«ՈՒժեղ պետության» տեսլականը
«ՈՒժեղ պետության» տեսլականը
Վերջին շրջանի աշխարհաքաղաքական (ներքին և արտաքին) զարգացումները ևս մեկ անգամ եկան փաստելու, որ ներկայում, առավել քան երբևէ, կարևոր է «ուժեղ պետություն» ունենալու անհրաժեշտությունը: Ուժեղ պետության գաղափարը, նախևառաջ, ենթադրում է պետության՝ որպես մեկ ամբողջական համակարգի, կայունությունը (անհատ-հասարակություն-պետություն եռամիասնություն):
Այժմ փորձենք մեկնաբանել նշված հիմնախնդիրը:
Զարգացման ողջ ընթացքում համակարգերն անցում են կատարում կայուն վիճակից անկայուն վիճակի, և հակառակը: Համակարգի կառուցվածքային և ֆունկցիոնալ կայունությունը ենթադրում է համակարգի ունակությունը՝ պահպանելու իր որակական հատկանիշները, այդ թվում` ներքին կապերի և վարքագծի առանձնահատկությունները:
Համակարգի անկայուն վիճակը շատ հաճախ առաջանում է համակարգ նոր բաղադրիչի ներմուծման արդյունքում, որը կարող է լինել արտաքին շոկի, միջամտության (տնտեսական կամ քաղաքական) ազդեցության ներքո (ինչի առերևույթ ականատեսն ենք ներկայումս):
Բիֆուրկացիայի (շրջադարձային) կետում համակարգի անկայունությունն ուժեղանում է, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է թռիչքաձև անցման` նոր՝ ավելի կայուն վիճակի: Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որպեսզի այդ անցումը, որքան հնարավոր է, անցնցում իրականացվի: Պետության՝ որպես սոցիալ-տնտեսական համակարգի, կայունության աստիճանի բարձրացմանը նպաստում է ենթահամակարգերի (անհատ, հասարակություն) որոշակի կայունության պահպանումը: Շատ համակարգեր, ներառյալ սոցիալ-տնտեսական համակարգերը, իրենց կառուցվածքում ունեն փոփոխվող միջավայրին արագ հարմարվող և չհարմարվող ենթահամակարգեր: Դրանցից առաջինները դյուրին են հարմարվում արտաքին միջավայրի ֆլուկտուացիաներին (համակարգի չնախատեսված, պատահական շեղումն է իր բնականոն զարգացման հետագծից), իսկ երկրորդները պահպանում են համակարգի որակական որոշակիությունը: Երբ համակարգում սկսում են գերակշռել առաջին տիպի ենթահամակարգերը, համակարգի կայունության աստիճանը սկսում է նվազել:
Ներկայումս խնդիրը կայանում է նման տիպի ենթահամակարգերի «չեզոքացման» մեջ, որոնք փորձում են պետության վրա գործադրած արտաքին շոկերի ազդեցությունը ներմուծել համակարգի ներքին միջավայր, ինչը կարող է հանգեցնել ամբողջ համակարգի, տվյալ դեպքում՝ պետության կործանմանը:
Բիֆուրկացիայի գործընթացները կարելի է տեսնել հասարակական կյանքի զարգացման ամբողջ ընթացքում: Հեղափոխական գործընթացները ևս համարվում են բիֆուրկացիայի հատկանշական օրինակներ: Հասարակության ներսում ստեղծված ոչ մի հեղափոխական իրադրությունում ոչ մեկին չի հաջողվել կանխատեսել հետհեղափոխական զարգացման բնույթը: Խնդիրը կայանում է նրանում, թե որքան են ունակ հեղափոխություն իրականացրած այդ ենթահամակարգերը (անհատ, հասարակություն) դիմագրավելու արտաքին «ագրեսիվ» շոկերին: Ժամանակի ինչ որ պահի համակարգի վրա արտաքին ազդեցությունների աստիճանը հասնում է կրիտիկական մակարդակի, կամ էլ տեղի է ունենում համակարգի ներքին ուժերի (էնտրոպիայի) կուտակման գործընթաց: Այդ պահից սկսած, համակարգի բնութագրիչները սկսում են արագ փոփոխվել: Արդյունքում, համակարգը կորցնում է իր նախկին հավասարակշռված վիճակը, և զարգացման նոր ուղիների հնարավորություն է առաջանում: Այս իրավիճակում համակարգի վրա նույնիսկ թույլ ազդեցությունը (արտաքին շոկը) կարող է էվոլյուցիոն գործընթացը տեղափոխել նոր հարթություն, ինչի արդյունքում համակարգի զարգացումը կարող է տեղի ունենալ լրիվ այլ՝ ոչ ցանկալի ճանապարհով:
Խնդիրը կայանում է նման անցանկալի զարգացումներից խուսափելու մեջ: Իսկ այդ նպատակին հասնելու համար, նախևառաջ, անհրաժեշտ է ապահովել ենթահամակարգերի (անհատ, հասարակություն) ներքին կապերի փոխշահավետ համագործակցությունը՝ պետական շահի գիտակցմամբ:
Եթե բիֆուրկացիայի հետևանքով ծնված քաոսը երկար է տևում, ապա հնարավոր է դառնում նաև համակարգի քայքայումը, ինչի հետևանքով համակարգի բաղադրամասերը որպես կառուցվածքային բաղկացուցիչներ ներառվում են մեկ այլ համակարգի մեջ և ձգվում են արդեն այդ նոր համակարգի ատրակտորների կողմից:
Այժմ փորձենք ամփոփելով ներկայացնել գիտական եզրույթների և ներկա իրավիճակի նմանություններն ու առանձնահատկությունները։
Համակարգի դեգրադացիա կարող է տեղի ունենալ հետևյալ դեպքերում.
- երկարում է համակարգի անցման գործընթացը, երբ համակարգի նոր կառուցվածքի հիմնական բնութագրիչների գերակշիռ մասը դեռևս չեն ձևավորվել, ինչի արդյունքում համակարգում ներքին էնտրոպիան աճում է և համակարգը դադարում է կատարել իր գործառույթները (ՀՀ-ում ներկա իրավիճակը),
- համակարգը ընտրում է զարգացման ոչ կառուցողական ուղի, օրինակ՝ վերափոխվում է փակ համակարգի (բռնապետական) կամ ընտրում է համակարգին ոչ բնորոշ զարգացման ուղի (արտաքին միջամտության արդյունքում),
- կտրուկ նվազում է համակարգի գործունեությունն ապահովող բաղադրիչների (ենթահամակարգերի) քանակը, կամ էլ դրանք կտրուկ ավելանում են (պետության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության կողմնակիցների քանակը),
- ղեկավարվող ենթահամակարգը բիֆուրկացիայի կետում փորձում է համակարգը տեղափոխել այնպիսի ուղու վրա, որը չի համապատասխանում համակարգի ոչ անցյալին և ոչ էլ ապագային (ապազգային),
- համակարգում տեղի ունեցող արմատական (հեղափոխական) փոփոխություններից հետո, ղեկավարվող ենթահամակարգը չի փոփոխվում կամ փոփոխվում է ոչ բավարար չափով, որի արդյունքում ամբողջ համակարգը ձգում է իրեն արդեն սպառած ատրակտորի կողմը (նախկին համակարգ),
- ենթահամակարգը փորձում է ամբողջ համակարգին պարտադրել այնպիսի «թռիչք», որի համար դեռևս օբյեկտիվ նախապայմաններ չկան (աշխարհաքաղաքական իրավիճակ),
- ենթահամակարգը դադարում է կատարել իր գործառույթները (չի ապահովում պետության կայունության ապահովման իր հիմնական գործառույթը):
Համակարգի կազմալուծմանը նպաստում են հետևյալ գործոնները.
- երբ վերը նշված դեգրադացիոն երևույթներն առկա են երկար ժամանակահատվածում,
- արտաքին միջավայրից համակարգի վրա ազդում են ուժեղ ֆլուկտուացիաներ,
- ներքին և արտաքին ֆլուկտուացիաները քայքայում են համակարգի բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը,
- ներքին և արտաքին ֆլուկտուացիաների արդյունքում համակարգը զրկվում է այնպիսի բաղադրիչներից, որոնք համակարգի համար անփոխարինելի են, այսինքն հանդիսանում են նրա հիմնական բնութագրիչները:
Հ.Գ. Բիֆուրկացիայի կետում, համակարգի կողմից զարգացման այս կամ այն ուղու ընտրությունը կախված է անհատների գործունեության միջոցով իրացվող պատահական գործոնների ազդեցությունից: Այսինքն, կարելի է նշել, որ կոնկրետ անհատները մեծ ազդեցություն ունեն համակարգի որակական փոփոխությունների իրականացման գործընթացի վրա, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պատահականությունը ոչ միայն մեծ, այլև հիմնարար դեր է խաղում զարգացման ուղղության ընտրության հարցում: Համակարգի նման զարգացման միտումը, այդ գործընթացը դարձնում է անշրջելի և անկանխատեսելի:
Հետևություն. որքան հնարավոր պետք է նվազեցնել կամ հնարավորության դեպքում, իսպառ չեզոքացնել համակարգի (պետության) կայուն զարգացման հարցում անհատների էական ազդեցությունը: