Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացումները /Ամփոփագիր, մայիս-հոկտեմբեր, 2018/

Ռուզան Թադևոսյան
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի
կրտսեր հետազոտող

Սույն ամփոփագրում ներկայացված են «հետհեղափոխական» շրջանի Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացումները, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից պլանավորված կամ արդեն իսկ իրականացված ՏՏ ոլորտին առնչվող ծրագրերը/բարեփոխումները

2018 հունիսի 1-ին հաստատված կառավարության ծրագրում նշվել էին տնտեսության զարգացման առաջնահերթությունները, որոնցից առաջինը բարձր տեխնոլոգիաներն են:

· Բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով կառավարության կողմից ընդունվել է որոշում Հրազդան քաղաքում Ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծելու մասին: Նախատեսվում է, որ Հրազդանում կլինի մայնինգի կենտրոն, որտեղ կիրականացվի բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված գործունեություն: ԱՏԳ-ի կազմակերպիչ է ճանաչվել «ԷԿՈՍ» ՓԲԸ-ն, որը նախատեսում է մինչև 4 մլն դոլարի ներդրում կատարել, իսկ շահագործողներից մինչև 2021թ. ակնկալվում է 15 մլն դոլարի ներդրում: https://www.e-gov.am/gov-decrees/item/30750/

· Հոկտեմբերի 23-ին ՀՀ վարչապետի կողմից հանձնվել են ՏՏ ոլորտի պետական կրթական մրցանակներ: Մրցանակի են արժանացել 25 ուսանող և 18 աշակերտ: Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվել է 14-րդ անգամ, որին մինչ այժմ արժանացել են 489 ուսանող և աշակերտ:

Կառավարության ծրագրում նշվում է, որ ոլորտի զարգացման համար կառավարությունը նախատեսում է խրախուսել գիտության և իրական հատվածի միջև համագործակցությունը: Որին ուղղված են հետևյալ իրադարձությունները.

· Հոկտեմբերի 12-13-ը արդեն 3-րդ անգամ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից կազմակերպվել է «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» («Science and Technology Convergence (STC)») երկօրյա գիտաժողովը, որի նպատակն է քննարկել ու կանխատեսել Հայաստանում հիմնարար և կիրառական հետազոտությունների ապագան, կապեր ստեղծել գիտահետազոտական հիմնարկների ու աշխատողների և արդյունաբերական ընկերությունների միջև։ Գիտաժողովի կազմակերպմանն աջակցում են Եվրամիության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU SMEDA) ծրագիրը, «SmartGateVC»-ի ընկերությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և այլ գործընկեր կառույցներ։ Գիտաժողովին ներկա են գտնվել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարները: http://mtcit.am/pages.php?lang=1&id=7145&page_name=news

· Հոկտեմբերի 29-30 Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և Սփյուռքի հայկական գիտական ասոցիացիաի (ASDA) կողմից կազմակերվել է Գլոբալ ինովացիոն ֆորումը (GIF): GIF-ի նպատակն է միավորել պետությունն ու մասնավոր հատվածը, լայն հասարակությունը, Հայաստանի քաղաքացիներին ու Սփյուռքը, նվիրատուներին ու միջազգային կազմակերպություններին, որպեսզի մեխանիզմներ ստեղծվեն Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական ու նորարարական կենտրոն դարձնելու համար։ Ֆորումին մասնակցել են ինչպես ՀՀ, այնպես էլ աշխարհի 20 երկրների գիտական և տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչներ, ներդրողներ և ձեռնարկատերեր: Ֆորումին ներկա են գտնվել նաև ՀՀ նախագահը, վարչապետը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և ՀՀ կրթության և գիտության նախարարները, FAST-ի համահիմնադիրները:

Կառավարության ծրագրում նաև նշվում է, որ նախատեսվում է գիտության և իրական հատվածի համագործակցությունն ապահովելու, գիտական հետազոտությունների արդյունքներն առևտրայնացնելու նպատակով խրախուսել բիզնես զարգացման դրամաշնորհային ծրագրերը և ներգրավվել բիզնես ներդրողներ: Այս ուղղությամբ իրականացվել են հետևյալ քայլերը.

· ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախին նախարար Աշոտ Հակոբյանն իր պաշտոնավարման 3 ամիսների ընթացքում հանդիպել է Տորոնտոյում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարների հետ՝ Հայաստանում ազգային վենչուրային հիմնադրմաի ստեղծման նպատակով: Ինչպես նաև ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին օժանդակություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է «Մուլտի գրուպ» վենչուրային հիմնադրամը՝ 1 մլն դոլար նախնական կապիտալով: https://b24.am/official/72892.html http://mtcit.am/pages.php?lang=1&id=7109&page_name=news

· Հոկտեմբերի 2-ին «Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը» /BANA/, Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ իրականացրեց վաղ փուլում գտնվող ընկերությունների զարգացմանն ուղղված ներդրումային կոնֆերանս, որին ներկա էին հայ և արտասահմանցի գործարար-ներդրողներ: Բիզնես հրեշտակների համաժողովի հատուկ հյուրն էր Եվրոպայի Բիզնես ներդրողների ցանցի /EBAN/ պատվավոր նախագահ Բրիջիթ Բոումենը, ով Եվրոպայի վենչուրային տարածքում ամենաազդեցիկ 50 կանանցից մեկն է, հիմնադրել է «Go Beyond» ներդրումային ընկերությունը, որը գործում է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում ու Շվեյցարիայում։ Նա խորհրդատվություն է տրամադրում գործարարներին և տարբեր երկրների կառավարություններին։ Համաժողովին մասնակցում էին նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար (ներկայիս նախարարի պաշտոնակատար) Հակոբ Արշակյանը:

· Հոկտեմբերի 27-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին: ԱԶԲ ղեկավար Շերվին Պուի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեծ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Առաջարկվող պլատֆորմը ներառում է մի շարք ուղղություններ՝ խելացի քաղաք (smart city), մաքուր տեխնոլոգիաներ (cleantec) և գյուղատնտեսական տեխնոլոգիաներ (agritec)։ Ներկայացվող ծրագրով ԱԶԲ-ն նպատակ ունի նախ ուսումնասիրել բարձր տեխնոլոգիական բիզնեսի հայաստանյան էկոհամակարգը, որից հետո թեստավորում կատարել և հաջողության դեպքում արդեն քննարկել ներդրումային հնարավորությունները։ http://mtcit.am/pages.php?lang=1&id=7166&page_name=news

Համաձայն կառավարության ծրագրի նախատեսվում է նաև առաջադեմ տեխնոլոգիաների կիրառում բոլոր ոլորտներում՝ ներառյալ պետական կառավարման, արդյունաբերության, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում: Մանսավորապես այս ուղղությամբ կառավարությունը իրականացրել է հետևյալը.

· Բոլոր ոլորտներում կառավարման և ծառայությունների մատուցման միասնական թվային միջավայր ստեղծելու՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները զարգացնելու նպատակով օգոստոսի 29-ին հայտարարել է ՀՀ տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծառայության գնման մրցույթ, որի նախնական հայտերն ընդունվել են մինչև սույն թվականի սեպտեմբերի 18-ը, իսկ բուն մրցույթը նախատեսվում է անցկացնել 2 փուլով: http://mtcit.am/pages.php?lang=1&id=7097&page_name=news

Կառավարության ծրագրով նախատեսվում է խթանել հայկական ՏՏ, ՏՀՏ, բարձր տեխնոլոգիական արտադրանքի մրցունակ բրենդի ձևավորմանը և ապահովել միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող արտադրանքի պատշաճ ներկայացմանը: Այս ուղղությամբ տեղի են ունեցել հետևյալ զարգացումները.

· Հունիսի 21-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որի ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերի 15-ին Սոֆիայում կայանալիք «Startup Summit»-ին ներկայացվածության շուրջ, որին կմասնակցեն նաև հայկական ստարտափներ։ http://mtcit.am/pages.php?lang=1&id=7030&page_name=news

· ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Google» ընկերության ներկայացուցիչների միջև դեռևս նախորդ տարվանից ընթացող բանակցությունների արդյունքում վերջապես Հայաստանում գրանցված ընկերությունները հնարավորություն ստացան «Google Play»-ում վճարովի հավելվածներ տեղադրել և դրանցից ստանալ եկամուտներ: Սա շատ կարևոր ձեռքբերում է, քանի որ մինչ այդ Հայաստանն ընդգրկված չէր Google-ի կողմից թույլատրված երկրների ցանկում, որի պատճառով հայ ծրագրավորողները ստիպված էին այլ երկրներում բացել «Developer account» և հարկ վճարել այդ երկրներում ստացված վաճառքների դիմաց: Այս խոչընդոտի վերացման արդյունքում միջազգային շուկայում կաճի Հայաստանում արտադրված մոբայլ հավելվածների թիվը: http://mtcit.am/pages.php?lang=1&id=7084&page_name=news

· Հոկտեմբերի 5-7 Երևանում անցկացվել է 14-րդ ամենամյա Դիջիթեք տեխնոլոգիական ցուցահնդեսը, որն ունեցել է 70-80 հազար այցելու՝ այդ թվում պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից: Ցուցահանդեսին մասնակցել են առաջատար տեղական և միջազգային կազմակերպություններ: Դիջիթեքն անցկացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից, վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ պլատինե հովանավորն է Յուքոմ ընկերությունը: «ԴիջիԹեք 2018»-ի պատվավոր հյուրերի թվում են եղել «Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի» (WITSA) նախագահ Իվոն Չունը և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթը, ինչպես նաև WITSA տնօրենների խորհրդի անդամներ՝ շուրջ 40 երկրներից: «ԴիջիԹեք 2018»-ին պաշտոնապես հայտարարվեց նաև WCIT 2019-ի (այն անցկացվելու է Հայաստանում) հետհաշվարկը:

· Հոկտեմբերի 5-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայիս նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ընդունել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կոլեգիայի անդամ, նախարար Կարինե Մինասյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ ծրագրերում հայկական կազմակերպությունների ներգրավման հնարավոր տարբերակների առաջիկա քննարկման շուրջ: http://mtcit.am/pages.php?lang=1&id=7134&page_name=news

· Հոկտեմբերի 9-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպանին: Հանդիպման ընթացքում Կարևորվել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հերթական համաժողովում մեր երկրի ներկայացված լինելու անհրաժեշտությունը: Ինչպես նաև անդրադարձել են տեխնոլոգիական բուհերի  հետ համատեղ կրթական և գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու հեռանկարներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են 5G-ն և կիսահաղորդչային տեխնոլոգիաները: http://mtcit.am/pages.php?lang=1&id=7141&page_name=news

· Հոկտեմբերի 23-ին «Եվրասիական շաբաթ» 3-րդ միջազգային ֆորումի շրջանակներում Երևանում անցկացվեց «Թվային կոնսորցիումներ. ԵԱՏՄ-ի բարձր տեխնոլոգիական բիզնեսի հնարավորությունների միավորում» թեմայով քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին ԵՏՀ պատվիրակությունը, ԵՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, Բելառուսի, Ղազախստանի, Սինգապուրի նախարարներ, ԵԱՏՄ անդամ-պետություններից բարձր տեխնոլոգիական բիզնեսի ներկայացուցիչներ: Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: http://mtcit.am/pages.php?lang=1&id=7159&page_name=news

Կառավարության ծրագրով նախատեսվում է նաև նպաստել վերազգային ՏՏ, ՏՀՏ, բարձր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը Հայաստան: Այդ առթիվ կառավարությունը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների դեսպանների, խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ ՏՏ ոլորտում համագործակցության նպատակով: Մասնավորապես.

· Հուլիսի 3-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տիեզերական տարածության շուրջ հետազոտման և խաղաղ նպատակով օգտագործմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ուղղությունները։ http://mtcit.am/pages.php?lang=1&id=7037&page_name=news

· Հունիսի 12-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում ՏՏ ոլորտում համագործակցության առումով ԵՀ ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսը է նշել է նոր՝ ուսանողների համար նախատեսված «Թումո» կենտրոնի սեղծման ծրագրի մասին, որը նաև կհամագործակցի բիսնես սեկտորի հետ: http://mtcit.am/pages.php?lang=1&id=7018&page_name=news

· Օգոստոսի 15-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Աշոտ Հակոբյանը ընդունել է «Я - предприниматель» ձեռնարկության զարգացման ֆոնդի ներկայացուցիչներին: Վերջիններս ներկայացրել են իրենց «World WiFi» նախագիծը, որի էությունն անվճար իմնտերնետ հասանելիությունն է ամբողջ աշխարհում: Նախկին նախարարը խոստացավ հարցը քննարկել տեղական օպերատորների հետ` մրցակցության առումով հնարավոր ռիսկերը հասկանալու համար: http://mtcit.am/pages.php?lang=1&id=7086&page_name=news

· Հոկտեմբերի 9-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայիս նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հանդիպել է «RIPE NCC» արտաքին հարաբերությունների կառավարիչ Քրիս Բակրիջի ու Կովկասի և Կենտրոնական Ասիայի մասով արտաքին հարաբերությունների տնօրեն Վահան Հովսեփյանի հետ։ Կողմերը քննարկել են  Հայաստանում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների, ինտերնետի զարգացման, նաև տարածաշրջանային համագործակցության մի շարք հնարավորությունները։

http://mtcit.am/pages.php?lang=1&id=7140&page_name=news

· Հոկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Հայաստան է ժամանել Միջազգային հեռահաղորդակցության միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոն` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում անցկացվող տնտեսական ֆորումին։ http://mtcit.am/pages.php?lang=1&id=7144&page_name=news

· Հոկտեմբերի 19-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Նիդերլանդների թագավորության դեսպանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ գործակցության հնարավորությունները: http://mtcit.am/pages.php?lang=1&id=7151&page_name=news

· Հոկտեմբերի 22-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս» («Synergy International Systems») ընկերության հայաստանյան մասնաճյուղ։ Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները, կառավարության կողմից իրականացվելիք այն քայլերը, որոնք որոնք կարող են նպաստել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների արգընթաց աճին և զարգացմանը: http://mtcit.am/pages.php?lang=1&id=7155&page_name=news

· Հոկտեմբերի 30-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Salesforce ամերիկյան ընկերության ներկայացուցչին: Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատարը նշել է, որ թեև Հայաստանում հիմնվում են մեծ թվով ընկերություններ, դրանք ֆինանսավորող 3 վենչուրային ընկերություններ, սակայն դա չի կարգավորվում: Ուստի նոր կառավարության նպատակն է ստեղծել կոորդինացիա։

«Հետհեղափոխական» շրջանում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից լրամշակվել և վարչապետի աշխատակազմ է ներկայացվել ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու օրենքի նախագիծ, որը նոյեմբերի 22-ին հավանության արժանացավ կառավարության կողմից : http://mtcit.am/pages.php?lang=1&id=7109&page_name=news

Դեռևս նախորդ կառավարության կողմից 2014 թ.-ին ընդունվել էր «Տեղեկատվական տեխնոլոգաիների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որով մինչև 2017 թ. դեկտեմբերի 1-ը ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին 5 տարի ժամկետով տրամադրվում էր հարկային արտոնություններ՝ շահութահարկի 0% և եկամտային հարկի 10% դրույքաչափերի կիրառման տեսքով: Նշված օրենքը էականորեն նպաստել էր ոլորտի աճին: Օրինակ մինչև օրենքի ընդունումը՝ 2014թ. ՏՏ ոլորտում ստեղծվել էր 16 նոր ընկերություն, ընդունվելուց հետ՝ 2015թ. ՏՏ ոլորտում ստեղծվեց 56 նոր ընկերություն, որի արդյունքում ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը 2015-ին հասավ 450-ի: 2017թ. ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը հասել է 650-ի և միայն 2017թ.-ին հարկային արտոնություններից օգտվել է 281 կազմակերպություն: Օրենքի ակնհայտ դրական ազդեցության պահպանման համար դեռևս 2017-ի դեկտեմբերին վերոնշյալ օրենքում մշակված փոփոխությունների նախագծով նախատեսվում էր արտոնությունների տրմադրման ժամկետը երկարաձգել մինչև 2019թ դեկտեմբերի 1-ը: Նոր կառավարության օրոք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից մշակվեց վերոնշյալ օրենքի փոփոխությունների նոր նախագիծ (այն դեռ գտնվում է քննարկման փուլում), որով նախատեսվում է պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներին ավելացնել Էլեկտրոնային համակարգերի նախագծումը, թեստավորումը և արտադրությունը, համակարգչային գրաֆիկայի և խաղերի ստեղծումը, ինչպես նաև ինտեգրալային սխեմաների նախագծումը և թեստավորումը: Նախագծում տրվել է նաև ՏՏ ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր համարվելու նախապայմանը, այն է՝ շրջանառության առնվազն 70%-ը պետք է ձևավորված լինի տվյալ օրենքով սահմանված պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներից: ՏՏ ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր է համարվում նաև տվյալ օրենքով սահմանված հավաստագրման համար դիմելու իրավունք ունեցող կամ հավաստագրված տնտեսվարող սուբյեկտը: Օրենքի նոր նախագծով հավաստագրման համար դիմելու իրավունք է տրվել նաև հավաստագրման դիմելու պահից առնվազն 5 տարի առաջ օտարերկրյա պետություններում գրանցված և այդ ընթացքում համապատասխան բնագավառում գործունեություն ծավալած իրավաբանական անձանց կողմից ՀՀ-ում հիմնադրված և պետական գրանցում ստացած դուստր ընկերություններին: 2014թ.-ի օրենքով դուստր ձեռնարկությունների նկատմամբ հարկային արտոնությունները չէին տարածվում, սակայն 2017 դեկտեմբերի օրենքի նախագիծը ևս այս տարրը ներառում էր: Դուստր ընկերություններին հարկային արտոնությունից օգտվելու իրավունք տալը կնպաստի այս ոլորտում օտարերկրյա ներդրումների ներհոսքին: Օրենքի նախագծում նաև նշվում է, որ հավաստագրի տրամադրման դիմումների ընդունման վերջին ժամկետ սահմանվում է 2022թ. դեկտեմբերի 1-ը (2014-ին ընդունված օրենքում վերջնաժամկետ սահմանվում էր 2017թ. դեկտեմբերի 1-ը, իսկ 2017-ի դեկտեմբերին ներկայացված նախագծում 2019թ. դեկտեմբերի 1-ը), իսկ տրամադրվող հարկային արտոնությունները 2018թ. փետրվարից հետո հավաստագիր ստացածների համար գործելու է ոչ թե 5 տարի ժամկետով, ինչպես նախկինում էր, այլ մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը: Այսպիսով, օրենքի փոփոխությունների նոր նախագծով մի կողմից երկարացվում է հավաստագրի համար դիմումներ ընդունելու ժամկետը, ինչը թույլ կտա արտոնություններից օգտվել ավելի մեծ թվով ընկերությունների, մյուս կողմից կրճատվում է հավաստագիր ստացած ընկերությունների կողմից հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածը: