներին կարող է հետաքրքել Երևանը, ուր այցելության լավագույն վայրերից են՝ Մատենադարանը (որտեղ պահվում է շուրջ 17000 ձեռագիր), Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Էրեբունի ամրոցը և Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Հայաստանի պատմության թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Հաղթանակի զբոսայգին և Մայր Հայաստան հուշահամալիրը, Կասկադ համալիրը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, Երևանի կոնյակի գործարանը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի կենդանաբանական այգին, Երևանի բուսաբանական այգին, Հանրապետության հրապարակը՝ երգող շատրվաններով, Վերնիսաժի շուկան, Սիրահարների այգին, Հյուսիսային պողոտան, Ազատության հրապարակը և Կարապի լիճը, եկեղեցիները և այլն:

Առկա ռեսուրսային ներուժի հիման վրա կարող են կազմակերպվել տարբեր երթուղիներ՝ մեկտեղելով զբոսաշրջության տարբեր տեսակներ։

Ներքին զբոսաշրջության խթանումը ներկա պայմաններում կապահովի նաև զբոսաշրջային ենթակառուցվածքների գործունեությունը մարզերում, կնպաստի մարզերում սոցիալ-տնտեսական կյանքի աշխուժացմանը։

Մայիս, 2020թ.