Ինչպե՞ս չափել տնտեսության «զարկերակը»
Ինչպե՞ս չափել տնտեսության «զարկերակը»
Տնտեսության ներկա վիճակի վերաբերյալ հավաստի տեղեկատվության կարիք ունեն գործնականում բոլորը՝ տնտեսական քաղաքականություն մշակողները, բիզնեսը և ընդհանրապես հանրությունը: Իրականում հարցը երկու կողմ ունի։ Առաջին գործոնը, որը այդիսի տեղեկատվության պահանջարկ է ձևավորում, դիագնոստիկան է։ Այսինքն, տնտեսական քաղաքականություն մշակողները և բիզնեսը կարիք ունեն չափելու ներկա վիճակը՝ պլանավորելու իրենց գործողությունները։ Մյուս պատճառը քաղաքական ընտրությունն է. կառավարությունների աշխատանքի ադյունքը չափելու և ընտրություն կատարելու առանցքային չափորոշիչ են տնտեսական արդյունքները։
Գաղտնիք բացահայտած չենք լինի եթե ասենք, որ այս երկու խնդիրների լուծման ժամանակակից աշխարհի հիմնական հարացույցը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշն է։ Չափելով, վերլուծելով և կանխատեսելով ՀՆԱ իրական աճը, կառավարությունները և կենտրոնական բանկերը մշակում և ճշգրտում են իրենց քաղաքականությունները։ Բիզնեսը կանխատեսում է իր արտադրանքի նկատմամբ պահանջարկը, եկամուտները և պլանավորում ներդրումները։ Քաղաքական գործիչները հպարտանում իրենց կառավարման տարիների արդյունքներով և այլն։ Եվ սա տրամաբանական է. ավելի ունիվերսալ և ունիֆիկացված ցուցանիշ հազիվ թե հնարավոր լինի գտնել, քան տնտեսությունում թողարկված վերջնական սպառման արտադրանքի չափումը։
Սա պատմության պոզիտիվ մասն էր։ Իսկ ինչ, եթե ասենք, որ այս ամենով հանդերձ՝ ՀՆԱ աճը հաճախ չափազանց խաբուսիկ է երկու խումբ խնդիրների լուծման համար էլ։ Որովհետև նույնիսկ նույն՝ մեկ ցուցանիշի հետ մի փոքր «խաղալով» մեր պատկերացումները տնտեսական վիճակի վերաբերյալ կարող են անմիջապես խճճվել։ Սա, ընդամենը, դիագնոստիկայի տեսանկյունից։
Այսպես, եկեք քննարկենք ներքևում բերված՝ Հայաստանի եռամսյակային ՀՆԱ իրական աճի ցուցանիշը 2016թ-ից մինչև 2018թ-ի երրորդ եռամյակը։
Գրաֆիկներում որևէ «անակնկալ» չկա. առաջին գրաֆիկում թվերն այն տեսքով են, ինչպես հրապարակում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Երկրորդ գրաֆիկը պատկերում է կուտակային իրական ՀՆԱ աճը (դիցուք, 2018թ-ի առաջին երեք եռամսյակներում արտադրված գումարային ՀՆԱ իրական աճը նախորդ տարվա առաջին երեք եռամսյակների նկատմամբ)։ Մենք մտքում հենց այս թվերն ենք ունենում, երբ խոսում ենք եռամսյակային հրապարկվող տնտեսական աճի մասին Հայաստանում։
Սակայն ՀՆԱ դինամիկան տեսնելու երկու այլ՝ միջազգային պրակտիկայում ոչ պակաս կիրառելի չափումներ կան, որոնց հաշվարկման համար ժամանակային շարքից վիճակագրական գործիքով անհրաժեշտ է հեռացնել սեզոնային կոմպոնենտը (սեզոնայնորեն հարթեցնել)։
Վերը բերված գրաֆիկներից առաջինը սեզոնայնորեն հարթեցված իրական ՀՆԱ աճն է նախորդ եռամսյակի նկատմամբ՝ այն ցուցանիշը, որով մարդիկ մտածում են երբ խոսում են տնտեսական աճի մասին աշխարհում (օրինակ՝ ԱՄՆ-ում և ԵՄ-ում**)։ Երկրորդը ՀՆԱ ճեղքն է՝ այն ցուցանիշը, որով «մտածում են» մակրոտնտեսական քաղաքականություն մշակողները և որը ուղենիշ է մակրոտնտեսական մոդելներում։
Այսպիսով, բերված ցուցանիշներից երեքն էլ իրական ՀՆԱ դինամիկան են չափում։ Երեքն էլ լայնորեն կիրառելի են տնտեսական զարգացումները տեսնելու համար։ Սակայն իրականում դրանք ակնհայտորեն տարբեր ազդակներ կարող են տալ։
Այսպես, 2018թ-ի երրորդ եռամսյակի համար տարեկան աճի ցուցանիշը դրական է, չնայած աճի դանդաղում է տեղի ունենում, իսկ կուտակային տեսքով այն տարվա երեք եռամսյակների համար 6%-ից բարձր աճ է արտացոլում։ Եռամսյակային աճի ցուցանիշը բացասական է՝ ընդ որում, երկու եռամսյակ անընդմեջ։ Նշենք, որ միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ 2018թ-ի 3-րդ եռամսյակում տնտեսական իրավիճակը կարող էր որակվել որպես «ռեցեսիա»***։ ՀՆԱ ճեղքը բացասական է, ինչը նշակակում է որ իրական ՀՆԱ-ն իր տրենդով կանխատեսվող մակարդակից ավելի ցածր մակարդակում է գտնվել։
Տրամաբանական հարց է առաջանում՝ որ ցուցանիշն է պետք ուղենիշ վերցնել տնտեսության ներկա վիճակը բնութագրելու համար. որը որ պաշտոնական վիճակագրությա՞մբ է հրապարակվում, որն ավելի է ընդունված միջազգայնորե՞ն, թե՞ կիրառվում է պրոֆեսիոնալ շրջանակներում։ Կախված մեր ուղենիշից, իրավիճակը կարող ենք բնութագրել իրար հակասող տերմիններով՝ «բարձր տնտեսական աճ» կամ «ռեցեսիա»։ Պատասխանը գուցե կախված է վերլուծության նպատակներից կամ հաշվարկվող ցուցանիշների հիմնավորվածությունից, կամ գուցե երեքն էլ միաժամանակ՝ եթե ցանկանում ենք բազմակողմանի հասկանալ ցուցանիշի դինամիկան։ Սակայն մեր խնդիրը այս հարցին պատասխանելը չէ։
Մեր իրականությունը և այդ թվում՝ տնտեսությունը ամենևին էլ պարզ համակարգ չէ, որ մեկ ցուցանիշը բավարար լինի դրա զարգացման «զարկերակը շոշափելու» համար։ Բացի այդ, ՀՆԱ-ի ցուցանիշը ընդամենը արդեն տեղի ունեցած իրողության արձանագրումն է։ Կա մի հետաքրքիր համեմատություն՝ ՀՆԱ-ով կողմնորոշվելը վարքագիծ պլանավորելու համար, կլինի տնտեսական քաղաքականություն մշակողի թե բիզնեսի տեսանկյունից, նման է միայն ետևի հայելուն նայելով մեքենա վարելուն։ Դա է պատճառը, որ պրոֆեսիոնալները ուսումնասիրում են բազմաթիվ ցուցանիշներ, մշակում ինդիկատորներ և համախմբված ինդեքսներ։ Սա բարդ, սակայն ճիշտ լուծումների ճանապարհն է։
Այսպիսի ինդեքսները ընդգրկում են ոչ միայն իրական, այլև ֆինանսական, ֆիսկալ և արտաքին հատվածները։ Ընդ որում, ամբողջական պատկեր ունենալու համար պետք է ուսումնասիրել ոչ միայն հաշվապահորեն չափված, այլև հարցումների և դիտարկումների վրա վրա մշակված ինդիկատորներ (այսպիսի մի ինդիկատորի՝ անշարժ գույքի գների ինդեքսի մասին խոսել ենք մեր վերլուծականներից մեկում)։ Դրանք ոչ միայն կարող են առավել բազմակողմանի տեղեկատվություն հաղորդել տնտեսական զարգացումների վերաբերյալ, այլև առաջանցիկ լինել ՀՆԱ-ին, այսինքն արձանագրել տեղի ունեցող փոփոխությունը ավելի շուտ, քան դա կերևա վերջնական արդյունքի արտադրության թվերում։
Եթե ՀՆԱ-ն սահմանափակ է դիագնոստիկայի տեսանկյունից, ապա էլ ավելի սահմանափակ է բնակչության բարեկեցության դինամիկան նկարագրելու համար՝ ինչպես ցույց են տալիս վերջերս իրականացված տարբեր հետազոտություններ։ Պատճառները բազմաթիվ են։ Նախ, պետք է հասկանալ տնտեսական սուբյեկտների մեջ ինչպես է բաշխվում արտադրված ՀՆԱ-ն։ Երկրորդ՝ ՀՆԱ-ն հոսք է, եկամտի ցուցանիշ։ Սակայն տնտեսությունը ունի հաշվեկշիռ՝ ակտիվներ և պարտավորություններ, որոնք ոչ միշտ են պատշաճ հաշվառվում։ Երրորդ՝ ՀՆԱ-ն ունակ չէ արտացոլել, իսկ ավելի հաճախ՝ հակառակ է արտացոլում արտադրված ապրանքների և մատուցվող ծառայությունների որակի բարելավումը: Եվս մեկ, չափազանց կարևոր խնդիր է ոչ ֆորմալ հատվածի հաշվառումը։ Այս ցանկը դեռ բավականին երկար կարելի է շարունակել։
Այստեղ ևս, լուծումները անընդհատ բացահայտման գործընթացում են։ Մշակված են բազմաթիվ ցուցանիշներ, որոնք ավելի լավ են ընդունակ չափելու բնակչության բարեկեցության փոփոխությունը։ Սա նորից՝ բարդ, բայց ճիշտ լուծումների շարքից է...
* Եռամսյակային իրական ՀՆԱ ժամանակային շարքի սեզոնային հարթեցումն իրականացվել է Eviews 10 փաթեթով՝ Census X-13 գործիքի օգնությամբ։ ՀՆԱ ճեղքը գնահատվել է 2000թ 1-ին եռամսյակից 2018թ-ի երրորդ եռամսյակն ընդգրկող ժամանակային շարքի վրա՝ Hodrick-Prescott ֆիլտրի օգնությամբ։
** Այսպես, ԱՄՆ տնտեսական վերլուծությունների բյուրոն (BEA) եռամսյակային պարբերականությամբ հրապարակում է հենց սեզոնայնորեն հարթեցված ՀՆԱ եռամսյակային աճը՝ տարեկանացված տեսքով։ Նույն կերպ է եռամսյակային պարբերականությամբ ՀՆԱ աճը հրապարակում Եվրոպական վիճակագրական ծառայությունը (Eurostat)։
*** Մեծ Բրիտանիայում ռեցեսիա է ազդանշում 2 եռամսյակ անընդմեջ բացասական տնտեսական աճը, ինչը չափվում է սեզոնայնորեն հարթեցված իրական ՀՆԱ եռամսյակային աճի ցուցանիշով (ՄԲ գանձապետարան)։ Այս չափանիշն է կիրառվում նաև բոլոր ԵՄ երկրներում, սակայն օրինակ ԱՄՆ-ում Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն (NBER) ռեցեսիայի արձանագրման համար անհրաժեշտ պայման է համարում ոչ միայն իրական ՀՆԱ-ի, այլև բնակչության իրական եկամուտների, զբաղվածության, արդյունաբերական արտադրանքի և մանրածախ վաճառքի ցուցանիշների նշանակալի անկումը։