ՀՀ առևտրային բանկերի վարկավորման ցուցանիշները 2018թ
ՀՀ առևտրային բանկերի վարկավորման ցուցանիշները 2018թ
2018թ․ քաղաքական իրադարձությունների նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի կայունությունը դրսևորվեց ոչ միայն վերջիններիս կողմից ռեկորդային շահույթի արձանագրման այլև վարկավորման ծավալների աճի միջոցով։ Այսպես, 2018թ․ դեկտեմբեր ամսվա դրությամբ առևտրային բանկերի կողմից տրամադրված ընդհանուր վարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է շուրջ 17%-ով՝ կազմելով 3,150 մլրդ ՀՀ դրամ։
Ինչպես տեսնում ենք գծապատկերից դիտարկվող ժամանակաշրջանում առևտրային բանկերի կողմից իրականացվող վարկավորման ծավալները շարունակ աճել են, ընդ որում և ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերը ավելացել գրեթե նույն չափով, համապատասխանաբար 16.6% և 16.2%-ով։ Վարկավորման ծավալների աճի տեմպը չի դադարել նաև ապրիլյան հեղափոխության օրերին, այլ, ընդհակառակը, աճի տեմպը ավելի է արագացել, որը շարունակվել է ընդհուպ մինչև տարվա վերջ։ Ինչ վերաբերում է ոչ ռեզիդենտներին տրամադրվող վարկավորման ծավալներին, ապա վերջիններիս տեսակարար կշիռը վարկավորման ընդհանուր ծավալում դիտարկվող ժամանակաշրջանում տատանվել է 6-8%-ի սահմաններում` 2018թ․դեկտեմբեր ամսվա դրությամբ կազմելով 238 մլրդ ՀՀ դրամ։
Հետաքրքական է նաև վարկավորման արժութային կառուցվածքը, մասնավորապես հատկանշական է դրամային վարկերի տեսակարար կշռի շարունակական աճը։
Չնայած դիտարկվող ժամանակաշրջնում և դրամային և արտարժութային վարկերի ծավալները աճել են, դրամային վարկերի ծավալների աճի տեմպը առաջանցիկ է եղել՝ նպաստելով վարկավորման արժութային կառուցվածքի էական փոփոխությանը 2018թ․վերջի դրությամբ։ Մասնավորապես, դրամային վարկավորման ծավալները աճել են 34%-ով, արտարժութայինը՝ 6%-ով, ինչի արդյունքում արտարժութային վարկերի տեսակարար կշիռը 2018թ․վերջին նախորդ տարվա նկատմամբ 62%--ից իջել է 55%: Արտարժութային վարկերի տեսակարար կշռի կտրուկ անկումը սկսվել է մայիս ամսից պայմանավորված դրամային վարկերի ծավալների առաջանցիկ աճով։
Դիտարկելով առևտրային բանկերի կողմից տրակադրվող վարկերի կառուցվածքը ըստ տնտեսության հատվածների տեսնում ենք, որ վարկավորման ծավալների կեսից ավելին ուղղվել է ձեռնարկություններին՝ 53%։
ՀՀ առևտրային բանկերի վարկավորման ծավալներում էական է նաև տնային տնտեսություններին տրամադրված վարկավորման ծավալները, ինչը կազմել է 39%։ Ոչ առևտրային և այլ ֆինանսական կազմակերպություններին տրամադրված վարկերի ծավալները համեմատաբար քիչ են եղել՝ կազմելով համապատասխանաբար 4% և 3%։
Ինչ վերաբերում է նախորդ տարվա համեմատ աճի տեմպերին, ապա այն առավելագույնն է եղել տնային տնտեսություններին տրամադրված վարկերի դեպքում՝ պայմանավորված սպառողականև հիպոթեքային վարկերի ծավալների աճով։ Աճը կազմել է 29%՝ կազմելով 1,139 մլրդ ՀՀ դրամ։ Ձեռնարկություններին տրամադրվող վարկավորման ծավալները 2018թ․կազմել են 1,534 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 9%-ով։
Ինչ վերաբերում է տնտեսության առանձին ոլորտների վարկավորման ծավալների փոփոխությանը, ապա բացարձակ թվով ամենամեծ աճը արձանագրվել է սպառողական վարկերի դեպքում (189 մլրդ ՀՀ դրամով կամ 37%), իսկ տոկոսային առումով Տրանսպորտ և կապ ոլորտի դեպքում (34 մլրդ ՀՀ դրամով կամ 50%)։
Առևտրային բանկերի կողմից իրականացված վարկավորման ծավալների կառուցվածքում էականորեն աճել են նաև Հիպոթեքային վարկերը՝ 22% (46 մլրդ ՀՀ դրամ), Արդյունաբերության՝ 21% (91 մլրդ ՀՀ դրամ) և Շինարարության՝ 9% (17 մլրդ ՀՀ դրամ) ոլորտներին ուղղված վարկավորման ծավալները։
Մյուս 3` Սպասարկում, Առևտուր և Գյուղատնտեսություն, ոլորտներում վարկավորման ծավալները չնայած փոքր մեծությամբ, այնուամենայնիվ որոշակի աճ են արձանագրել։ Ընդհանուր առմամբ, 2018թ․ դեկտմեբերին նախորդ տարվա համեմատ վարկավորման ընդհանուր ծավալները աճել են 17%-ով։
Այս փոփոխությունների արդյունքում՝ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի կառուցվածքում ամենամեծ կշիռը ձեռք է բերել Սպառողական վարկերը՝ 701 մլրդ դրամ կամ ընդհանուր վարկերի 25%-ը։
Արդյունաբերության ոլորտին ուղղված վարկավորման ծավալները 2018-ի դեկտեմբերի վերջին կազմել է 517 մլրդ դրամ (ընդհանուրի 19%-ը), Առևտրի ոլորտին տրամադրված վարկերի ծավալը՝ 441 մլրդ դրամ (16%)։
Տնտեսության մյուս ոլորտներին ուղղված վարկավարման ծավալների տեսակարար կշիռը կազմում է 4-9%:
Անդրադառնալով վարկավորման ծավալներին ըստ առանձին առևտրային բանկերի, նշենք որ վարկավորման ծավալներով առաջատարը Ամերիաբանկն է՝ 563 մլրդ ՀՀ դրամ, իսկ ծավալների աճի մեծությամբ Հայբիզնեսբանկը՝ շուրջ 44%: 2018թ․ դեկտեմբեր ամսվա դրությամբ նվազել են (շուրջ 65%-ով) միայն Հայէկոնոմբանկի կողմից իրականացված վարկավորման ծավալները՝ կազմելով 135 մլրդ ՀՀ դրամ։
Ինչ վերաբերում է ըստ տնտեսության ոլորտների առևտրային բանկերի ֆինանսավորման ծավալներին, ապա Արդյունաբերության ոլորտի ֆինանսավորմամբ առաջատարը Հայբիզնեսբանկն է (բացառությամբ Հանքարդյունաբերության, որի դեպքում առաջատարը Ամերիաբանկն է)՝ 34 մլրդ ՀՀ դրամ , Գյուղատնտեսության ոլորտում՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ՝ 70 մլրրդ ՀՀ դրամ։ Շինարարության և Առևտրի ոլորտների ֆինանսավորմամբ առաջատարը ևս Հայբիզնեսբանկն է՝ համապատասխանաբար 47 և 120 մլրդ ՀՀ դրամ, իսկ Տրանսպորտ և կապ ոլորտում Ամերիաբանկը՝ 28 մլրդ ՀՀ դրամ։ Ինչ վերաբերում է Սպառողական և հիպոթեքային վարկերին, ապա առաջատարներ են համապատասխանաբար ՎՏԲ-Հայաստան բանկը՝ 133 մլրդ ՀՀ դրամ և Կոնվերս բանկը՝ 35 մլրդ ՀՀ դրամ։
Ընդհանրացնելով կատարված հետազոտությունը, նշենք, որ առևտրային բանկերը քաղաքական իրավիճակի նկատմամբ կայունություն են դրսևորել նաև վարկավորման ծավալներով, որոնք տարվա ընթացքում շարունակական աճ են արձանագրել։ Աճը բնութագրվել է արտարժութային վարկերի տեսակարար կշռի նվազմամբ և ձեռնարկություններին ուղղված վարկավորման ծավալների գերակայությամբ։ 2018թ․ վերջի դրությամբ առավելապես աճել են Տրանսպորտ և կապ ոլորտին ուղղված, ինչպես նաև Սպառողական և հիպոթեքային վարկավորման ծավալները։ Այդ ոլորտներին վարկավորման ծավալներով առաջատարներ են եղել համապատասխանաբար՝ Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Կոնվերս բանկը։ Վարկավորման ընդհանուր ծավալները առաջատարը Ամերիաբանկն էր։