ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ. ԵՐԲ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ. ԵՐԲ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
2020թ. մայիսի 30-ին Իլոն Մասկի SpaceX ընկերությունը դարձավ առաջին մասնավոր ընկերությունը, որը Crew Dragon տիեզերանավով երկրի ուղեծիր և Միջազգային տիեզերական կայան ուղարկեց ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Դուգլաս Հյորլիին ու Ռոբերտ Բենկենին։
Եթե նախկինում տիեզերական զբոսաշրջությունը երևակայական պահանջմունքների շարքին էր դասվում, ապա այսօր այդ պահանջմունքը հնարավոր է բավարարել մեծ գումարի դիմաց։
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում տիեզերական զբոսաշրջությունը։
Տիեզերական զբոսաշրջությունը դեպի տիեզերք, երկրի ուղեծիր կամ Միջազգային տիեզերական կայան ՄՏԿ կատարվող ճամփորդությունն է՝ զվարճանքի կամ գիտահետազոտական նպատակներով։ Այն համարվում է զբոսաշրջության ամենաթանկ տեսակը։
Աշխարհի առաջին տիեզերական զբոսաշրջիկը եղել է ամերիկացի գործարար Դենիս Տիտոն՝ 2001թ. ապրիլի 28-ին։ Նա 20 միլիոն ԱՄՆ դոլար վճարեց ռուսական Союз ТМ-32 տիեզերանավով թռիչքի համար և 7 օր անցկացրեց ՄՏԿ-ում։ Տիտոյից հետո դեպի ՄՏԿ թռիչքներ կատարեցին նաև հարավաֆրիկացի միլիոնատեր Մարկ Շութլվորթը՝ 2002թ., 2005թ.՝ ամերիկացի գործարար Գրեգորի Օլսենը։ 2006թ. իրանական արմատներով ամերիկացի ձեռներեց Անուշե Անսարին դարձավ առաջին կին տիեզերական զբոսաշրջիկը։ Հաջորդ տարի ամերիկացի միլիարդատեր Չարլզ Սիմոնին Союз ТМА-10 տիեզերանավով երկու տիեզերագնացների հետ 10 օր անցկացրեց ՄՏԿ-ում, իսկ 2009թ. Սիմոնին կրկնեց իր ուղևորությունը։ 2008թ. ամերիկացի տեսախաղերի մշակող Ռիչարդ Գարիոտը, և 2009թ. կանադացի ձեռներեց Գի Լալիբերտեն թռիչք կատարեցին դեպի ՄՏԿ։
Տիեզերական զբոսաշրջության գլխավոր զգացողություններից են՝ մարմնի անկշռելիությունը, գույնի փոփոխությունը՝ կապույտից սևի, Երկրագնդի տեսքը՝ համաստեղություններով շրջապատված, փոքր ավազոտ փոթորիկները, ժայթքող հրաբուխները և լուսաբացը, որը տեղի է ունենում օրական 16 անգամ։
Ծովի մակարդակից մոտ 100 կմ (և ավելի բարձր) դեպի վեր թռիչքը համարվում է տիեզերական: Ենթաուղեծրային ճանապարհորդությունների համար (օրինակ, այն, ինչը կարելի է անել SpaceShipTwo տիեզերանավի վրա) բարձրությունը կարող է լինել ավելի քիչ՝ 80 կմ-ից բարձր:
Այսօր դեպի տիեզերք թռիչքներ կազմակերպող հայտնի ընկերություններից են՝ Blue Origin-ը, SpaceX-ը, Space Adventures-ը, Boeing-ը, Virgin Galactic-ը։
Տիեզերական զբոսաշրջային թռիչքի գները կախված են ճամփորդության տևողությունից և դրա բաղադրիչներից ապագա զբոսաշրջիկի բժշկական զննում, թռիչքի նախապատրաստում, թռիչք և դրան հաջորդող առողջության վերականգնման աշխատանքներ: Օրինակ՝ մի քանի օրը ՄՏԿ-ում արժի 58-75 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ հրթիռով ճամփորդությունը գերձայնային արագությամբ կարժենա 1 միլիոն ԱՄՆ դոլար:
1998թ. հիմնադրված Space Adventures-ն առաջարկում է թռիչք լուսնի շուրջը, այց դեպի ՄՏԿ, ելք բաց տիեզերք, թռիչք հատուկ Boeing 727-200-ով, G-FORCE ONE™-ով: 7-14 օրյա տուրը ՄՏԿ-ում կարժենա 20-40 մլն ԱՄՆ դոլար, իսկ լրացուցիչ 3-5 մլն ԱՄՆ դոլարով կարելի է դուրս գալ բաց տիեզերք։ Space Adventures-ը Ռոսկոսմոսի հետ պայմանագիր է կնքել երկու տիեզերական զբոսաշրջիկների ՄՏԿ ուղարկելու համար։ Թռիչքը կկայանա 2021թ. դեկտեմբերի վերջին, և զբոսաշրջիկները Նոր տարին կանցկացնեն տիեզերքում։
Virgin Galactic-ի SpaceShipTwo-ով 2,5 ժամ տևողությամբ ենթաուղեծրային թռիչքի տոմսերն արդեն վաճառված են նախապես 2-3 տարվա համար, իսկ թռիչքն արժի 250000 ԱՄՆ դոլար։
Տիեզերական զբոսաշրջիկը թռիչքից առաջ շուրջ 6-9 ամիս հատուկ ուսուցում է անցնում, և միայն բժշկական զննման դրական արդյունքի դեպքում է թույլատրվում թռիչքը։ Տիեզերքում մարդու մարմինը այլ կերպ է գործում. օրական ենթարկվում է ճառագայթման գրեթե տարեկան չափաբաժնին և ունենում է իմունիտետի ուժեղ թուլացում: Տիեզերքում կենսաբանական ժամացույցը դանդաղում է:
Տիեզերական զբոսաշրջության զարգացման հետագա քայլերից է տիեզերական հյուրանոցի կառուցումը։ 72-ամյա միլիարդատեր Ռոբերտ Բիգելովը՝ Budget Suites հյուրանոցային ցանցի հիմնադիրը, 2021թ. ցանկանում է տիեզերական մոդուլներից ստեղծված ուղեծրային հյուրանոց կառուցել: Նա արդեն Bigelow Aerospace ընկերության սեփականատերն է, որը մշակում է B330-1 և B330-2 տիեզերական մոդուլները և պատասխանատու է դրանք ուղեծիր ուղարկելու համար: Նախագիծը ենթադրում է, որ երկու տիեզերանավերը կմիանան մասնավոր տիեզերակայան ձևավորելու համար, որը գործելու է Երկրի ցածր ուղեծրում: Ուղեծրային հյուրանոցում հանգստի գինը չափվելու է «8-նիշանոց գումարներով»: Հաջողության դեպքում, Bigelow հյուրանոցը կդառնա ոչ միայն զբոսաշրջային վայր, այլ նաև ուղեծրային լաբորատոր տարածք:
Գործարար Ֆրանկ Բանգերի Orion Span ընկերության գլխավոր նախագիծը «Ավրորա» լյուքս դասի տիեզերական հյուրանոցի կառուցումն է: Հյուրանոցում առաջին հյուրերին նախատեսվում է ընդունել 2024թ., թեև արդեն այսօր կարելի է սենյակ ամրագրել: Ավրորան կբացվի մեկ մոդուլային ուղեծրային կայանի վրա: Ուղևորությունից առաջ զբոսաշրջիկները պետք է անցնեն հատուկ դասընթացներ տիեզերական թռիչքների և բարձր ճնշման պայմաններում ապրելու մասին: Տուրի տևողությունը 12 օր է, իսկ արժեքը կկազմի 9,5 միլիոն ԱՄՆ դոլար:
Ըստ UBS ներդրումային բանկի նոր զեկույցի՝ տիեզերական տնտեսության արժեքը 2010 թ.-ի 244 միլիարդ ԱՄՆ դոլարից 2030թ. կհասնի 805 ԱՄՆ միլիարդ ԱՄՆ դոլարի: Տիեզերական զբոսաշրջության շուկայի տարեկան ծավալը 2030թ. կկազմի 3 միլիարդ ԱՄՆ դոլար:
Տիեզերական զբոսաշրջության զարգացման հետ մեկտեղ նաև այլ մոլորակների բնակեցման նախագծերի իրականացման պլաններ կան։ SpaceX ընկերության սեփականատեր Իլոն Մասկը մտադիր է մինչև 2050թ. 1 միլիոն մարդ տեղափոխել Մարս մոլորակ, այնտեղ ստեղծել ինքնապահպանվող քաղաք։ Նա նախատեսում է ստեղծել 1000 Starship, որից յուրաքանչյուրը կարող է տեղափոխել 100 մարդ և 100 տոննա բեռ։ Մասկն իր SpaceX ընկերությունը հիմնել է 2002թ. և հայտարարել, որ իր գլխավոր նպատակը Մարսի գաղութացումն է։
Հուսանք՝ ժամանակի ընթացքում տիեզերական զբոսաշրջությունը հասանելի կդառնա բնակչության ավելի լայն շերտերին, իսկ գիտության և տեխնիկայի զարգացումը թույլ կտա տիեզերական զբոսաշրջությունից զատ նաև այլ մոլորակներ նվաճել, այնտեղ բնակավայրեր ստեղծել և, իհարկե, իրականացնել միջմոլորակային զբոսաշրջային ճամփորդություններ։