Ուղեղային կենտրոնների ֆինանսական թափանցիկության խնդիրների շուրջ
Ուղեղային կենտրոնների ֆինանսական թափանցիկության խնդիրների շուրջ
2018 թ. հուլիսի 17-ին Transparify միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հրապարակեց ուղեղային կենտրոնների ֆինանսական աղբյուրների թափանցիկության հերթական տարեկան գլոբալ վարկանիշավորման զեկույցը: Այս անգամ կազմակերպությունը գնահատել է 24 երկրի 92 ուղեղային կենտրոնների ֆինանսական հաշվետվողականության մակարդակը: Զեկույցում ուղեղային կենտրոնները գնահատվում են 0-5 բալային սանդղակով, որտեղ 5-ը թափանցիկության ամենաբարձր մակարդակն է: Հաստատության կողմից կիրառվող մեթոդաբանության համաձայն՝ առավելագույն միավորին կարող են հավակնել միայն այն ուղեղային կենտրոնները, որոնց հաշվետվության մեջ ներկայացված է ֆինանսավորողների և դոնորների ամբողջական ցանկը, ինչպես նաև՝ վերջիններիս կողմից յուրաքանչյուր նախագծի համար հատկացված ֆինանսավորման չափը: Այնուհետև, նվազման կարգով առավել քիչ միավոր են ստանում այն ուղեղային կենտրոնները, որոնց ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տարբեր մանրամասներ լիարժեքորեն արտացոլված չեն: Նվազագույն՝ 0 միավորով են գնահատվում այն ուղեղային կենտրոնները, որոնց ֆինանսական աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է կամ թարմացված չէ: Որպես տեղեկատվության հիմնական աղբյուր Transparify-ի փորձագետները դիտարկում են ուղեղային կենտրոնների պաշտոնական կայքերում զետեղված տեղեկատվությունը, այդ թվում՝ վերջիններիս կողմից հրապարակված տարեկան հաշվետվությունները: Հատկանշական է, որ 2018 թ. զեկույցում 67 կազմակերպություն ստացել է թափանցիկության առավելագույն՝ 5 միավոր:
Ըստ հաստատության փորձագիտական գնահատականի՝ վերջին տարիներին աշխարհում ուղեղային կենտրոնների ֆինանսական թափանցիկության մակարդակը կայուն բարձրանում է: Հատկանշական է, որ Հարավային Կովկասի երկրների ուղեղային կետրոններից Transparify-ի զեկույցում տեղ են գտել միայն Վրաստանի հինգ հաստատություններ, որոնք ստացել են թափանցիկության ամենաբարձր՝ 5 գնահատականը: Հայաստանի և Ադրբեջանի ուղեղային կենտրոնները զեկույցում տեղ չեն գտել:
Հարկ է նշել, որ ուղեղային կենտրոնների ֆինանսական աղբյուրների թափանցիկության հարցը տվյալ ոլորտի ուսումնասիրման համատեքստում առանցքային նշանակություն ունեցող խնդիրներից է: 21-րդ դարում բազմաթիվ երկրներում ուղեղային կենտրոնները հանրային քաղաքականության ինքնուրույն նշանակալի դերակատարներ են և ոլորտում ազդեցության յուրօրինակ բևեռ են ձևավորել: Այդ առումով, կախված երկրի քաղաքական մշակույթից և ուղեղային կենտրոնների համակարգի կայացվածությունից՝ վերջիններս տարբեր չափերով ներգործում են բազմաթիվ խնդիրների վերաբերյալ հանրային կարծիքի ձևավորման և քաղաքական վերնախավի կողմից կայացվող որոշումների վրա: Գաղտնիք չէ, որ ուղեղային կենտրոնները, որոնք, որպես կանոն, հանրային քաղաքականության մեջ գործառնում են որպես շահույթ չհետապնդող կազմակերպություններ, հաճախ ֆինանսավորվում են նաև արտերկրի աղբյուրներից, ինչը որոշ դեպքերում կարող է ռիսկեր առաջացնել (օրինակ՝ իրականացվող հետազոտությունների արդյունքների վրա դոնորների հնարավոր ազդեցության և ցանկալի արդյունքներ ապահովելու հետ կապված): Ասվածի օրինակներից է մի քանի տարի առաջ ԱՄՆ-ում բարձրացված աղմուկը, որը տեղի ունեցավ The New York Times պարբերականի աշխատակիցների կողմից լրագրողական հետաքննության արդյունքների հրապարակումից հետո: Այսպես, լրագրողների հետաքննության արդյունքում պարզ էր դարձել, որ ամերիկյան մի շարք հայտնի ուղեղային կենտրոններ, ինչպիսիք են՝ Բրուքինգսի ինստիտուտը, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը, Ատլանտյան խորհուրդը միլիոնավոր դոլարներ էին ստացել օտարերկրյա կառավարություններից, որոնք այդ ճանապարհով անուղղակիորեն առաջ էին մղում իրենց շահերը ԱՄՆ-ի քաղաքական վերնախավում: Այդ երկրները հիմնականում նավթարդյունահանող երկրներն էին, այդ թվում՝ Քաթարը, ԱՄԷ-ն, Նորվեգիան: Լրագրողները մտահոգություն էին հայտնում, քանի որ իրենց կարծիքով վերոնշյալ ուղեղային կենտրոնները, օգտվելով ամերիկյան քաղաքական վերնախավում անաչառ կազմակերպությունների ունեցած համբավից, իրենց դոնորների շահերից բխող համապատասխան քաղաքականություն իրականացնելու նպատակով, ազդեցություն էին գործում ԱՄՆ-ի քաղաքական գործիչների վրա: Ավելին, բազմաթիվ փորձագետներ խոստովանել են, որ իրենց կազմակերպություններին ֆինանսապես աջակցող կառավարությունների նկատմամբ քննադատությունը բացառելու, ինչպես նաև այդ կառավարություններին գոհացնող հետազոտությունների արդյունքներ ապահովելու նպատակով իրենց վրա ճնշում է գործադրվել: Մեկ այլ օրինակ է Transparify հաստատության հետազոտության արդյունքներով 2017 թ. հրապարակված զեկույցը. պարզվել էր, որ մի շարք բրիտանական ուղեղային կենտրոնների ֆինանսական եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը թափանցիկ չէ, և վերջիններիս եկամտային հոսքերը ևս իրականացվում են ոչ թափանցիկ ճանապարհներով: Կազմակերպության գնահատմամբ այդ ոչ թափանցիկ շրջանառությունը կազմում է ավելի քան 22 միլիոն ֆունտ սթեռլինգ: Այդ ուղեղային կենտրոնների շարքում էին բրիտանական այնպիսի հայտնի հաստատություններ, ինչպիսիք են՝ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը, Ադամ Սմիթի ինստիտուտը, Տնտեսական հարաբերությունների ինստիտուտը, Քաղաքականության ուսումնասիրությունների ինստիտուտը և այլն: Ուսումնասիրություն անցկացնող կազմակերպության կարծիքով մասնավորապես Ադամի Սմիթի ինստիտուտի ֆինանսավորման աղբյուրները կարող են լինել օտար երկրներից, ինչը մտահոգություն է առաջացնում, որ որոշ երկրներ, իրենց շահերից ելնելով, քողարկված կարող են ազդել բրիտանացի ընտրողների և քաղաքական գործիչների վրա:
Վերոնշյալ խնդիրների հաղթահարումը մասամբ կախված է ուղեղային կենտրոնների ֆինանսական աղբյուրների առավելագույն բազմազանեցումից, ինչը, սակայն, ևս չի կարող լիարժեք երաշխիք լինել: Նման պայմաններում խնդրի լուծման և մտավոր ոլորտում ինքնիշխանության ապահովման նպատակով պետությունները տարբեր մոտեցում, քաղաքականություն և գործիքակազմ են կիրառում: Օրինակ, որպես այլընտրանք՝ հիմնադրում կամ համապատասխան պայմաններ են ստեղծում ուղեղային կենտրոնների և ընդհանրապես գիտությունը ֆինանսավորող հիմնադրամների ձևավորման համար, տրամադրում են պետական դրամաշնորհներներ, հետազոտական պատվերներ են իջեցնում ուղեղային կենտրոններին, խթանում են գործարար շրջանակներին և անհատներին նվիրատվություններ տալ նման կառույցներին: Եթե այս դեպքում մոտեցումը առավել ժողովրդավարական է, ապա որոշ երկրներում կիրառում են առավել արմատական միջոցներ՝ ընդհուպ մինչև արտաքին ֆինանսավորումը սահմանափակում կամ էական արտաքին ֆինանսավորման պարագայում ուղեղային կենտրոնների գործունեության նկատմամբ պահանջների խստացում: Այս խնդիրը, սակայն, առավել խոր ուսումնասիրության կարիք ունի և չի կարող տեղավորվել վերլուծական ակնարկի սահմանափակ ձևաչափում:
Ամփոփելով նշենք հետևյալը. մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի ուղեղային կենտրոնների ոլորտում ևս առկա են բազմաթիվ խնդիրներ և իրավիճակը էականորեն բարելավվելու կարիք ունի: Այստեղ անելիք ունի թե պետությունը, թե ուղեղային կենտրոններն ու փորձագիտական հանրույթը: Բացի այդ, մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի ուղեղային կենտրոնների համացանցային պաշտոնական կայքերում տարեկան հաշվետվությունները հաճախ ընդհանրապես բացակայում են կամ մի քանի տարի չեն թարմացվել կամ ներկայացված են միայն գործընկերները՝ առանց այդ գործընկերության ձևաչափի կամ հաստատության գործունեության ֆինանսավորման մեջ վերջիններիս չափի մասին տեղեկատվության: Իհարկե, կարելի է ենթադրել, որ Հայաստանի ուղեղային կենտրոնները օրենքով սահմանված կարգով ներկայացնում են իրենց գործունեության տարեկան հաշվետվությունները, այդ թվում՝ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան պետական լիազոր մարմնին կամ իրենց վերադաս հաստատությանը: Այնուամենայնիվ, կարծում ենք, լիարժեք իրազեկվածություն ապահովելու նկատառումներից ելնելով՝ լայն հանրությունը, ակադեմիական և փորձագիտական շրջանակները, որոնք օգտվում է ուղեղային կենտրոնների մտավոր արտադրանքից՝ իրավունք ունեն, ցանկության դեպքում, հնարավորին չափ մատչելի կերպով տեղեկանալ իրենց հետաքրքրող հաստատության արտաքին կամ ներքին դոնորներների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության, այդ թվում՝ ֆինանսավորման չափերին և ուղղություններին: