Որքանո՞վ է տեխնոլոգիատար ՀՀ արտահանումը
Որքանո՞վ է տեխնոլոգիատար ՀՀ արտահանումը
Երկրի արտաքին առևտրի տեխնոլոգիատարությունը չափելու մի քանի տարբերակ կա: Օրինակ Լոլը (2000) արդյունաբերական ապրանքները բաժանում է 4 խմբի՝ ռեսուրսատար, ցածր տեխնոլոգիատար, միջին տեխնոլոգիատար և բարձր տեխնոլոգիատար: Այս համակարգը հենված է «Միջազգային առևտրի ստանդարտ դասակարգման» (SITC) երկրորդ վերագնահատման վրա (rev.2), որում եռանիշ դասակարգմամբ 161 արտադրանքից 18-ը համարվում է բարձր տեխնոլոգիական:
Ինչպես երևում է գծապատկերից 2018թ. բոլոր տեխնոլոգիատար ապրանքները միասին կազմել են ողջ արտահանման 25%-ը: Նույնն էր պատկերը նաև 2009թ., մինչդեռ 2010-2017թթ. արտահանման տեխնոլոգիատարությունը 2009թ. համեմատ կրճատվել էր: Թեև բացարձակ թվով տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը գրեթե միշտ աճել է, սակայն այդ ընթացքում հիմնական և ռեսուրսատար ապրանքների արտահանումն ավելի մեծ չափով է աճել՝ հանգեցնելով դրա առանց այդ էլ մեծ տեսակարար կշիռի էլ ավելի մեծացմանը: Դիտարկվող ողջ ժամանակահատվածում արտահանման տեխնոլոգիատարության մակարդակն ամենաբարձրը եղել է հենց 2018թ.-ին՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 6%-ով:
Գծապատկերից հստակ երևում է, որ ցածր տեխնոլոգիատար ապրանքների արտահանման տեսակարար կշիռն ընդհանուր առմամբ ավելացել է, միջին տեխնոլոգիատար ապրանքներինը՝ կրճատվել, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների տեսակարար կշիռը՝ գրեթե կրկնապատկվել:
2009-2018թթ. ընթացքում ցածր տեխնոլոգիատար ապրանքների (կաշի, կոշկեղեն, տեքստիլ գործվածքներ, հագուստ, ճանապարհորդական ապրանքներ, պարզ մետաղական կառուցվածք, կահույք, պլաստմասե արտադրանք, ոսկերչական իրեր, խաղալիքներ) արտահանումն ավելի քան յոթապատկվել է:
Բացառությամբ 2010 և 2017թթ. շարունակաբար աճել է թե բացարձակ թվով, թե տեսակարար կշռով՝ կազմելով ընդհանուր արտահանման 6-13%-ը, տեխնոլոգիատար ապրանքների արտահանման 24-51%-ը: Առավելագույն տեսակարար կշիռ ունեցել է 2016թ.-ին՝ կազմելով ողջ արտահանման 12%-ը, տեխնոլոգիատար ապրանքների արտահանման 57%-ը՝ պայմանավորված ոսկերչական իրերի դեպի Ռուսաստան արտահանման մեծ աճով: 2018թ.-ին նախորդ տարվա համեմատ բացարձակ թվով աճել է ավելի քան 1.5 անգամ՝ պայմանավորված հիմնականում հագուստի, տրիկոտաժե պաստառների, ոսկերչական իրերի, ինչպես նաև պլաստմասե խողովակների, ապակե շշերի և ցածր տեխնոլոգիատար մի շարք այլ ապրանքների արտահանման աճով:
Դիտարկվող ողջ ժամանակահատվածի ընթացքում միջին տեխնոլոգիատար ապրանքների (ավտոմեքենաներ և դրանց մասեր, մոլոցիկլետներ և դրանց մասեր, սինթետիկ գործվածքներ, քիմիկատներ, պոմպեր, շարժիչներ, ժամացույցներ,) արտահանման տեսակարար կշիռը շարունակաբար կրճատվել է՝ 2009թ. 17.5%-ից 2018թ. հասնելով 9.3%-ի, թեև բացարձակ թվով մերթընդմերթ և՛ նվազել է, և՛ աճել: Առավելագույն տեսակարար կշիռ ունեցել է 2009թ.-ին՝ կազմելով ողջ արտահանման 17.5% և տեխնոլոգիատար ապրանքների արտահանման 69.2%-ը: Իսկ բացարձակ թվով առավելագույնի հասել է 2018թ.-ին՝ կազմելով ավելի քան 225 մլն դոլար:
Միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանման աճը 2018թ. հիմնականում ապահովվել է երկաթամիահալվածքի աճի հաշվին, մեծ չափով աճել է նաև մարդատար ավտոմեքենաների արտահանումը, որը, սակայն, վերաարտահանում է: Աճել են նաև ժամացույցների և դրանց մասերի, ջեռուցման կաթսաների, շարժիչների պահեստամասերի, հարդարանքի և լոգարանային միջոցների արտահանումը:
Բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը (հեռահաղորդակցական սարքավորումներ, հեռուստացույցներ, տրանզիտորներ, տուրբիններ, դեղագործական ապրանքներ, օպտիկակական չափիչ սարքեր, ինքնաթիռներ և դրանց մասեր) բացառությամբ 2013-2014թթ., շարունակաբար աճել է՝ կրկնապատկվելով թե՛ բացարձակ թվով, թե՛ տեսակարար կշռով: Եթե 2009թ. այն կազմել է ՀՀ արտահանման 1.6%-ը, ապա 2017թ. կազմել է 3.6%-ը, իսկ 2018թ.-ին՝ մոտ 3%-ը: Գծապատկերից 4-ից երևում է, որ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումն աննախադեպ աճ ապահովել է 2012թ.-ին՝ կազմելով տեխնոլոգիատար ապրանքների արտահանման 28%-ը, իսկ այնուհետև անկում է ապրել: Պատճառն այն է, որ 2012թ.-ի աճը գերազանցապես պայմանավորված էր ընդամենը մեկ ինքնաթիռի վերաարտահանմամբ, թեև այդ թվականին աճել է նաև կաթսաների, սարքավորումների, դեղագործական ապրանքների արտահանումը:
Բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանման կառուցվածքում մեծ աճ է ապահովել հատկապես օպտիկական սարքավորումների և ապարատների արտահանումը՝ 2009թ համեմատ աճելով ավելի քան տասն անգամ: Ընդ որում, այս հոդվածի արտահանման աճը նշանակալի է եղել հիմնականում 2015թ.-ին և 2017թ.-ին: Արտահանման հիմանական ուղղություններն են եղել ՌԴ-ն, Գերմանիան, Հունգարիան, Չինաստանը, Վրաստանը, ԱՄՆ-ն, Ուկրաինան, Նիդերլանդները և Իսրայելը: 2017թ.-ին 2016թ.-ի հետ համեմատած օպտիկական սարքավորումների և ապարատների արտահանումը դեպի ՌԴ, ԱՄՆ, Վրաստան և Իսրայել կրկնապատկվել է, իսկ դեպի Հունգարիա՝ քառապատկվել:
Բարձր տեխնոլոգիատար ապրանքների կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցող և շարունակաբար մեծ աճ ապահոված հաջորդ հոդվածը դեղորայքն ու դեղագործական ապրանքներն են: Դեղորայքի արտահանումը 2012թ-ից սկսած կայուն աճի միտում է դրսևորել՝ ընդհանուր առմամբ 2009թ. համեմատ աճելով գրեթե 4 անգամ: Դեղագործական ապրանքներ արտահանվում է ՌԴ, Վրաստան, Ուզբեկստան, Բելառուս և մի շարք այլ երկրներ:
2018թ. բարձր տեխնոլոգիական ապրանքների մեջ աճել է ավտոմատ հաշվիչ մեքենաների, հեռախոսային, հեռագրային ապարատների, մոդեմների, էլեկտրական մեքենասարքավորումների, բժշկական և վիրաբուժական սարքավորումների արտահանումը:
Ընդհանուր առմամբ, դիտարկվող ժամանակահատվածում աճել է նաև չափող, վերահսկող սարքավորումների և դրանց մասերի արտահանումը՝ 2017թ.-ին գերազանցելով 2009թ. ցուցանիշը ավելի քան 2 անգամ, թեև 2018թ.-ին փոքր-ինչ կրճատվել է:
Այսպիսով, տեխնոլոգիատար ապրանքների տեսակարար կշիռը ՀՀ արտահանման մեջ 2018թ-ին կազմել է ավելի քան 25%, որում գերակշռել են ցածր և միջին տեխնոլոգիատար ապրանքները: Իսկ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը թեև կայուն տեմպերով աճում է, բայց դեռևս շարունակում է մնալ արտահանման 3%-ի սահմաններում: Մի կողմից որքան տեխնոլոգիատար է ապրանքը, այնքան ավելի մեծ ավելացված արժեք է ստեղծում, այսինքն ավելի մեծ չափով է նպաստում ՀՆԱ-ի աճին, մյուս կողմից թեև ցածր տեխնոլոգիատար ապրանքները համեմատաբար ավելի փոքր ավելացված արժեք են ստեղծում, սակայն այդպիսի ապրանքների արտադրության մեջ բնակչության ավելի մեծ զանգված է ընդգրկված, քան բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտադրության մեջ: Ուստի ցածր և միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանման աճը կարող է ազդել հասարակության ավելի լայն շերտերի վրա: