Գաստրոզբոսաշրջությունը որպես ՀՀ զբոսաշրջային ներուժային ուղղություն
Գաստրոզբոսաշրջությունը որպես ՀՀ զբոսաշրջային ներուժային ուղղություն
Գաստրոզբոսաշրջությունը զբոսաշրջության արագ զարգացող տեսակներից է: Ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության՝ գաստրոզբոսաշրջության ոլորտի տարեկան աճը կազմում է 7-12%:
Գաստրոզբոսաշրջությունը կարելի է բնորոշել որպես ճանապարհորդություն, որի նպատակն է ծանոթանալ այլ երկրի ազգային խոհանոցի, սննդի պատրաստման առանձնահատկությունների հետ, ձեռք բերել անկրկնելի ու հիշարժան գաստրոնոմիական փորձառություն:
2003թ. Էրիկ Վուլֆը հիմնեց Խոհարարական տուրիզմի միջազգային ասոցիացիան (The International Culinary Tourism Association): 2012թ. ասոցիացիան ռեբրենդինգ արվեց որպես World Food Travel Association–ի, որն այսօր աշխարհի 139 երկրներում ունի 50.000 մասնագետներից բաղկացած համայնք:
Գաստրոնոմիան կարևոր նշանակություն ունի զբոսաշրջային դեստինացիայի համար: Շատ դեպքերում զբոսաշրջիկներն ընտրում են այն վայրերը, որոնց գաստրոնոմիան մեծ հռչակ ունի: Գաստրոնոմիան կարևոր գործոն է հանդիսանում տվյալ վայրից լավ ու դրական տպավորություններ ստանալու գործում: Համեղ խոհանոցի համն ու հոտը մեծ ազդեցություն է ունենում զբոսաշրջիկների ընկալումների և գոհունակության աստիճանի վրա: Մարդու մոտ ամենաերկար պահպանվող զգացողությունը համի մասին հիշողությունն է, ուստի եթե զբոսաշրջիկը գոհ մնա խոհանոցից, ապա դա կազդի նաև նրա ընդհանուր բավարարվածության աստիճանի վրա:
Գաստրոզբոսաշրջիկները բնակչության հետևյալ հատվածն են ներկայացնում՝
- զբոսաշրջիկներ, որոնք հոգնել են սովորական տուրերից և ցանկանում են նոր բան փորձել;
- գուրմաններ (յուրահատուկ ուտելիքի և խմիչքի գիտակներ, գնահատողներ ու սիրողներ);
- զբոսաշրջիկներ, որոնց աշխատանքը կապված է սննդի պատրաստման հետ;
- սննդի փորձագետներ;
- զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքված են սեփական գաստրոտուրերի կազմակերպմամբ:
Ըստ World Food Travel Association-ի տվյալների՝ զբոսաշրջիկների 93 տոկոսը ընդգրկվել են գաստրոնոմիկ փորձառության մեջ: Բացի այդ, սննդի վրա կատարված ծախսերը կազմում են զբոսաշրջային ծախսերի 15-35 տոկոսը՝ կախված այցելության վայրից: Գաստրոնոմիական զբոսաշրջության մասին Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության զեկույցում 2017թ. հրապարակվել են անդամ կազմակերպությունների հետազոտության արդյունքները: Հարցվածների 87%-ը գաստրոնոմիան համարում է ռազմավարական տարր տարածաշրջանի բրենդի և իմիջի մշակման ժամանակ: Հարցվածների 70%-ը կարծում է, որ իրենք արդեն թիրախավորել են գաստրոզբոսաշրջիկներին որպես շուկայական սեգմենտ, չնայած նրանցից միայն 10%-ն է կարծում, որ իրենց դեստինացիայում գաստրոզբոսաշրջությունը բավականաչափ առաջմղում ունի:
Հայաստանի խոհարարական ավանդույթները սկիզբ են առնում պատմության խորքից։ Հայկական խոհանոցը ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական գործոններով: Հայկական խոհանոցը իր վրա կրում է դեռևս Վանի թագավորության (մ.թ.ա. 9-6 դար) աշխարհագրակլիմայական և հասարակարգային գործոնների ազդեցությունը։ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերվել են ծավալուն շտեմարաններ, հացահատիկով լեցուն կարաս-կճուճներ, գարեջուր և քաղցրածիկ պատրաստելու և պահելու հատուկ անոթներ։ Վանի թագավորությունում լայնորեն տարածված էր մանրասերմ ձիաբակլան և մանրահատիկ ոսպը, մշակում էին նաև սիսեռ, ձիթաբեր խաչածաղկավոր հացազգիներ։ Պեղումների ժամանակ գտնվել են ցորենի, սիսեռի և քունջութի տարբեր կոմբինացիաներ։ Վանի թագավորության սեպագիր արձանագրությունները խոսում են խաղողաբուծության և գինեգործության զարգացման մասին։ Վանի բնակչությունը կենդանական մթերքներից օգտագործում էր ոչխարի, տավարի, այծի, խոզի, գոմեշի և ընտանի թռչունների միսը: Զարգացած էր նաև կաթնատնտեսությունը։ Հայերը խմորման և հացաթխման մասին պատկերացում են ունեցել դեռևս 2500 տարի առաջ։ Հայկական լավաշը 2014թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Հայկական հայտնի ճաշատեսակներից են՝ հարիսան, մշոշը, տոլման, կոլոլակը, քաշիկան, խորովածը, և այլն:
2017թ. Հայաստան է ժամանել 1494779 զբոսաշրջիկ, նախորդ տարվա համեմատ աճելով 18.7%-ով, որոնցից 264702-ը (17.7%-ը) հանգրվանել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում: Պաշտոնական վիճակագրություն չկա, թե որքան է կազմում ՀՀ ժամանած գաստրոզբոսաշրջիկների թիվը: Ընդգծված գաստրոտուրերի քանակությունը սահմանափակ է: Գաստրոտուրերի կազմակերպմամբ է մասնագիտացած Արևաքար Թրեվլ կազմակերպությունը: Ընկերությունն ունի տարբեր փաթեթներ, տարբեր տևողությամբ, հիմնականում ներառված են ուտելիքների համտեսներ, վարպետության դասեր, Արենի գինու բնօրրան այցելություն, Երևանյան գինու օրերին մասնակցություն, տարբեր ռեստորաններ այցելություն, նաև էքսկուրսիաներ, և այլն: Սրանից բացի կան նաև այլ զբոսաշրջային կազմակերպություններ, որոնք կազմակերպում են խոհանոցային և գինու տուրեր: Օրինակ Բարև Արմենիա-ն ունի «Խոհանոցային տուր. Համեղ Հայաստան» 7 օրյա տուր, «Գինեգործության բնօրրան. գինետուր Հայաստանում» 8 օրյա տուր, Մեկօրյա գինետուր Հայաստանում 10 ժամով, Explore Armenia-ն ունի գինու և կոնյակի տուրեր 4 և 7 օր տևողությամբ, Tasty tour-ը ևս ունի խոհանոցային և գինու տուրեր 5, 7 և 9 օր տևողությամբ, One way tour-ն ունի 7 օրյա խոհանոցային տուր, Yan Voyage-ն ունի 7 օրյա տուր՝ «Հայկական խոհանոցի գաղտնիքները», և այլն: Նշենք, որ այս տուրերը կազմակերպվում են, երբ կան պատվերներ:
2017թ. ՀՀ-ում հանրային սննդի օբյեկտների թիվը կազմել է 1663, որի շուրջ 68%-ը՝ Երևանում: Գաստրոզբոսաշրջության զարգացման մեջ էական նշանակություն ունեն հենց հանրային սննդի օբյեկտները, որոնց ոչ միայն ուտելիքը, այլ նաև սպասարկման մակարդակն ազդում է զբոսաշրջիկի գոհունակության աստիճանի վրա: Զբոսաշրջիկների և տեղացիների շրջանում մեծ ճանաչում ունի Երևան Պանդոկը՝ որպես ազգային համեղ խոհանոց ունեցող ռեստորան: Վերջին ժամանակներս ռեստորանները նաև տիպիկ հայկական անվանումներով են՝ Կոլոլակ, Ծիրանի, Դոլմամա, Լավաշ, Շերեփ, Չինար, Չաման, Գաթա պանդոկ, Բաստուրմա, և այլն, ինչը ևս հետաքրքություն է առաջացնում զբոսաշրջիկների շրջանում:
Աղյուսակ 1. Հանրային սննդի կազմակերպման օբյեկտների քանակը և ծաոայությունների ծավալը 2015-2017թթ., ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների շրջանում (250 ներգնա զբոսաշրջիկ 2017-2018թթ. ընթացքում) մեր կատարած հետազոտությունների արդյունքները վկայում են, որ նրանք հիմնականում գոհ և շատ գոհ են հայկական խոհանոցից, գների մակարդակից: Նրանք առավել շատ հավանում են հայկական ավանդական ճաշատեսակները՝ տոլման, հարիսան, խորովածը, հայկական լավաշը, գաթան, գինին, կոնյակը և այլն, ինչպես նաև հայկական հյուրընկալության ավանդույթները:
Աղյուսակ 2. ՀՀ ներգնա զբոսաշրջիկների կարծիքը հայկական խոհանոցի վերաբերյալ
2018թ. նոյեմբեր ամսվա տվյալներով Հայաստանում ոչ թանկարժեք ռեստորանում սննդի միջին արժեքը կազմել է 3000 դրամ, միջին մակարդակի ռեստորանում 2 անձի համար նախատեսված սնունդը (3 մասից բաղկացած)՝ 12000 դրամ:
Վերջին տարիներին Հայաստանում կազմակերպվող գաստրոփառատոնները նպաստում են գաստրոզբոսաշրջության զարգացմանը: Զբոսաշրջիկներն առավել նախընտրում են գինու, խորովածի, տոլմայի փառատոնները:
Հայ ավանդական կերակրատեսակների վերհանման և մասսայականացման նպատակով 2007թ. ստեղծվեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն, որը բանահավաքչություն է կազմակերպում ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում: Կազմակերպվում են նաև մրցույթներ, սեմինարներ, փառատոններ: Կազմակերպությունը ձեռնամուխ է եղել «Հայ ավանդական խոհանոց» հանրագիտարանի ստեղծմանը:
2018թ. նոյեմբերի 1-6-ը Հայաստանում Արևաքար Թրեվլի հիմնադրի կողմից կազմակերպվեց Yerevan Food Fest 2-րդ փառատոնը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800 ամյակին: Փառատոնի ընթացքում Երևանի տարբեր ռեստորաններում և սրճարաններում հատուկ սեթ մենյուներ են կազմակերպվել հրավիրված և տեղական շեֆ-խոհարարների կողմից: Դրանից բացի կազմակերպվել են դասախոսություններ, սննդի պատրաստման վարպետաց դասեր հրավիրված մասնագետների կողմից, էքսպոներ, ինչպես նաև «Գաստրոտուրիզմը Հայաստանում» խորագրով ֆորում՝ հրավիրված փորձագետների, ռեստորանատերերի և հյուրանոցատերերի, ՀՀ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների և մասնագետների մասնակցությամբ:
Գաստրոզբոսաշրջությունն ունի զարգացման լուրջ նախադրյալներ ՀՀ-ում: Հայաստանի յուրաքանչյուր շրջան ունի իր ավանդական ուտելիքները: Հայաստանի ռեստորաններում առկա են հիմնականում առավել հայտնիները: Այնինչ հին ու մոռացված, պակաս հայտնի ուտելիքները վերաթարմացնելը և դրանք ռեստորանային մենյուներում ընդգրկելը խիստ կարևոր է ինչպես ազգային խոհանոցի ավանդույթների պահպանման, այնպես էլ զբոսաշրջիկներին հետաքրքիր ու համեղ կերակուրների լայն ցանկ առաջարկելու տեսանկյունից: Բացի այդ, դրանք կարելի է օգտագործել յուրաքանչյուր տարածաշրջանի համար գաստրոնոմիական բրենդ ստեղծելու նպատակով:
Հայաստանը գաստրոզբոսաշրջության առաջմղման համար լայնորեն պետք է օգտագործի համացանցը՝ հատկապես սոցիալական ցանցերը: Կարևոր է նաև Հայաստանի ազգային խոհանոցի մասին տեղեկատվական զբոսաշրջային գրքույկների տպագրությունը, որը պետք է հասանելի լինի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում, ինչպես աշխարհի շատ երկրներում է, որոնք ներառում են տվյալներ ինչպես ազգային խոհանոցի, ուտելիքների, դրանց բաղադրատոմսերի, այնպես էլ հայտնի ռեստորանների, սննդի կետերի, սրճարանների մասին: Խիստ անհրաժեշտ է պետական աջակցություն ոլորտին և պետական-մասնավոր համագործակցություն գաստրոզբոսաշրջության զարգացման համար:
ՀՀ-ում գաստրոզբոսաշրջության զարգացման համար կարող ենք նշել որոշ հիմնական քայլերի կատարման անհրաժեշտությունը.
· յուրաքանչյուր տարածաշրջանին բնորոշ ազգային խոհանոցի վերագնահատում, գաստրոնոմիական բրենդի ստեղծում,
· գաստրոզբոսաշրջության զարգացման ռազմավարական ծրագրի մշակում,
· գաստրոզբոսաշրջության զարգացման մարքեթինգային միջոցառումներ (ՀՀ գաստրոնոմիայի մասին տեղեկատվական գրքեր, բուկլետներ տարբեր լեզուներով, կարճ և երկար տևողության հաղորդումների ցուցադրում տեղական և միջազգային մեդիայով՝ նաև աշխարհահռչակ ծագումով հայերի մասնակցությամբ, և այլն),
· գաստրոզբոսաշրջության երթուղիների մշակում ըստ մարզերի՝ ներառելով տարբեր միջոցառումներ՝ մասնակցություն ցուցահանդեսների, փառատոնների, նաև գյուղատնտեսական, բերքահավաքի աշխատանքների, հացի թխման, սննդի պատրաստման այլ աշխատանքներին, վարպետության դասերին,
· զբոսաշրջային դասական տուրի մեջ գաստրոզբոսաշրջության տարրերի ընդգրկում,
· նոր գաստրոփառատոնների կազմակերպում,
· տարբեր իրադարձությունների, ֆորումների, միջոցառումների ժամանակ սննդի ներգրավում՝ ազգային խոհանոցի առաջմղման նպատակով,
· գաստրոզբոսաշրջության մասնագետների վերապատրաստում, բուհերում գաստրոզբոսաշրջության նեղ մասնագետների պատրաստում, գաստրոզբոսաշրջության առարկաների ուսուցանում,
· ռեստորաններում սպասարկման մակարդակի բարձրացում,
· գաստրոնոմիական հուշանվերների մշակում, երբ զբոսաշրջիկները որպես հուշանվեր Հայաստանից կարող են տանել տեղական արտադրության գինի, կոնյակ, չիր, մուրաբա, պանիր, և այլն:
Գաստրոզբոսաշրջությունը ունի տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական նշանակություն: Գաստրոզբոսաշրջության զարգացումը կխթանի հայկական խոհանոցի և ավանդույթների վերագնահատմանը, զարգացմանը, տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային համաչափ զարգացմանը, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության զարգացմանը, և այլն: