Կորոնավիրուս. մոտալուտ համաշխարհային ճգնաժամի առաջին ազդակները

Աննա Փախլյան
Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ
«ԱՄԲԵՐԴ» հետազոտական կենտրոնի հրավիրյալ փորձագետ
տ.գ.թ.
դոցենտ

2019թ. վերջից համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռված է  COVID-19 (2019-nCoV) նոր կորոնավիրուսի (հայերեն` թագավարակի)՝ Երկիր մոլորակը գրավելու «մոլեռանդ ոդիսականին»: COVID-19-ի «շուրջերկրյա ճանապարհորդության» քարտեզը, 2020 թվականի ապրիլի 5-ի դրությամբ, ընդգրկում է աշխարհի 208 երկիր կամ տարածք և 2 ուղևորատար՝ Diamond Princess և MS Zaandan զբոսաշրջային նավերը: Վարակի տարածման հետագիծն իրական ժամանակում չափող Worldometer տեղեկատվական հարթակի նույն օրվա տվյալներով, COVID-19-ի վարակակիրների թիվն արդեն հատել է 1.24 միլիոնի սահմանագիծը՝ կազմելով 1,245,329 մարդ, ինչը համարժեք է աշխարհի բնակչության 0.016%-ին:

Համատարած խուճապը թոթափելու նպատակով համավարակը հաճախ համեմատվում է վերջին 20 տարիներին լայն տարածում գտած վարակների (SARS, MERS, H7N9 Bird Flu) հետ՝ վկայակոչելով դրանց և նախորդող հարյուրամյակում աշխարհը ցնցած վարակների համեմատ, նոր թագավարակի պատճառով մահացության ցուցանիշի ցածր մակարդակը:  Այսպես, SARS (2002) համաճարակից մահացել է վարակվածների 9.6%-ը, MERS (2012) վարակի մահացության մակարդակը եղել է 34.4%, H7N9 Bird Flu (2013) թռչնագրիպից մահացության ցուցանիշը հասել է 39.3%-ի, մինչդեռ COVID-19 թագավարակից մահացության մակարդակը, 2020թ. ապրիլի 5-ի տվյալներով, դեռևս գտնվում է 5.45%-ի սահմաններում (2020 հունվարի 31-ի դրությամբ, COVID-19-ի մահացության ցուցանիշը դեռևս գտնվում էր 2.2%-ի մակարդակում), ինչը բավականին ցածր ցուցանիշ է նախորդող համաճարակների համեմատ: Այս առումով, նոր թագավարկը, թերևս, զիջում է միայն H1N1(2009) գրիպին, որից մահացության մակարդակն ընդամենը 0.02% էր:

Այդուհանդերձ, անկախ համաճարակաբանական առանձնահատկություններից, COVID-19 գերազանցել է իր «գործըկերներին» տնտեսական վնասների պատճառման «հմտություններով»՝ որոշ ցուցանիշներով արդեն իսկ գերազանցելով նույնիսկ 2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները:

COVID-19 համաճարակը լրջագույնս խաթարել է համաշխարհային տնտեսության արտադրական և առևտրային կապերը: Աշխարհում ամենուր ներդրողները խուճապահար վաճառում են արժեթղթերը՝ արժեզրկելով եկամտաբեր բիզնեսներն ու ազգային արժույթները:

Մոտալուտ համաշխարհային ճգնաժամի առաջին ազդակներն իրենց վրա են վերցրել տնտեսական շոկերի նկատմամբ առավել զգայուն ֆինանսական շուկաները: Գրեթե բոլոր խոշոր բորսայական ինդեքսները տարեսկզբից արձանագրել են «գահավիժման» աննախադեպ միտումներ (տե՛ս Գծապատկեր 1.):

Արժեթղթերի համաշխարհային շուկայում ձևավորված իրավիճակը լավագույնս արտացոլող Morgan Stanley Capital International (MSCI) World Index բորսայական ինդեքսն 2020թ. սկզբից 2.2% աճից հետո արձանագրել է սկզբում 10.7%, ապա՝ 17.5% անկում:

Գծապատկեր 1.

Աշխարհի բորսայական ինդեքսների վարքագիծը կորոնավիրուսի բռնկման ժամանակահատվածում

2020թ. մարտին կտրուկ անկումներ են արձանագրվել ամերիկյան NASDAQ 100 (մինչև -12.4%) և S&P 500 (-14.9%), շվեյցարական SMI (-14.4%), հոնկոնգյան Hang Seng (-14.7%), սինգապուրյան STI (-18.1%), ճապոնական Nikki 225 (-19.4%), Միացյալ Թագավորության FTSE 100 (-21.4) և հարավկորեական KOSPI (-22%) ինդեքսները: Առավել շոշափելի են ԵՄ ֆինանսական շուկաներում վարկանշավորվող ինդեքսների «գահավիժումները»՝ -23.8%-ից մինչև -28.8%:

Հատկանշական է, որ գծապատկեր 1-ում ներկայացված ինդեքսներից առավել չափավոր անկում է դիտվել չինական CSI 300 ինդեքսի դեպքում, որը միաժամանակ 2020թ. հունվարի 23-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում աճ արձանագրած միակ ցուցանիշն է:  CSI 300 ինդեքսը Շանհայի և Շենժենի ֆոնդային բորսաներում շրջանառվող 300 ամենախոշոր բաժնետոմսերի կապիտալացման ցուցանիշների կշռված ցուցիչն է:

Մեր կանխատեսումներով, ԱՄՆ-ոմ և եվրոպական ֆինանսական շուկաներում դեռ կշարունակվեն ինդեքսների անկման միտումները, մինչդեռ Չինաստանի ֆինանսական շուկայում կնկատվեն հետևողական վերականգնման գործընցացներ:

Համաշխարհային տնտեսության վայրիվերումների նկատմամբ զգայուն են նաև նավթի համաշխարհային գները, որոնց վարքագիծը 2020թ. առաջին եռամսյակում ներկայացված է Գծապատկեր 2-ում:

Գծապատկերում ներկայացված են OPEC-ի զամբյուղի, Brent և WTI մակնիշների նավթի գները 2019թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2020թ. ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում: OPEC-ի զամբյուղի նավթի գինը ձևավորվում է որպես OPEC-ի անդամ երկրներում արդյունահանվող նավթի միջին կշռված գին, Brent նավթն արդյունահանվում է Հյուսիսային ծովի՝ Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի ափամերձ տարածքներից, իսկ WTI մակնիշի նավթի հանքերը տեղակայված են ԱՄՆ Տեխաս նահանգում:

Գծապատկեր 2.

Նավթի համաշխարհային գները (ԱՄՆ դոլար/բարել)՝ COVID-19 համաճարակի պայմաններում

Դիտարկվող ժամանակահատվածում նավթի բոլոր 3 տեսակների գները դրսևորել են համանման վարքագիծ՝ արձանագրելով անկման աննախադեպ միտումներ: OPEC-ի զամբյուղի նավթի գինը 1 բարելի դիմաց 70.87 ԱՄՆ դոլարից ընդամենը մեկ եռամսյակում արժեզրկվել է 4 անգամ՝ 2020թ. ապրիլի 1-ին հասնելով իր նվազագույն՝ 16.87 ԱՄՆ դոլար/բարել գնին: Ընդ որում, նավթի այս տեսակի գինն ամենից կտրուկ անկումն է ցուցաբերել: Brent նավթի նվազագույն գինը ամրագրվել է 22.76 ԱՄՆ դոլար/բարել մակարդակում: WTI մակնիշի նավթի գինն իջել է մինչև 20.09 ԱՄՆ դոլար/բարել: Այդուհանդերձ, 2020 թ. ապրիլից նավթի համաշխարհային շուկայում, կարծես թե, նշմարվում են դրական միտումներ. նավթի գները սկսել են վերականգնվել:

Թագավարակի համաճարակը ստեղծել է մի իրավիճակ, երբ հարկադիր պարապուրդի են ենթարկված արդյունաբերական խոշոր ճյուղերը, օդանավակայաններում անորոշ ժամանակով կայանել են հազարավոր ինքնաթիռներ, չեղարկվում են միջմայրցամաքային ծովային փոխադրումները՝ «փոշիացնելով» էներգակիրների նկատմամբ մշտապես «աճելու սովորություն» ունեցող պահանջարկը: OPEC-ի գնահատականներով՝ 2020թ. OPEC-ի հում նավթի նկատմամբ պահանջարկը կանխատեսվում է 28.2 մլն բարել 1 օրում, ինչը 1.7 մլն բարել/օր-ով զիջում է 2019 թվականի և շուրջ 2.9 մլն բարել/օր-ով՝ 2018 թվականի ցուցանիշները: Նավթի գների ներկայիս վայրընթաց հետագիծը ոչ այլ ինչ է, քան հանգամանքների բերումով ժամանակավորապես կորսված համաշխարհային պահանջարկի արտացոլանք:

Մոտալուտ համաշխարհային ճգնաժամի սպասումներն ամբողջ աշխարհում խթանում են սպառողական ապրանքների խուճապահար գնումներ. պարենամթերքն ու ջուրը ձեռք են բերվում ոչ միայն ընթացիկ սպառման, այլև «սև օրվա համար» որոշակի պաշարների կուտակման և պահեստավորման նպատակով: Սա էլ ավելի է սրում իրավիճակը՝ նպաստելով համատարած գնաճի և գնողունակության անկման:

Գծապատկեր 3.

Կորոնավիրուսի պատճառով սպառողների կողմից սննդի և ջրի պահեստավորման մակարդակն՝ ըստ երկրների

Գծապատկեր 3-ում արտացոլված է COVID-19 համաճարակի պատճառով աշխարհի մի շարք երկրներում սպառողների կողմից սննդի և ջրի պահեստավորման «ջանասիրությունը»: Սննդի պահեստավորման մակարդակով առաջատարը Չինաստանն է, որտեղ 2020թ. մարտ ամսվա տվյալներով պարենամթերք է պահեստավորել սպառողների 42%-ը, իսկ ջրի պահեստավորման մակարդակն առավել ակնհայտ է Հնդկաստոնում՝ 34%: Ընդ որում, Հնդկաստանը միակ երկիրն է, որտեղ ջուրը պարենամթերքից ավելի շատ է պահեստավորվել: Նման խուճապահար գնումները կարող են հանգեցնել որոշ ապրանքների գծով պակասուրդի՝ հատկապես մատակարարման շղթաների ներկայիս խափանման պայմաններում:

Աշխարհի արդեն 208 երկրներում համաճարակի արագընթաց տարածման և դրա կանխարգելմանը միտված գործողությունների արդյունքում անորոշ ժամանակով պարապուրդի են մատնվել մի շարք արդյունաբերական ընկերություններ, սահմանափակվել է երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը՝ խափանելով մատակարարման գլոբալ շղթաները:

Աշխարհի խոշոր ծովային փոխադրողները չեղարկել են կոնտեյներային փոխադրումներ իրականացնող օվկիանոսային նավերի բազմաթիվ երթեր: Ոլորտի առաջատար Maersk ընկերությունը 2020թ. փետրվարի 20-ի դրությամբ, արդեն իսկ չեղարկել է 50-ից ավել նման երթ: Վնասների ծավալները պատկերացնելու համար նշենք, որ մեր օրերում օվիանոսային 1 խոշոր նավը կարող է փոխադրել մինչև 23756 միավոր 20-ֆուտ երկարությամբ ստանդարտ բեռնարկղ (TEU): Նման նավերը Չինաստանից Եվրոպա են հասնում 6 շաբաթվա ընթացքում: Համաձայն UNCTAD-ի տվյալների՝ համաշխարհային բեռնափոխադրումների 80%-ն իրականացվում է ծովային տրանսպորտով, իսկ աշխարհի գերծանրաբեռնված բեռնարկղային (կոնտեյներային) 10 նավահանգիստներից 7-ը գտնվում են Չինաստանում: Բնական է, որ Չինաստանից ծովային փոխադրումների երթերի չեղարկումները կանդրադառնան բեռնարկղային փոխադրումների համաշխարհային ծավալների վրա: Գլոբալացման և երկրների փոխկապակցվածության արդի պայմաններում նման երևույթները կարող են շատ կարճ ժամանակում հանգեցնել մի շարք ոլորտներում տարաբնույթ ապրանքների համատարած պակասուրդի:

Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին աշխարհի մի շարք խոշոր տնտեսություններ հետևնթաց կապրեն: Տեխնիկապես հետընթաց (ռեցեսսիա) է դիտվում, երբ երկրում 2 եռամսյակ անընդմեջ տնտեսությունն անկում է ապրում: Վատթարագույն զարգացումները կարող են հանգեցնել նույնիսկ համատարած հետընթացի, ինչն, անշուշտ, ենթադրում է համաշխարհային տնտեսության վերականգնման առավել բարդ ու երկարատև ընթացք:

Այդուհանդերձ, ինչ տևականություն և խորություն էլ որ ունենա ակնկալվող ճգնաժամը, մի բան ակնհայտ է՝ Covid-19 համաճարակի ավարտից հետո տնտեսական աճի արագ վերականգնման մասին փայփայվող հույսերն այլևս սին են ու անիրատեսական...

Ապրիլ, 2020