Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրության գործընթացը սկսվել է

Սամվել Ավետիսյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Տնտեսագիտական հետազոտություններ» ծրագրի ավագ հետազոտող
ծրագրի համակարգող

Հայաստանի Հանրապետությունում ավելի քան քսանհինգ տարի բոլոր մակարդակներով քննարկվում է գյուղատնտեսության ապահովագրության հարցը: Այս խնդրի կարևորությունը շեշտադրվել է նախընտրական խոստումներում և կառավարության ծրագրերում, մեկը մյուսին փոխանցելով՝ գյուղատնտեսության նախարարները թմբկահարել են այն, ուսումնասիրվել է միջազգային փորձը, կատարվել են գիտական հետազոտություններ, հրապարակվել են ակադեմիական հոդվածներ ու աշխատություններ[1], սակայն, մինչև 2017թ. գործնական քայլ չի կատարվել գյուղատնտեսության ապահովագրության ներդրման ուղղությամբ:

Ահավասիկ, 2017թ. դեկտեմբերի 14-ին հրապարակվեց <<Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի համար 5,339,139.38 եվրո գումարի չափով N 2016 68 458 դրամաշնորհային համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին>> արձանագրային որոշումը և, ինչպես ասում են՝ սայլը տեղից շարժվեց: ՀՀ կառավարությունը 2018թ. պետական բյուջեում գյուղատնտեսության ապահովագրության աջակցության նպատակով նախատեսեց ևս 885 մլն դրամի ֆինանսավորում: Այսինքն, լուծվեց երկու կարևոր հարց՝ 1) գտնվեց փորձնական ծրագրի հեղինակավոր գործընկեր և 2) ծրագրի ֆինանսավորման հուսալի աղբյուր: Ծրագրի հաջորդ կարևոր փուլը տեխնիկական առաջադրանքի մշակումն ու մրցութային կարգով փորձնական ծրագիրն իրականացնող կազմակերպության ընտրությունն է: Այս փուլին ՀՀ ֆինանսների և գյուղատնտեսության նախարարություններից բացի ներգրավված են ՀՀ Կենտրոնական բանկը և գերմանական KfW բանկը: Ներկայումս այդ գործընթացները ևս ընթացքի մեջ են և, մեր կարծիքով, բնականոն ձևով կիրականացվեն: Թերևս, դժվարություն չի ներկայացնի նաև վերաապահովագրող ընկերության ընտրությունը:

Քանի որ հողի սեփականաշնորհումից հետո, տնտեսավարման բազմաձևության պայմաններում գյուղատնտեսության ապահովագրության լուրջ փորձառություն չունենք, անհրաժեշտ է նկատի ունենալ մի քանի սկզբունքային հարցեր: Ամենայն հավանականությամբ նախապատվությունը տրվելու է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի ապահովագրմանը, որը պահանջում է յուրաքանչյուր արտադրատնտեսական պայմաններին համապատասխան սպասվող բերքի ճշգրիտ պլանավորում: Վերջինիս համար հիմք պետք է ընդունել առնվազն վերջին հինգ տարիների փաստացի տվյալները:

Ինչպես երևում է թիվ 1 աղյուսակի տվյալներից խորհրդային շրջանի համեմատաբար բարենպաստ 1988 թ. համեմատությամբ, 2016թ-ին հիմնական մշակաբույսերի բերքատվության ցուցանիշի շեղումը (բացառությամբ կարտոֆիլի) մեծ չէ: Այդուհանդերձ, հատկապես 2011թ-ից մինչև 2016թ-ի առաջին կիսամյակը գյուղատնտեսության վիճակագրության աղավաղման ամենավատ տարիներն էին: Գյուղական համայնքապետարան – մարզպետարան – գյուղատնտեսության նախարարություն շղթայում կիրառվող աճպարարության հետևանքով, իրականությունից շեղված բարձր ցուցանիշները ոլորտի աննահանջ զարգացման կեղծ պատկեր էին ստեղծում և այդ ցուցանիշները արտացոլվում էին ՀՀ ԱՎԾ-ի հրապարակումներում: 2016թ-ի երկրորդ կիսամյակից հետո փորձ է արվում աստիճանաբար մոտենալ իրականությանը, սակայն շեղումն այնպիսին է, որ դժվար է միանգամից կարգավորել: Օրինակ, չմշակվող վարելահողերի ակնհայտ ավելացման պայմաններում, ընդամենը ցանքատարածության ցուցանիշը 2010թ-ի 283.6 հազ. հա-ի դիմաց, 2012թ-ին ավելացավ 20.6 հազ. հեկտարով, 2013թ-ին՝ 13.9, 2014թ-ին՝ 14.7, 2015թ-ին՝ 19 հազ. հեկտարով: Թերևս, ՀՀ նոր կառավարության դիրքորոշումը հաշվի առնելով, ՀՀ ԱՎԾ-ն «Վիճակագրական տարեգիրք 2016»-ում որոշակիորեն պակասեցրել է 2014 և 2015 թվականների ընդամենը ցանքատարածության ցուցանիշները: Ինչ վերաբերում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությանը, ապա այդ հինգ տարիների ընթացքում հացահատիկի բերքատվության միջին տարեկան աճը կազմել է 12.3, բանջարեղենինը՝ 2.58, կարտոֆիլինը՝ 6.3, պտղինը՝ 28.4 և խաղողինը՝ 4.7 տոկոս: Կարծես ոչինչ արտառոց չկա, բայց ապահովագրող ընկերության համար դժվար ընդունելի լինի բերքատվության այդ մակարդակները, քանի որ դրանց ապահովման համար արտադրական գործոնները համարժեք չեն:

Կարևոր խնդիրներ են՝ ապահովագրական սակագնի հաշվարկման մեթոդաբանության, մարզերի, մշակաբույսերի և ռիսկերի ընտրությունը: Այս առումով, թերևս օգտակար կլինի վերևում նշված ՀՊՏՀ “Ամբերդ” հետազոտական կենտրոնի աշխատությունը, որտեղ անդրադարձել ենք այդ խնդիրներին:

Բոլոր դեպքերում գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի սկզբնավորումը ողջունելի է: Համոզված ենք, որ ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ կգան մի շարք հիմնախնդիրները, որոնց լուծումը կարևոր նախապայման է հետագա աշխատանքն առավել արդյունավետ ու մեծ ընգրկումով կազմակերպելու համար:

Սամվել Ավետիսյան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Փետրվար, 2018 թ.

1. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի <<Ամբերդ>> հետազոտական կենտրոնը այս հիմնախնդիրն ուսումնասիրել և 2017թ. հրապարակել է <<Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման ուղիները Հայաստանի Հանրապետությունում>> աշխատությունը http://media.asue.am/upload/amberd_matenagrer/S._Avetisyan_34.pdf:
2. Народное хозяйство Армянской ССР в 1988 году: стат. ежегодник. Ереван: Айастан, 1989. стр. 190-196.
3. 1990թ. և 1995թ. Հայաստանի վիճակագրական տարեգիրք: Եր.: Զանգակ-97, 1998, էջ 261-265: