Արտաքին առևտրի ոլորտի զարգացումները /Ամփոփագիր, մայիս-հոկտեմբեր, 2018/
Արտաքին առևտրի ոլորտի զարգացումները /Ամփոփագիր, մայիս-հոկտեմբեր, 2018/
Սույն ամփոփագրում ներկայացված են «հետհեղափոխական» շրջանի Արտաքին առևտրի ոլորտի զարգացումները, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից պլանավորված կամ արդեն իսկ իրականացված արտաքին առևտրի ոլորտին առնչվող ծրագրերը/բարեփոխումներ
Համաձայն տնտեսական զարգացման վերաբերյալ ՀՀ կառավարության տեսլականի՝ ՀՀ պետք է ունենա արտահանման միտված տնտեսություն: Կառավարության համար ընդունելի չէ հանքարդյունաբերության արտադրանքի արտահանման վրա հիմնված ներկայիս մոդելը: Բարձր տեխնոլոգիաները, ադամանդագործությունը, ոսկերչությունը, թեթև արդյունաբերությունը պետք է լինեն արտահանմանը միտված https://goo.gl/kSTWrE:
Ստորև ներկայացնում ենք արտաքին առևտրի ոլորտում պլանավորված և իրականացված փոփոխությունները:
· Դեռևս 2018 թ. մայիսին Կառավարության կողմից նշվել է գյուղատնտեսական ապրանքների արտահանման ոլորտում մենաշնորհների առկայության և այդ մենաշնորհների վերացնելու Կառավարության քաղաքականության մասին: Արդյունքում ակնկալվում էր էականորեն մեծացնել դեպի Իրան խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև դեպի ԵԱՏՄ երկրներ գյուղմթերքի արտահանման ծավալները https://goo.gl/N4eH9c:
· Մայիսի 11-ին տեղի է ունեցել «Եվրասիական տնտեսական միության տարածքում թանկարժեք մետաղների և քարերի նկատմամբ գործողություններ իրականացնելու առանձնահատկությունների մասին» համաձայնագրի նախագծի մշակման եզրափակիչ փուլը: Համաձայնագրով նախատեսվում է ԵԱՏՄ մաքսային տարածքում ոսկերչական իրերի փոխադարձ առևտրի շրջանակներում անդամ երկրների հարգադրոշմների փոխադարձ ճանաչում https://goo.gl/7zC2nR:
· Կառավարությունը պլանավորում է աջակցել ադամանդագործության և ոսկերչության ոլորտների ընկերություններին https://goo.gl/SvKY1h:
· ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հետ համատեղ իրականացվում է հագուստի և կոշիկի արտադրության զարգացման և արտահանման խթանման միջոցառումներ: Հնարավոր ներդրողներին ներկայացվել են ընդհանուր առմամբ մոտ 1810 աշխատատեղ նախատեսող և մոտ 46 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային 7 փաթեթներ https://goo.gl/pJDDaL:
· ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից ներկայացվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով հնարավորություն է ստեղծվում սահմանափակումներ կիրառել չմշակված կաշվի արտահանման վրա և խթանել արդյունաբերական ծավալներով կաշվի մշակման գործունեությունը https://goo.gl/pJDDaL:
· «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություներ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարների վճարներից ազատված ապրանքների ցանկում ավելացնել արդյունաբերության մեջ օգտագործվող հումքը և նյութերը https://goo.gl/pJDDaL:
· 2018 թ. հոկտեմբերին Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքվել է 50 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր: Վարկը տրամադրվելու է Կենտրոնական բանկին, որն այդ միջոցները հասանելի կդարձնի ՓՄՁ-ներին: Վարկերն ուղղվելու են արտահանման խթանմանը, զբոսաշրջության և գյուղատնտեսության զարգացմանը https://goo.gl/ytc1qm:
· Համաշխարհային բանկը Կառավարության հետ մշակում է ծրագիր, ըստ որի՝ արտահանմանն ուղղված տնտեսական աճի մոդել կստեղծվի: Որպես առաջնային ոլորտներ դիտարկվում են ՏՏ ոլորտը, ագրոհատվածը և զբոսաշրջությունը https://goo.gl/zXuZ1g:
· ՀՀ ֆինանսների նախարարությունը արտահանման վրա հիմնված տնտեսական աճի նպատակադրման տեսնակյունից խնդիր է դրել ձևավորել այնպիսի հարկային համակարգ, որը գոնե հակախթան չհանդիսանա արտահանելի ճյուղում նոր ներդրումների համար:
· Վերացվել են արտահանման, ներմուծման արգելքները, մենաշնորհները https://goo.gl/vy1Ryn:
· 2019-ին հաջորդող տարիներին ապրանքների և ծառայությունների արտահանումը գերազանցելու է ՀՆԱ-ի 45%-ը
2018 թ. հունվար-սեպտեմբերին արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 5355.7 մլն ԱՄՆ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելանալով 22.4-ով: Արտահանումը կազմել է 1774.1 մլն ԱՄՆ դոլար, աճը՝ 11.6, ներմուծումը՝ 3581.6 մլն դոլար, աճը՝ 28.6: Ներմուծման աճի տեմպերը գերազանցում են արտահանման աճի տեմպերին: Արտաքին առևտրի կառուցվածքը բարելավել է: 2018 թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է ռեսուրսատար ապրանքների արտահանման մասնաբաժինը (2017 թ. հունվար-սեպտեմբեր՝ 81.5, 2018 թ. հունվար-սեպտեմբեր՝ 79.3): Ներմուծման կառուցվածքում ավելացել է տեխնոլոգիատար ապրանքների մասնաբաժինը (2017 թ. հունվար-սեպտեմբեր՝ 31.7, 2018 թ. հունվար-սեպտեմբեր՝ 35.4), այսինքն՝ միջոցառումներ են ձեռնարկվում բարելավելու արտադրության (արտահանման) կառուցվածքը, քանի որ տեխնոլոգիաների ստացումը բարձրացնում է ապրանքների մրցունակությունը: Կառավարության կողմից նշված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ են ՀՀ տնտեսության կառուցվածքային բարեփոխումների ծրագրի մշակում և իրագործում: