Բարեվարքության խնդիրները կրթական համակարգում
Բարեվարքության խնդիրները կրթական համակարգում
Յուրաքանչյուր մարդու մեջ կա արև:
Պետք է թողնել, որպեսզի այն փայլատակի:
Սոկրատես
Ոչ բոլոր լեզուներով է հնարավոր ճշտությամբ արտահայտել անգլերեն «integrity» (հայերեն՝ բարեվարքություն) բառը: Բարեվարքությունն առավել հեշտ է բացատրվում անալոգիաներով: Եթե համեմատենք կոռուպցիան հիվանդության հետ, բարեվարքությունը կնշանակի «առողջություն»: Որքան ավելի առողջ լինի կրթական համակարգն, այնքան ավելի քիչ խոցելի կլինի կոռուպցիա կոչվող հիվանդությունից: Բարեվարքությունը կարող է բնութագրվել որպես հանրային վարչարարության հիմնարար սկզբունք, որը ենթադրում է հանրային կազմակերպությունների առօրյա աշխատանքում ընդունված արժեքների, սկզբունքների և նորմերի շարունակական կիրառում: Նշված արժեքները ձևավորում են այսպես կոչված «խաղի կանոնները» հանրային ծառայություններում՝ ընդհանրապես, և կրթության ոլորտում՝ մասնավորապես: Միասին դրանք կազմում են ինստիտուցիոնալ բարեվարքության նորմատիվ հիմքը (Strengthening integrity and fighting corruption in education: Armenia)
Բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում բարեվարքության կանոնների խախտումները հիմնականում կապված են ուսումնական առաջադիմության սխալ գնահատման, պրոֆեսորադասախոսական կազմի նշանակման և աշխատանքից ազատման որոշումների վրա անհարկի ազդեցության, գրագողության, ինչպես նաև ոլորտի քաղաքականացման հետ: Չնայած որոշ նմանություններին, միջնակարգ կրթության ոլորտում առկա բարեվարքության խնդիրների հետ, բարձրագույն կրթության ոլորտում բարեվարքության կանոնների խախտման մեխանիզմները և հայտնաբերված խնդիրների հնարավոր լուծումները միանգամայն այլ են:
Բարձրագույն կրթական հաստատությունում ներգրավված յուրաքանչյուր անձ, լինի պրոֆեսորադասախոսական անձնակազմից, թե վարչատնտեսական աշխատակազմից, պետք է հետևի բարեվարքության հետևյալ հիմնական կանոններին:
- Ճշմարտությանն ապավինելը և նվիրվածությունը գիտությանը
Ցանկացած մասնագիտական աշխատանքի նպատակը գիտական ճշմարտության որոնումն է, իսկ գործունեության առանցքը գիտական հետազոտություններն են: Յուրաքանչյուրի համար գիտական գիտելիքները պետք է ավելի կարևոր լինեն, քան անձնական հետաքրքրություններն ու կրքերը: Գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվող ցանկացած ոք պետք է գիտակցի, որ իր հետազոտական և կրթական աշխատանքը ծառայում է գիտական ճշմարտության ընկալմանը և դրա տարածմանը:
Հետազոտության և ուսուցման ընթացքում մեզանից յուրաքանչյուրը հետևում է որոշակի արժեքային համակարգի: Միաժամանակ, յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իր տեսակետները բոլորը չեն կիսում: Առանց իր արժեքային կողմնորոշումներն ու անձնական նախասիրությունները թաքցնելու, նա պետք է փորձի վերահսկել դրանց ազդեցությունը հետազոտության արդյունքների և դրանց մեկնաբանման վրա (OECD. Добропорядочность образовательных систем Методика оценки отрасли):
- Ակադեմիական ազատություն
Գիտական ճշմարտության որոնման ընթացքում պետք է ապավինել ակադեմիական ազատության սկզբունքին: Դա նշանակում է, որ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում հետազոտողն ու դասախոսը հնարավորություն ունեն ինքնուրույն ընտրություն կատարել հետազոտական թեմայի վերաբերյալ՝ կախված օգտագործվող մոտեցման օբյեկտիվությունից և գիտական բնույթից: Յուրաքանչյուր հետազոտող իրավունք ունի ինքնուրույն ձևավորել իր գիտական թեման, կիրառել և զարգացնել համապատասխան մոտեցումներ և մեթոդներ, ընտրել գործընկերներին և ստեղծել խմբեր համատեղ աշխատանքի համար: Յուրաքանչյուր դասախոս իրավունք ունի ինքնուրույն որոշել ուսումնական մոդուլների իրականացման բովանդակությունը և մատուցման ձևը` սահմանված կրթական չափորոշիչների, ուսումնական ծրագրերի և համալսարանական կանոնների շրջանակներում: Նա կարող է ընտրել և զարգացնել ուսուցման մեթոդներն ու գործիքները, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակը: Ակադեմիական ազատությունն իրականացվում է ինչպես պաշտոնական պարտականությունների շրջանակներում, այնպես էլ դրանցից դուրս:
Փորձագիտական-վերլուծական և կիրառական հետազոտական գործունեության ընթացքում պետք է բացառվի կանխորոշված արդյունքը, այսինքն և՛գործատուն, և՛ պատվիրատուն չեն կարող նախապես սահմանել արդյունքները և եզրակացությունները, անկախ նրանից, թե ում շահերն են ներկայացնում: Ակադեմիական ազատությունը ենթադրում է արտահայտման ազատություն մասնագիտական թեմաների վերաբերյալ: Յուրաքանչյուրը պետք է ազատ լինի իր տեսակետն արտահայտելու առումով, միաժամանակ պետք է նշել, որ այդ տեսակետը կամ հայտարարությունը չի խախտում օրենսդրությունը կամ ընդհանուր ընդունված բարեվարքության չափանիշները, չի վնասում տվյալ ուսումնական հաստատության հեղինակությանը (OECD. Добропорядочность образовательных систем Методика оценки отрасли):
- Ինքնորոշում և պատասխանատվություն
Ակադեմիական ազատության սկզբունքների իրականացումը կապված է բարձր ինքնակարգապահության և մասնագիտական պատասխանատվության ընկալման հետ: Անհրաժեշտ է անընդհատ բարելավել հետազոտական և դասախոսական որակավորումները ու ստացվող արդյունքները: Պետք է կենտրոնանալ հետազոտությունների, կրթական ծրագրերի կազմակերպման, փորձագիտական ու վերլուծական գործունեության միջազգային ակադեմիական և մասնագիտական ստանդարտների վրա: Այն իրավիճակներում, երբ չկան համապատասխան միջազգային ստանդարտներ, պետք է առաջնորդվել ամբողջականության և թափանցիկության սկզբունքներով:
Կրթական հաստատության անձնակազմի յուրաքանչյուր անդամ պետք է պատասխանատվություն կրի իր գործունեության բոլոր ասպեկտների համար՝ շրջանավարտների պատրաստվածության մակարդակի, իրականացված հետազոտությունների որակի և ստացված գիտական արդյունքների ճշգրտության, առաջարկվող փորձագիտական որոշումների վավերության և հավասարակշռության համար: Կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ է բացահայտել թույլ տրված սխալները, անմիջապես տեղեկացնել ղեկավարներին և գործընկերներին դրանց մասին և միջոցներ ձեռնարկել հնարավոր բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար (Strengthening integrity and fighting corruption in education: Armenia):
- Ազնվություն և խաբեության կանխարգելում
Մասնագիտական պատասխանատվությունը սերտորեն կապված է ազնվության սկզբունքի ամրագրման և ցանկացած տեսակի խաբեության, երկակի ստանդարտների և կեղծիքի կանխարգելման հետ: Անհրաժեշտ է օբյեկտիվություն և ճշգրտություն ուսանողների կրթական արդյունքները գնահատելիս՝ հայտնաբերելով ակադեմիական նորմերի խախտումները և դրանց իսպառ բացառելը՝ հետևելով անօրինական գործողությունների կանխարգելման կանոններին (Strengthening integrity and fighting corruption in education: Armenia):
- Փոխադարձ հարգանք և համագործակցություն
Հարաբերությունները պետք է կառուցել գործընկերների և ուսանողների հետ փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա, ձգտել նրանց հետ համագործակցել մասնագիտական գործունեության բոլոր տեսանկյուններից: Պետք է աջակցել տեսակետների և գաղափարների ազատ փոխանակումը՝ հիմնված գիտության, փոխադարձ հարգանքի և գործընկերության սկզբունքների վրա: Ինչպես նաև հաշվի առնել գործընկերների և ուսանողների կարծիքները, կազմակերպել բաց քննարկումներ բոլոր կարևոր և վիճելի հարցերի շուրջ, ստեղծել նպաստավոր պայմաններ տարբեր կարծիքներ արտահայտելու համար: Քննարկումների արդյունքում չպետք է թաքցնել քննադատական վերաբերմունքը միմյանց դիրքորոշումների նկատմամբ, միաժամանակ այդ քննադատությունը պետք է լինի ճիշտ, հավասարակշռված և անկողմնակալ: Կարևոր պայման է տնտեսական կյանքի գաղտնիության սկզբունքի պահպանումը, որը վերաբերում է համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին (OECD. Добропорядочность образовательных систем Методика оценки отрасли):
- Հավասարություն և խտրականության բացառում
Պետք է հավասար և անկողմնակալ վերաբերվել բոլոր աշխատակիցներին և ուսանողներին՝ թույլ չտալով, որ սուբյեկտիվ գնահատականները ազդեն ընդունվող որոշումների և գործողությունների վրա: Այս տեսանկյունից, պետք է բացառվեն խտրականության ցանկացած դրսևորումներ` հիմնված սեռի, ռասայի, գույնի, ազգային պատկանելության, լեզվի, ծագման, ունեցվածքի, ընտանիքի, սոցիալական և պաշտոնական կարգավիճակի, տարիքի, բնակության վայրի, դավանանքի, քաղաքական կարծիքի, ինչպես նաև այլ հանգամանքների հետ (OECD. Добропорядочность образовательных систем Методика оценки отрасли):
Հ. Գ. Անհրաժեշտ է, որ բոլորի մեջ սերմանվի այն տեսակետը, համաձայն որի՝ կրթական հաստատության յուրաքանչյուր ուսանող (աշակերտ) ունի բացառիկ ունակություններ, և մանկավարժի խնդիրն է բացահայտել ու նպաստել այդ կարողությունների զարգացմանը: