Ստեղծարար տեխնոլոգիաների ուսուցումն ու արդյունքի առևտրայնացումը

Համազասպ Գալստյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
հետազոտող, տ.գ.թ.

Գաղտնիք չէ, որ գիտելիքահեն և մրցունակ տնտեսություն ունենալու և այն այցեքարտ դարձնելու մեր պետության հավակնությունները պետք է ամրագրվեն հստակ գործողությունների ճանապարհային քարտեզով՝ գիտելիքի, նորարարության, ստեղծարար արդյունքի ամրագրման և ապա առևտրայնացման գործուն մեխանիզմների առկայությամբ։ Խնդիրն առաջին հայացքից կարծես թե այնքան էլ բարդ չէ, հատկապես այն պարագայում, երբ մտավոր սեփականության (հեղինակային և հարակից իրավունքներ), իսկ այս դեպքում՝ արդյունաբերական սեփականության (գյուտեր, արդյունաբերական նմուշներ և ապրանքային նշաններ) ոլորտը կարգավորվում է մի շարք օրենքներով և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային համաձայնագրերով*, որոնք իրավական հարթությունում, ըստ էության, սահմանել են ազնիվ խաղի կանոնները՝ անհատի մտավոր ստեղծարար գործունեության տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունքների արդյունավետ ու ամբողջական իրացման համար։

Սակայն էլեկտրոնային հաղորդակցման ցանցային հարթակների, թվային տեխնոլոգիաների և տեղեկատվական խելահեղ արագությունների ներկա պայմաններում, երբ համաշխարհային վիրտուալ ցանցը հնարավորություն ունի վարկենապես ոչ միայն կլանել, այլև տարածել ցանկացած ստեղծարար միտք, անգամ մինչ նրա «փաթեթավորված ու առևտրային տեսքի բերված» ներկայացման պահը, երբ այդ տիրույթը իր խաղի կանոններն է թելադրում և հաճախ ոչ այնքան ազնիվ, խնդիրը բարդանում է դրա իրագործելիության ու կանոնների հստակեցման առումով։

Ցանկացած տեսանկյունից, փոքր երկրների համար բարձր տեխնոլոգիական ուղղությունների զարգացման արդի մարտահրավերները յուրօրինակ հնարավորություն են ստեղծում հայտնվել դրանց ստեղծման, ապա նաև առևտրայնացման համաշխարհային խաչմերուկներում, և պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ միայն այդ ոլորտը համարում է գերակա, այլ նաև գործնական քայլեր ձեռնարկում համաշխարհային տեխնոմիջավայրում դառնալու ակտիվ «խաղացող» և կարևոր գործընկեր։ Դրա ապացույցներից էր 2019 թվականին հանրապետությունում անցկացված Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսն ու մի շարք այլ միջոցառումները, որոնց շրջանակներում մեկ հարկի տակ հավաքվեցին բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային դերակատարում ունեցող ընկերությունները ու իրենց աշխատանքով գիտական թռիչք ապահոված գիտնականներն ու ոլորտի առաջատար մասնագետները:

Ընտրությունը ճիշտ է, քանի որ մտքի առևտրայնացումն այն հիմնական ուղղությունն է, որը նյութական սահմանափակ, սակայն մտավոր ներուժի անսպառ պաշարներով ի զորու է ապահովել մեր տնտեսության կայուն զարգացումը։ Հետևաբար, տեխնոլոգիական գրագիտությունը, ստեղծարար տեխնոլոգիաների ուսուցման և կրթության, իսկ ապա նաև դրա արդյունքի առևտրայնացման խնդիրը պետք է լինի հստակ ձևակերպված անհրաժեշտ նպատակ, որից բխում է ցանկալի և նաև հնարավոր «նպատակի ծառի» կառուցումն ու կատարելագործումը։

Թյուր կարծիք է ստեղծվել, որ ստեղծարար գիտելիքներ կրողները, որպես կանոն, մարդկային շփումներում ակտիվ չեն և ինքնամփոփությունը նրանց հաջողության հիմնական բանալին է։ Սակայն բարձր տեխնոլոգիաների ոլորտի ստարտափերի և բազմաթիվ թիմային հաջողված պատմությունների փորձն արդեն իսկ վկայում է, որ որպես ստեղծարար գործիք տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումն արժեքավոր և արդյունավետ կարելի է համարել այն դեպքում, երբ դրանք նպաստում են մարդկանց միջև շփմանը, այլ ոչ հակառակը։ Ընդ որում, մանուկ հասակից կրթական այդպիսի համակարգի ձևավորման և թիմային ծրագրերում անհատի ինքնուրույն սովորելու ունակությունները դրսևորելու, ինչպես նաև ստեղծարար ոգու էներգիան ուրիշներին փոխանցելու, նրանց օգնելու և սովորեցնելու հմտություններն ու փորձը ձեռք բերելու առումով, որպես ստեղծարար տեխնոլոգիաների ուսուցման հաջողված փորձ ու պատմություն, մեր հանրապետությունում շահեկանորեն առանձնանում է ԹՈՒՄՈ-ն։ Այս կենտրոնը ոչ միայն տեղական, այլև միջազգային  ճանաչում ունի։ Որպես ստեղծարար տեխնոլոգիաների ուսուցանման յուրօրինակ մոդել, այն մայրաքաղաք Երևանից զատ, ցանցային տարածում է գտնել Դիլիջանում, Գյումրիում, Մասիսում, Արմավիրում, Կողբում, Ստեփանակերտում։ ԹՈՒՄՈ-ն ստեղծել է նաև արտասահմանյան մասնաճյուղեր (Փարիզ, Բեյրութ, Սանկտ-Պետերբուրգ, Աստանա), որոնք շարունակական տարածվելու ռազմավարական նպատակ ունեն։

Եթե ԹՈՒՄՈ-ի և նմանօրինակ ստեղծարար կենտրոնների կրթական ծառայությունների մատուցման մոդելի առումով ամեն ինչ պարզ է, ապա լիարժեք պարզ չէ պետություն-կրթական կենտրոն համագործակցության և նաև մտավոր սեփականության տարրեր պարունակող մեր պատանիների ստեղծագործական հաջողությունների ու արդյունքների ճակատագիրը, որպես մտավոր սեփականության օբյեկտ և ինչու չէ, նաև որպես իրավատեր։

Ինքնին հասկանալի է, որ բարդ է ստանալ դրանց ծագման, գույքագրման, հաշվառման և ապա առևտրայնացման ընթացքի մասին բավարար ու լիարժեք տեղեկատվություն, բայց խնդիրն ունի նաև պետության համար ռազմավարական նշանակություն և հետևապես այն ոչ թե պետք է դիտարկել զուտ վերահսկման կամ պետության կողմից հսկիչ ծրարի ձեռքբերման տեսանկյունից, այլ այդ հաջողությունների ամրագրման ճանապարհով իրավատիրոջ հստակեցման և ապա դրանցից առավել կիրառականները ի նպաստ տնտեսության զարգացմանն օգտագործելու և նորարարություն-տնտեսություն ինտենսիվ կապի ստեղծման մեխանիզմների արդյունավետ կիրառման համատեքստում, ինչն իրավմամբ կարող է դառնալ ՀՀ տնտեսության զարգացման ու մրցունակության ապահովման որոշիչ գործոններից մեկը:

Ըստ էության, ռազմավարական նպատակից բացի, որն ինքնին կարևոր է որպես մեկնակետ, անհրաժեշտ է հստակեցնել նաև մտավոր սեփականության օբյեկտների բացահայտման, կիրառական առումով դրանց ապագա եկամտի գնահատման, արդյունքների հրապարակայնացման և այլ մեխանիզմների ընդհանուր համակարգի արդյունավետ գործունեության շղթան, հիմքում համակցելով ստեղծագործ մտքի կրողի և պետության շահերը, որպես մեկ միասնական շահ՝ ուղղված պետության հզորացմանն ու տնտեսության մրցունակության նշաձողի բարձրացմանը։

Խնդիրն անհրաժեշտ է դիտարկել նաև ստեղծագործ մտքի կրողի իրավունքների երաշխավորը լինելու, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված (պատվիրատու, ներդրող, միջնորդ, արտադրող) արդյունավետ և փոխշահավետ համագործակցության տեսանկյունից։ Չպետք է բացառել նաև նմանատիպ կենտրոնների հետ հետազոտական և կիրառական ծրագրերի համաֆինանսավորման ու նաև անմիջական պետպատվերի ճանապարհով մասնակցայնության ինստիտուտի ձևավորումը։

Ինչպես մտավոր սեփականության օբյեկտի «կայացման», այնպես էլ նորարարական գաղափարների արդյունքի առևտրայնացման գործընթացը բազմակողմ ու փոխկապակցված, հետաքրքիր, սակայն բարդ և հաճախ արդյունավետ գործիքակազմի բացակայության պատճառով դժվար իրագործելի շղթա է, որն իր մեջ ներառում է նորարարի, պետության, ներդրողի, արտադրողի, սպառողի շահերի բախումն ու ապա նաև համակցումը, որն, իր հերթին, կանխորոշում է նոր ծնված մտավոր ակտիվի կյանքի թե´ տևողությունը, թե´ որակը։ Ըստ չափաբաժինների, առևտրայնացումը վերոնշյալ շահառուների համար ուղիղ կախում ունի նրանց դիրքորոշումից, դիրքավորումից, ակտիվությունից և մտավոր ակտիվի կարևորության ընկալումից։

Մտավոր ակտիվի առևտրայնացման ժամանակակից կանոնները և աննախադեպ արագությունները հաճախ արդեն չեն տեղավորվում դասական փուլային պատկերացումների և ընթացակարգի սահմաններում, որի պարագայում այլևս հնարավոր չէ լիարժեք բացահայտել խնդրի իրագործելիության հնարավոր սցենարները։ Բարձր տեխնոլոգիաների թռիչքային զարգացման տեմպերը հաճախ թույլ չեն տալիս մրցակցային շուկայում օգտագործել գիտական կամ մտավոր արդյունքի՝ տասնյակ տարիներ կիրառվող առևտրայնացման ընդունված սխեմաները, որը փուլային զարգացման առումով նախատեսում է, նախ և առաջ, հիմնարար և կիրառական հետազոտությունների բավարար ժամանակ։ Ժամանակատար է նաև առաջին փուլին հաջորդող մշակումների ու նախագծերի ստեղծման գործընթացը։ Դասական կառուցվածքում այս սխեմայի հիմնական մասնակիցները գիտահետազոտական կազմակերպություններն են, որոնց ստեղծարար աշխատանքի հիմնական նպատակը մտավոր սեփականության օբյեկտների, առավելապես արդյունաբերական սեփականության օբյեկտների ստեղծումն է։ Այս հաստատությունների յուրատեսակ նախապատրաստական բաժանմունքներն են բուհական հաստատությունները, որոնք սակայն՝ մեր հանրապետության պարագայում, դեռևս ամբողջապես չեն ներառվել գիտահետազոտական ընդհանուր համակարգի մեջ։

Բարձր տեխնոլոգիաների կիրառման և դրանց առևտրային բաղադրիչի արժևորման միտումներն այսօր արդեն ի հայտ են բերել դասական շղթայի նոր օղակներ, ի դեմս ստեղծարար խմբերի, ստարտափ թիմերի, որոնք միգուցե և «կաղում են» հիմնարար և կիրառական հետազոտությունների խորքայնության առումով, սակայն ունեն կարևոր ու հիմնական առավելություն. նրանք գերակտիվ են տեխնոլոգիական առումով արագ փոփոխվող շուկայի հանդեպ։ Այդ խմբերը արագ և ճկուն դիրքավորվում են, ընտրում են զարգացման համար հնարավոր թիրախները և առավել թիմային են արագ որոշումների կայացման փուլում։

Այսինքն, արդեն այսօր պարզ է դարձել, որ ունենալով մտավոր սեփականության ոլորտի օրենսդրական և իրավական կարգավորման հստակ տիրույթ, ինչ որ բան այդուհանդերձ այնպես չէ դրա առևտրայնացման դասական շղթայում, և դա է պատճառը, որ միջնորդի ինստիտուտի չկայացվածության պարագայում հաճախ պահանջարկի ու առաջարկի շահագրգիռ խմբերը չեն հանդիպում իրար, ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ՝ օբյեկտիվ գործոնների ներազդեցությամբ պայմանավորված։

Առաջարկի պարագայում խնդիրը կարող է լինել առևտրայնացման պարզ կամ ավելի շուտ, պարզ-կենցաղային կանոնների բացակայությունը, որը պահանջում է ժամանակակից առևտրային գործարքը, իսկ պահանջարկի պարագայում՝ ռազմավարական կամ մարտավարական ծրագրերի սերտաճման միտումը կամ չհստակեցված ակնկալիքը, որը ծնում է խառնաշփոթ։ Խնդիրն առկա է նաև ստեղծագործող անհատի կամ թիմային հոգեկերտվածքի, նորարարական գործունեության ընկալման տիրույթում։ Այս դեպքում արդեն խաթարիչ դերակատարում ունի ցանցահենական ագրեսիան, որը ծնում է մտքի արդյունքի վաղաժամ հրապարակայնացման կամ գաղափարից արտադրանք (ծառայություն) ճանապարհի ընթացքում դրա նկատմամբ ոտնձգության վախ։ Դրանից կարող է բխել նաև զգուշավորությունը, պարզ տեղեկատվության բացակայությունը, գովազդը, որը հնարավորություն չի տա պատկերացում կազմել տվյալ «ապրանքի» կիրառելության և սպասվող օգտակար արդյունքի մասին։ Սրանք են դասական շղթայով շարժվող միավորների խնդիրները և նոր միջավայրին չադապտացվելու հիմնական խորքային պատճառները։

Եվ հենց այստեղ է, որ իրենց վճռականությամբ, արագությամբ, նորի ընկալման շնչով, աշխատանքի գրավիչ պայմաններով, թիմային աշխատանքի նոր որակներով առաջին հարթակ են գալիս ոչ ակադեմիական և նաև ոչ այնքան դասական կառուցվածք ունեցող միավորները, ստեղծարար կենտրոններն ու գիտելիքակիր փոքր թիմերը, որոնք հստակ ռազմավարության և ճկուն մարտավարության, ինչ որ տեղ նաև կարծրատիպերի մերժման ճանապարհով ուղի են հարթում ստեղծագործ աշխատանքն իրենց ցանկացած «փաթեթավորմամբ» ներկայացնելու, ասել է թե՝ առևտրայնացնելու ու եկամտաբեր գործունեություն ծավալելու համար։

Արդյունքում, ապահովելով իրավական կայուն հարթակ, պետությունը հաճախ ուղղակի զուտ վավերագիրն է դառնում մտավոր սեփականության ծննդի, ապա նաև ակտիվ շրջանառության, սակայն չի դառնում դրա ոչ շահառուն և ոչ էլ լիարժեք մասնակիցը։

Իսկ որ ստեղծագործ մտքի այդ տիրույթում հաջողություններ կան և դրանք լինելու են շարունակական և նաև այն, որ այդ տիրույթի կենտրոնները, այսպես թե այնպես, ինչ որ պահից սկսած, ուժեղացնելու են հիմնարար հետազոտությունների իրականացման, դրանց կիրառելիության ուսումնասիրման, մշակման ու նախագծման դասական փուլերը, արդեն իսկ տեսանելի է նույն ԹՈՒՄՈ կենտրոնի պարագայում, որը Երևանում, Եվրամիության համագործակցությամբ, այս տարի կսկսի կառուցել ինժեներական և կիրառական գիտությունների ժամանակակից համալիր: Ի դեպ 2018 թվականին անցակացված ՏՏ համաշխարհային համաժողովում ԹՈՒՄՈ-ն ստացավ հատուկ մրցանակ «Թվային դարի խորհուրդը իրագործելու» համար:

Ինչպես ասում են, «գնդակը պետության դաշտում է»։

Հունիս, 2020թ.

* «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքի մասին» ՀՀ օրենք, «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենք, «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենք, «Արտոնագրային իրավունքի մասին» Ժնևյան պայմանագիր, «Ապրանքային նշանների իրավունքի վերաբերյալ» Սինգապուրյան պայմանագիր, «Եվրասիական արտոնագրային կոնվենցիա» և այլն։