ՀՀ գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի գնահատումը
ՀՀ գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի գնահատումը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թթ. ծրագրի» (էջ 50) գյուղատնտեսության բաժնում նշված է. «Կառավարության գյուղատնտեսական քաղաքականության առանցքը լինելու է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, արդի տեխնոլոգիաների ներմուծումը, արտահանման ծավալների ավելացումը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտների` փոքր տնային տնտեսությունների, գյուղացիական կոոպերատիվների, վերամշակողների և արտահանողների եկամտաբերության բարձրացումը»: Պետք է խոստովանել, որ սրանք լուրջ մարտահրավերներ են և բավականին ամբողջական ներառում են ոլորտի գերակայությունները: Եկեք ուշադրություն դարձնենք, որ այս մարտահրավերները կառավարությունը համարում է «գյուղատնտեսական քաղաքականության առանցքը», իսկ այդ քաղաքականության հիմքը պետության և մասնավոր արտադրողների համագործակցությունն է: Պետությունը, որպես գյուղատնտեսական արտադրողների գործընկեր, Ծրագրում նախատեսում է 9 հիմնական ուղղություններ։
Հարկ է նշել, որ այդ ուղղություններով պետական աջակցության ծրագրեր իրականացվել են նաև նախորդ տարիներին և այն հանգամանքը, որ դրանք շեշտադրվում են Ծրագրում, մեր կարծիքով՝ ոչ միայն պետական աջակցության շարունակականության սկզբունքի դրսևորում է, այլև առավել նորովի ու արդյունավետ իրականացման ակնկալիք:
Հետևաբար, անհրաժեշտ է հետհայաց վերլուծության միջոցով հիմնավորել ծրագրերի կարևորությունը, գնահատել վերջնարդյունքները և ներկայացնել կառուցակարգերի արդյունավետության բարձրացման առաջարկություններ:
Գյուղացիական տնտեսությունների շրջանում տնտեսագիտության թեկնածու Լուիզա Հունանյանի հետ մեր իրականցրած հարցումները ցույց են տալիս, որ բյուջետային ծրագրերի արդյունավետությունը դեռևս ցածր է և չի համապատասխանում այն ակնկալվող արդյունքներին, որոնք ներկայացված են դրանք հիմնավորող փաստաթղթում: Այսպես, ՀՀ երեք մարզերի 210 գյուղացիական տնտեսություններում կատարված հարցումների արդյունքները հնարավորություն են տալիս գնահատել գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի արդյունավետությունը:
Հարցումների համար ըմնտրվել են՝ ՀՀ Արարատի մարզի Խարբերդ, Արևշատ, Քաղցրաշեն, Շահումյան, Փոքր Վեդի, Դարակերտ և Ռանչպար, ՀՀ Շիրակի մարզի Ազատան, Արևիկ, Կամո, Մեղրաշեն, Փանիկ, Ողջի և Մեծ Սեպասար, ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Լճաշեն, Նորատուս, Սարուխան, Ներքին Գետաշեն, Զոլաքար և Մեծ Մասրիկ համայնքների 10-ական գյուղացիական տնտեսություններ: Հարցվողներին առաջադրվել է 100 բալային համակարգով կամ տոկոսով գնահատել գյուղատնտեսության պետական աջակցության 13 ծրագրերից յուրաքանչյուրի անհրաժեշտությունն ու արդյունավետությունը:
Մեր դիտարկումները հիմք են տալիս եզրակացնելու, որ շահառուները համեմատաբար մեծ կարևորություն են տալիս և արդյունավետ են գնահատում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» և «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրերը: «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» և «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրերը կարևորվում է, սակայն արդյունավետության գնահատականները ցածր է: Թերևս, ճիշտ էր, որ 2018 թվականին դադարեցվեցին «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» և «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման համար» սուբսիդավորվող ծրագրերը: Առավել ևս, որ դիզվառելիքի ծրագիրն արդյունավետ են գնահատել հարցվողների 20-30%-ը: Այդ ծրագրերի համար նախատեսված սուբսիդավորման գումարները վերաբաշխվեց «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրին: Ի դեպ, ՀՀ կառավարության 2017թ. սեպտեմբերի 14-ի նո. 39 արձանագրային որոշումով արտոնյալ վարկերից օգտվելու հնարավորություն ստացան միայն խոշոր տնտեսությունները, քանի որ արտոնությունը գործում էր բացառությամբ 3-10 մլն վարկի գումարի դեպքում: Մենք օպերատիվ արձագանքել ենք այդ որոշմանը և շեշտադրել ակնհայտ անարդարացիությունը[1]: Բարեբախտաբար, մոտեցումը վերանայվել է, և 2019 թվականից իրականացվում է նաև «Փոքր գյուղացիական տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր»:
Ընդհանուր առմամբ ուսումնասիրվող բոլոր մարզերում հարցվողների կողմից գյուղատնտեսության աջակցության բյուջետային ծրագրերի կարևորությունը գնահատվել է 53.8-56.1, իսկ արդյունավետությունը՝ 36.1-39.6%: Այս ցուցանիշները բավականին ցածր են և նման գնահատականները պահանջում են պարբերաբար վերանայել ծրագրերի իրականացման կառուցակարգերը:
2019թ-ից իրականացվելու է նաև «Գյուղատնտեսությամբ զբաղվողներին ուղղակի աջակցության տրամադրում» ծրագիրը, որի նպատակն է աջակցել լեռնային, բարձր լեռնային և սահմանամերձ համայնքների հողօգտագործողներին վարելահողերի ըստ նշանակության օգտագործման և գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության արդյունավետության բարձրացման հարցում:
Առաջարկում եմ, որպես պետական աջակցության անկյունաքար ընդունել հասցեականության և պետություն-մասնավոր հատված գործընկերության սկզբունքները, հնարավորինս կիրառել շահառուների համաֆինանսավորումով ծրագրերի իրականացման կառուցակարգը:
[1] Ս. Ավետիսյան, Գյուղատնտեսական վարկերի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման կառուցակարգերի կատարելագործման մասին;- Ֆինանսներ և էկոնոմիկա, 11-12, 2017թ. էջ 141-144: