Գյուղատնտեսական արտադրության թափոններից կենսավառելիքի արտադրության բիոէներգետիկ ներուժը Հայաստանի Հանրապետությունում

Սամվել Ավետիսյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
«Տնտեսագիտական հետազոտություններ» ծրագրի ավագ հետազոտող
ծրագրի համակարգող

Կենսավառելիքը որպես վերականգնվող էներգիայի ռեսուրսախնայող և արդյունավետ տեսակ` այսօր աշխարհում լայն տարածում է գտնում: Վառելահատիկների (պելետի) և բրիկետների կալորիականություն այնքան բարձր է, որ դրանց 1 կգ-ը կարող է փոխարինել 0,4-0,5 լ հեղուկ վառելիքին: Բրիկետավորված կենսավառելիքը գնալով ավելի մեծ տարածում է գտնում, քանի որ ունի մի շարք կարևոր արժանիքներ՝ ստացվում է կենսաբանական հումքից, որը այլ ոլորտներում օգտագործման համար գրեթե պիտանի չէ: Կարևոր առավելություն է, որ այրումից առաջացած մոխիրը կարելի օգտագործել որպես հանքային պարարտանյութ: Իսկ կենսավառելիքի հումքի աղբյուրները բազմազան են՝ սովորական ծղոտից մինչև գոմաղբը, անասնակերի մնացորդներն ու կենսաբանական ծագման բոլոր թափոնները:

Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ որպես բրիկետային կենսավառելիքի ստացման հումք հաջողությամբ օգտագործվում է հացահատիկային մշակաբույսերի, այդ թվում՝ եգիպտացորենի ծղոտը:

Բերքահավաքի ժամանակ մշակաբույսի հատիկային մասը բաժանվում է ցողունային մասից: Ծղոտի պահպանման հետագա ճակատագիրը կախված է կիրառվող տեխնոլոգիայից: Ծղոտի մի մասն օգտագործվում է որպես անասնակեր և ցամքար, իսկ հիմնական մասը մնում է դաշտում, հետագայում այն ծածկվում է հողով, իսկ վատագույն դեպքում այրվում է: Որպես անասնակեր հիմնականում օգտագործվում է գարու և գարնանացան ցորենի ծղոտը, որն ավելի սննդարար է և դյուրամարս:

Հիմք ընդունելով ՀՀ պաշտոնական վիճակագրական տվյալները և բուսաբուծական թափոնների ելքի նորմատիվները, հաշվարկվել է հիմնական հացահատիկային մշակաբույսերից ստացվելիք ծղոտի ելքը (աղյուսակ 1): Այլևս գաղտնիք չէ, որ հատկապես գյուղատնտեսական վիճակագրության ցուցանիշները առանձնապես 2011-2016թթ. ցույց են տրվել հավելագրումներով: Ուստի այդ անճշտությունները որոշ չափով մեղմելու համար հաշվարկները կատարել ենք 2015-2017թթ. միջին տվյալներով:

Աղյուսակ 1

Այսպիսով, հիմնական հացահատիկային կուլտուրաներից տարեկան կարելի է ստանալ 714174,6 տ. ծղոտ: Եթե ընդունենք, որ սրա մոտավորապես կեսը ծառայում է որպես անասնակեր, իսկ էներգետիկ նպատակներով կարելի է օգտագործել կեսից ոչ ավելին, ապա պարզ կդառնա, որ ծղոտի հումքը հանրապետությունում կազմում է մոտ 357 հազար տոննա:

Եթե սրան ավելացնենք նաև հատիկաընդեղեն, տեխնիկական և կերային մշակաբույսերից ստացվող մնացորդները և այլ կենսաբանական թափոնները, որոնք առաջանում են կենդանիներին տրվող կոպիտ կերերի մնացորդներից, աթարի պատրաստման ընթացքում թափվող մանրուքից, տնամերձերի տարածքներում աճող մոլախոտերից և այլն, ապա պարզ կդառնա, որ կենսաբանական թափոնների քանակը Հայաստանում մոտ 2,5 – 3 անգամ ավելի է: Բացի հացահատիկային մշակաբույսերի ծղոտից, միանգամայն մատչելի են նաև միամյա և բազմամյա կերային մշակաբույսերի մնացորդները, ավելի քան 86 հազ. տ. և գոմաղբը շուրջ 600 հազ. տ.: Ի դեպ, գոմաղբի տարեկան ելքը մսուրային շրջանում կարող է կազմել շուրջ 3.7 մլն տոննա: Եթե այս քանակության 60% օգտագործվի որպես օրգանական պարարտանյութ, ապա բիոէներգետիկ հումքը կկազմի շուրջ 1.5 մլն. տոննա: Քանի որ թարմ գոմաղբի խոնավությունը 70% է, ապա 1 տոննա հումքից կստացվի 10% խոնավությամբ մոտ 0,4 տոննա կոշտ վառելիք, իսկ հումքի ամբողջ քանակությունից՝ 600 հազ. տոննա:

Այսպիսով, ծղոտի, անասնակերի մնացորդների և գոմաղբի հումքով հանրապետությունում կարելի է արտադրել առնվազն 1 մլն տոննա պելետ և բրիկետ: Խորհրդային տարիներին Հայաստանում տարեկան օգտագործվում էր 700 հազ. տոննա քարածուխ: Այսինքն, սպասվող քանակը կարող է ամբողջովին բավարարել կոշտ վառելիքի ներկայիս պահանջարկը:

Մեր ուսումնասիրության շրջանակում առավել հանգամանալից հաշվարկել ենք ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի կենսազանգվածի էներգետիկ ներուժը և առաջարկվել պելետի և բրիկետների արտադրության կազմակերպման համայնքային կլաստերների սխեմաներ: Այդ ուսումնասիրությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակը օգտագործել է ՀՀ Լոռու մարզում պիլոտային ծրագրի իրականացման համար և ամբողջական ներկայացրել ՀՀ կառավարությանը:

ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Նոյեմբեր, 2018 թ.

Հաշվարկները կատարվել են ՀՀ ԱՎԾ «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը» 2015, 2016 և 2017 թվականների հրապարակումների տվյալներով: